«Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է. Ալիև
«Ներկայում Զանգելանի (Կովսական) շրջանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում»։ Այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով.
«Դրանց թվում ուզում եմ նշել տրանսպորտային ենթակառուցվածքը, որը «Զանգեզուրի միջանցքի» մասն է կազմում: Զանգելանի միջազգային օդանավակայանը շահագործման կհանձնվի այս տարի»։
Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ օդանավակայանը շատ մեծ գործառույթներ է ունենալու. «Մենք Զանգելանը տեսնում ենք՝ որպես ապագայում միջազգային տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն։ Դա կապահովեն տարածքի աշխարհագրական դիրքը, միջազգային շուկաներին մոտ լինելը և այլ գործոններ: Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա այն արդեն իրականություն է։ Ե՛վ երկաթգիծը, և՛ Զանգելանի շրջանի տարածքով անցնող մայրուղին ոչ միայն կկապեն Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև կդառնան միջազգային բեռնափոխադրումների նոր երթուղի։ Հետևաբար՝ նախկին ներքին տեղահանվածների հարմարության համար մենք արագորեն կառուցում ենք չորս և վեց գոտիներով ճանապարհ։ Այս ճանապարհի փուլային շահագործումը կսկսվի հաջորդ տարի»,- ասել է Ալիևը։