«Միջազգային որևէ կառույցի կողմից չկա ակնարկ, որ Արցախի կարգավիճակը պետք է իջեցվի. Փաշինյանի համար միջազգային հանրությունն առաջին հերթին Թուրքիան է». Գառնիկ Դավթյան
Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, թե միջազգային հանրությունն իրենից պահանջում է, որպեսզի իջեցնի Արցախի կարգավիճակը՝ Հայաստանի և Արցախի շուրջ կոնսոլիդացիա ապահովելու համար։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը հաջորդեց Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությունը, որով իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները միաձայն ընդգծեցին, որ Արցախի համար անընդունելի են համարում որևէ այլ կարգավիճակ, բացի ինքնորոշումից։
Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարությամբ ի՞նչ հաղթաթուղթ դրեց Ալիևի ձեռքում, բանակցություններում այս հայտարարությունները որքանո՞վ կարող են վնասել հայկական կողմին։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն անդրադառնալով այս հարցերին՝ նախ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները նորություն չեն։ Առհասարակ Փաշինյանն ինչ ասում է Արցախի, բանակցային գործընթացի և ընդհանրապես Արցախի ապագայի վերաբերյալ, բոլորը Ադրբեջանը վերցնում և օգտագործում է։
«Այդ հայտարարությունները ներկայացնում են այն երանգներով, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանում իրենց ամենասիրելի հայ քաղաքական գործիչն է։ Մոտավորապես կան նաև այնպիսի մեկնաբանություններ, որ իրենք են Փաշինյանին նշանակել, այդ մեկնաբանություններն ուղեկցվում են նրա ծաղրանկարներով։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նրանք թարգամում են ռուսերեն, պատրաստում տեսանյութեր և տարածում տարբեր հարթակներում, և ոչ միայն՝ Նիկոլ Փաշինյանի, այլև՝ նրա վարչախմբի ներկայացուցիչների հայտարարությունները։
Ներկայիս իրավիճակում Ադրբեջանն իր ընկալումներում գտնվում է երանելի կարգավիճակում, որովհետև իր գոյության 100 տարվա ընթացքում երբևէ ռազմական ու քաղաքական առումով չի ունեցել այնպիսի բարենպաստ դիրքեր, ինչ ունի այժմ։ Պատճառն այն է, որ Հայաստանում այսօր գործում է թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանություն։ Նրանք չունեն հայ տղամարդուն բնորոշ, նաև պետական և ազգային շահերին սպասարկող քաղաքական գործչի կերպար, նրանք ամբողջովին ենթարկվում են թուրք-ադրբեջանական արտաքին քաղաքական օրակարգին»,- նշեց Գառնիկ Դավթյանը։
Ըստ փորձագետի, Ադրբեջանը ռազմական առումով հայտնվել է բարենպաստ դիրքերում, քանի որ Հայաստանի ղեկավարը զիջումների գնաց Սյունիքի մարզի արևելյան, հարավ-արևելյան հատվածներում՝ Ներքին Հանդի հատվածում, որի վերաբերյալ հանրությունն իմացավ մեկ տարի անց։
Հայաստանի իշխանության կողմից Արցախից հրաժարվելը և Արցախի խնդրի մասին չխոսելը բերում է նրան, որ Ադրբեջանը շարունակում է իր օկուպացիան և նշաձողն ավելի է բարձրացնում՝ հայտարարելով, որ Սյունիքը, Սևանը, Երևանն «իրենց պատմական հողերն են»։ Այսինքն՝ ռազմական առումով Ադրբեջանը նոր տարածքներ օկուպացնելու նկրտումներ ունի և նոր թեզեր է մշակում իր հասարակության շրջանում։
«Ստացվում է, որ Ադրբեջանը վերջին 100 տարվա ընթացքում քաղաքական և ռազմական բնագավառներում ունի գերակայություն և դա օգտագործելով՝ Հայաստանի ղեկավարության ձեռամբ երկիրը տանում է պետականազրկման ուղղությամբ։
Բազմիցս եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ստախոսության «չեմպիոն» է, աշխարհում չկա մեկը, որը կկարողանա ստախոսության մեջ հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Նրա հայտարարությունները բանակցային գործընթացի, Արցախի, ռուս խաղաղապահների և այլնի վերաբերյալ իրական օրինակներ են, որ նա ամեն ինչ ստում է։ Հետևաբար՝ հարց է առաջանում՝ ով է Նիկոլ Փաշինյանի համար միջազգային հանրությունը։ Անձամբ միջազգային որևէ կառույցի, դրանց ղեկավարների կողմից չեմ տեսել հայտարարություն կամ ակնարկ, որ Արցախի կարգավիճակը պետք է իջեցվի։ Հետևելով Նիկոլ Փաշինյանի գործողությունների ու հայտարարությունների տրամաբանությանը, կարող եմ հիմնավոր կասկածներ ունենալ, որ նրա համար միջազգային հանրությունն առաջին հերթին Թուրքիան է, որովհետև Հարավային Կովկասում կա ուժերի բալանսի փոփոխություն, և Թուրքիան այդտեղ կարևոր դերակատարություն ունի։
Այսինքն՝ Ն. Փաշինյանը կարող է կատարել Թուրքիայի պահանջը, որովհետև լավ գիտենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում ընկած է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, եթե վերջին հարաբերությունները չկարգավորի, ապա չի կարգավորվի նաև հայ-թուրքական հարաբերությունները։ Թուրքիան բացահայտ հայտարարել է, որ իրենց հարաբերությունները Հայաստանի հետ համակարգում են ադրբեջանցի իրենց գործընկերների հետ»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է Մինսկի խմբին և Ալիևի հայտարարություններին, թե Մինսկի խումբ այլևս գոյություն չունի, Գառնիկ Դավթյանը նկատեց՝ եթե իրավական տեսակետից դիտարկի հարցը, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է ճանաչվել առոչինչ, եթե այդ խմբից որևէ մեկը պաշտոնապես դուրս գա կամ ՄԱԿ-ի մանդատից հրաժարվելու որոշում լինի։
«Հռետորական հարց եմ տալիս՝ եթե ըստ Ալիևի՝ Մինսկի խումբն այլևս գոյություն չունի, ապա Ադրբեջանն ինչո՞ւ առաջին քայլը չի անում և դուրս չի գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից։ Ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ, Մինսկի խումբն անընդհատ համատեղ հայտարարություններով բերում էր ակտիվացման որոշակի փուլի, սակայն հայկական կողմից չկար համապատասխան ջանքեր, որպեսզի այն ակտիվանա։ Ավելի քան համոզված եմ, որ Մինսկի խումբը կազմալուծված չէ, պարզապես որոշ ժամանակ նա կորցրել է իր ակտիվությունն ու դերակատարությունը։ Հետագայում այն կակտիվանա՞, թե՞ ոչ՝ կախված է Արևմուտքի հետ Ռուսաստանի հետ առճակատման ելքից»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։