Եթե 20-30 կայանատեղի լիներ, կարող էին վերգետնյա անցումների փոխարեն՝ ստորգետնյա տրամադրել. Որտե՞ղ են տեղադրվելու էլեկտրամոբիլային լցակայանները
Ապրիլի 18-ին՝ Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնել է, որ «Էկոքարս» ընկերության կողմից մայրաքաղաքում ապօրինի տեղադրված էլեկտրամոբիլային լցակայանները, որոնք ապամոնտաժվել էին, կտեղադրվեն այլ վայրերում: «Ճիշտ կլինի, որպեսզի դրանք տեղադրվեն փակ տարածքներում, օրինակ` Օպերայի գետնանցումում»,- նշեց Սարգսյանը:
Հանձնարարվել է շահագրգիռ կողմերի հետ քննարկել և առաջարկել այնպիսի վայրեր, որոնք և՛ հասանելի, և՛ հարմարավետ կլինեն վարորդների համար:
Ընկերության համահիմնադիր Հայկ Հարությունյանի կարծիքով՝ փոփոխության արդյունքում որոշակի դժվարություններ են առաջանալու:
«Ինչքանո՞վ է հարմար ամեն անգամ ստորգետնյա անցում մտնել, լիցքավորել: Ստորգետնյա անցումն էլ վճարովի է: Շատ քիչ քանակի մարդկանց հարմար կլինի: Ավելին, եթե 20-30 կայանատեղի լիներ, կարող էին վերգետնյա անցումների փոխարեն՝ ստորգետնյա տրամադրել, բայց ընդամենը մեկ ստորգետնյա կանգառ կա: Վաղը մեծ քանակով էլեկտրամոբիլներ են լինելու քաղաքում, հիմա քաղաքապետարանը կամ նպաստում է, որ դրանք շուտ լինեն, օդը մաքրվի, կամ չի նպաստում: Հատկացված տարածքը հարմար է, բայց քիչ է: Եթե Երևանում Telcell-ի ապարատ երկու հատ դնեին, հարմար կլինե՞ր»,- մեզ հետ զրույցում նշեց «Էկոքարս»-ի համահիմնադիրը:
Նրա փոխանցմամբ՝ դեռևս ոչ մի գործընթաց չկա, սպասում են կոնկրետ քայլերի:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին քաղաքապետարանի առևտրի վարչության հրամանով «ԷկոՔարս» ՍՊԸ-ի Երևանի կենտրոնում գտնվող էլեկտրական լիցքավորման կայաններն ապամոնտաժվել էին, իսկ հետո 168.am-ի հետ զրույցում Երևանի Քաղաքապետարանի լրատվության վարչությունից պարզաբանել էին, որ քաղաքացին Էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ տեղադրելու թույլտվություն չի ունեցել:
«Վերջինիս կողմից, ըստ էության, դրսևորվել է ինքնիրավչություն: Նշված հասցեներում լիցքավորման կայանները տեղադրվել են կամայական սկզբունքով, տվյալ քաղաքացու անձնական նախաձեռնությամբ՝ առանց հաշվի առնելու ընթացակարգով սահմանված քաղաքաշինական պահանջների և այլ չափորոշիչների ապահովման անհրաժեշտությունը»,- նշել էին Քաղաքապետարանի լրատվության վարչությունից: