Հանուն իշխանության՝ Փաշինյանը կկատարի այդ պատմական առաքելությունը, ու դրա վրա խաղադրույքներ են անում Մոսկվան ու աշխարհը. նա փախչելու տեղ չունի․ Դուբնով

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ աշխարհաքաղաքական «կրքերի» ֆոնին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը ՌԴ՝ համեմված այցից առաջ ու հետո ԵՄ-ի հետ ակտիվ շփումներով ապրիլի 6-ի եռակողմ պայմանավորվածությունների իրագործման մոտիվներով:

Մինչ ՌԴ մեկնելը Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ, իսկ այցից հետո սպասվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցը Երևան, ով այս օրերին իր ղեկավարած պատվիրակությամբ Բաքվում էր, բանակցություններ էր վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և ով զբաղվում է հակամարտության եվրոպական միջնորդության համակարգման գործընթացով:

Վերադառնալով պաշտոնական այցին ՌԴ՝ ամենակարևորը, թերևս, Փաշինյան-Պուտին բանակցությունների արդյունքում տարածված 30 կետանոց հայտարարությունն էր, որն անդրադառնում էր թե՛ երկկողմ հարաբերությունների փաստաթղթային բազային, երկկողմ հարաբերությունները խորացնելու պատրաստակամությանը, թե՛ մի շարք երկրների կողմից սահմանափակող միջոցառումներին, թե՛ կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցությանը: Հայտարարությամբ անդրադարձ է կատարվել նաև ՀԱՊԿ-ի առանցքային դերակատարությանը, ինտեգրացիոն գործընթացների ակտիվացմանը: Կողմերը նաև մտահոգություն են հայտնել այս փաստաթղթով միջազգային իրադրության բարդացման առնչությամբ: Երկկողմ բանակցությունների օրակարգից, բնականաբար, 24-րդ կետով չի վրիպել Հարավային Կովկասում իրավիճակը:

«Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում»,- ասված է հայտարարության մեջ:

Կողմերն ամրագրել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցը՝ Ադրբեջանի, Հայաստանի և ՌԴ-ի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ: Ռուսաստանյան կողմը պատրաստակամություն է հայտնում մասնակցել ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում՝ ՀՀ Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում: Կողմերը պայմանավորվել են նաև արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ ՌԴ խորհրդատվական աջակցությամբ: Ընդհանուր առմամբ հայտարարության վերջին 6 կետերը միմիայն տարածաշրջանային թեմատիկային է առնչվում՝ 3+3 ձևաչափ, Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան եռակողմ փոխգործակցության ակտիվացում ՌԴ հովանու ներքո, սահմանազատում՝ ՌԴ հովանու ներքո, ապաշրջափակում՝ ՌԴ հովանու ներքո: Փաստաթղթում որևէ խոսք չկա,, այսպես կոչված, բրյուսելյան օրակարգի՝ Խաղաղության համաձայնագրի նախապատրաստման, ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների, ԼՂ կարգավիճակի մասին: Փաստաթուղթն ընդհանուր առմամբ լիովին համապատասխանում էր ռուսական շահերին՝ աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում, անտեսում՝ հայկական շահերը:

Ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով թե հայ-ռուսական վերջին բանակցություններին, թե հակամարտության կարգավորման գործընթացում աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքավորմանը, Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի հարցում առաջ քաշած թեզերին, «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ բանակցություններում, ստորագրված հայտարարության կետերում որևէ սենսացիա չկար, ամրագրվեց հայտարարությամբ այն, ինչ արդեն գոյություն ուներ թե՛ հայ-ռուսական փաստաթղթերում, թե՛ եռակողմ հայտարարության տեքստերում:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի պահվածքն ընդհանուր առմամբ Մոսկվային ստիպում է մի փոքր ավելի խիստ դիրքորոշում գրավել Ադրբեջանի հանդեպ, որը, նրա որակմամբ, սկզբունքային որևէ փոփոխության չի հանգեցնի հակամարտության գոտում: Սակայն, վերլուծաբանի համոզմամբ, ՌԴ-ն որոշակի աջակցություն է ցույց տալիս Փաշինյանին, սակայն այնքան աջակցություն, որպեսզի դա չխանգարի Ադրբեջան-ՌԴ հարաբերություններին: Իսկ ինչո՞ւ է Մոսկվան աջակցում Փաշինյանին…
Նա նախ նշեց, որ ընդհանուր առմամբ աշխարհաքաղաքական իրավիճակը ռեգիոնի շուրջ բարդ է, սակայն պետք չէ չափազանցնել ուկրաինական պատերազմի ազդեցությունը տարածաշրջանի վրա:

Պարզապես, Դուբնովի կարծիքով, Ադրբեջանն իր ճնշումներով հասկացնում է, որ ուկրաինական ճակատում օգտվում է ՌԴ-ի խնդիրներից, սակայն նման էսկալացիաներ եղել են մինչ պատերազմը ևս: «Չնայած Անկարա-Մոսկվա, ԵՄ-Մոսկվա հարթություններում մի շարք հակասություններ կան, կա այս հարաբերությունների ազդեցությունը մի շարք ուղղությունների վրա, բայց Ղարաբաղյան ճակատի վրա ազդեցությունը որոշիչ չէ: Ես չէի խոսի լուրջ տարաձայնությունների մասին Մոսկվա-ԵՄ դաշտում հակամարտության կարգավորման հարցի շուրջ, չեմ կարծում, որ անտագոնիզմ կա, կա դերերի բաշխում, աշխատանքի բաշխում, կան գործառույթներ, որոնք իրականացնում է ԵՄ-ն, կան գործառույթներ, որոնք իրականացնում է ՌԴ-ն, ամեն ինչ ընթանում է կառուցողական, և այս հայտարարությունը դա ցույց տվեց»,- ասաց Դուբնովը:

Վերլուծաբանն այն կարծիքին է, որ Փաշինյանի հայտնի ելույթի միջազգային հանրությանը պետք չէ տարանջատել, քանի որ գործ ունենք ընդհանուր մոտեցման հետ:

«Եվ Մոսկվան, Բրյուսելը, Փարիզը, Վաշինգտոնը հասկացնում են, որ կոմպրոմիս է հարկավոր: Պատերազմից հետո դա ուժեղացել է: Ե՛վ Ռուսաստանը, և՛ Արևմուտքն ասում են միևնույն բանը, դա կոնսոլիդացված դիրքորոշում է, Արևմուտքը հասկացնում է, որ Հայաստանի ժամանակը չունի, կան տարածաշրջանային և ավելի կարևոր հարցեր: Այդ ուղերձը հասցվում է Երևանին, սա շատ բարդ խաղի մի բաղադրիչ է, գործի դրված խաղացողները շատ են, իրավիճակը դինամիկ է, իսկ նպատակը, տակտիկան և տեխնոլոգիան կարող է փոխվել՝ կախված նրանից, թե ինչ է տեղի ունենում այլ ռեգիոններում, այդ թվում՝ Ուկրաինայում, Մոսկվա-Անկարա հարաբերություններում, Մոսկվա-Բաքու հարաբերություններում կան շատ հանգամանքներ: Հասկանալի է, որ Երևանը կցանկանար երկարաձգել ժամանակը: Կարծում եմ՝ դա քննարկվել է Մոսկվայում, գուցե եղել է գլխավոր հարցերից մեկը: Փաշինյանին պետք է որ հետաքրքրի, թե էլ ի՞նչ եղանակներով կարելի է ժամանակ ձգել, և այդ հարցում որքանո՞վ կարելի է հույսեր կապել Մոսկվայի հետ:

Կարծում եմ՝ Մոսկվան պետք է որ այդ գաղափարին հասկանալով վերաբերվի, քանի որ Մոսկվան ևս պատրաստ չէ որոշումներ ընդունել ներկայումս, և մինչ ուկրաինական պատերազմը նա ուներ հստակ նպատակային գործառույթներ, պարզ էր, որ հարկավոր էր արագ լուծել խաղաղություն-պատերազմ հարցը և սկսել ստանալ իրական օգուտներ ապաշրջափակումից և տրանսպորտային նոր հանգույցներից: Ներկայումս Մոսկվան նույնիսկ դրա և Ղարաբաղի ժամանակը չունի, ուստի Մոսկվան առանձնապես շտապելու առիթ չունի: Կարծում եմ՝ սա քննարկված թեմաներից մեկն է»,- ասաց Դուբնովը:

Ինչպես շատերը Հայաստանում, նա ևս տպավորություն ունի, թե Փաշինյանը շտապում է Արցախի հարցով: «Որքան էլ ինձ տհաճ է խոսել այդ մասին, ընդհանուր առմամբ իրավիճակը Ղարաբաղի շուրջ բավականին բարդ է, և ավելի ազնիվ կլիներ մարդկանց նախապատրաստել նրան, որ առջևում ավելի բարդ է լինելու, և պետք է ինչ–որ կերպ լուծել և չարթնանալ մի առավոտ ու տեսնել՝ ինչ-որ վատ բան է տեղի ունեցել Ստեփանակերտում»,- ակնարկեց նա:

Դիտարկմանը, թե արցախահայությունը կարո՞ղ է ապրել Ադրբեջանի կազմում, Դուբնովը պատասխանեց, որ ներկայիս իրավիճակում համակեցություն պատկերացնելն անհնար է: Բայց բարի կամքի դեպքում, նրա խոսքով, Բաքուն ու Երևանը կարող էին այնպես անել, որպեսզի այդ անհնարինությունը ճակատագրական չլինի, բայց Բաքվում ու Երևանում չկա այդ բարի կամքը, ցանկությունը՝ լուծել հարցը մարդկային եղանակով:

Խոսելով մանևրի և դիվանագիտական հնարավորությունների մասին՝ Դուբնովն ասաց, որ միայն երկարաձգման հնարավորություն է տեսնում, քանի որ չկան ուժային կենտրոններ, որոնց շուրջ կարելի է մանևրել, չկա այն ուժը, ում միջոցով կարելի է դա անել:

«Միջազգային հանրությունը չի հասկանում իրավունքի հարցը, հասկանում է տարածքային ամբողջականության սկզբունքը, միջազգային հանրությունը միայն այդ կատեգորիայով է մտածում, փաստարկների տեսանկյունից Հայաստանի դիրքորոշումը չի ընկալվում»,- ասաց Դուբնովը՝ հիմնավոր չպատասխանելով հարցին, թե ինչու ՀՀ իշխանությունների բառապաշարում ընդհանրապես չի նկատվում ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքը՝ որպես սկզբունք, և ինչու միջազգային հանրության համար դա ընկալելի չէ:

Հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մնում իշխանության նման բարդ իրավիճակում՝ պատրաստ լինելով հակամարտությունը տանել ամենածանր ելքի, Դուբնովը պատասխանեց, որ Փաշինյանը մնում է իշխանության, քանի որ նա սիրում է իշխանությունը:

«Նա ունի իշխանության բնական ձգտում, որը չկա նրա ընդդիմախոսների մոտ: Կա հետսովետական մի տեսակ, մարդ, որը շատ է սիրում իշխանություն՝ Լուկաշենկո, Սահակաշվիլի, այդպիսին է Փաշինյանը, նրանցից բացի, երկրում ոչ ոք չի ցանկանում իշխանություն այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Դա պետք է ընդունել, ՀՀ-ում չկան մարդիկ, ովքեր իշխանություն են ցանկանում այնպես, ինչպես Փաշինյանը: Գուցե ես սխալվեմ, բայց նրան ընդդիմախոս եմ համարում ոչ թե Քոչարյանին ու Սարգսյանին, այլ Էդմոն Մարուքյանին, իշխանության ձգտումը նկատի ունեմ, գիտեմ, որ նշանակվել է Փաշինյանի կողմից»,- ասաց Դուբնովը:

Նրա կարծիքով, Փաշինյանը Մոսկվայի և աշխարհի համար նշանակություն ունի՝ սա այն մարդն է, ով պատմական դեր է կատարում Հայաստանում: «Նիկոլ Փաշինյանը, ով չունի խորը քաղաքական սկզբունքներ, մարդ, ում համար կարևոր է իշխանությունը, ու հանուն այդ իշխանության նա կկատարի այդ պատմական առաքելությունը, ու դրա վրա խաղադրույքներ են անում Մոսկվան ու աշխարհը: Նրան է վստահված երկիրն ազատել միֆերից ու կարծրատիպերից, և իրողություններից ելնելով՝ տհաճ, անցանկալի որոշումներ կայացնել: Սա շատ բարդ է, փորձել է դա անել Լևոն Տեր-Պետրոսյանը, սա երկրորդ փորձն է, տրագիկոմեդիկ է, որ սա պետք է անի Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Դուբնովը:

Իհարկե, Մոսկվան, նրա խոսքով, չի ելնում պատմական առաքելությունից:

«Մոսկվային պետք է լուծել Ղարաբաղի հարցը, որպեսզի արդեն ակտիվ զբաղվի Հայաստանի հարավով ու Իրանի հյուսիսով, այդ հաբով, Մոսկվայի համար այդ պատմությունը, այդ պաթոսը կարևոր չէ, իր համար կան հստակ, ընկալելի, առարկայական երևույթներ: Իհարկե, այս կոնտեքստում կարևոր է Փաշինյանը, քանի որ ռեսուրս է ներդրված՝ նրանում ներդրվել է բավականին շատ հեղափոխական ու քաղաքական ռեսուրս: Փաշինյանի հետ հնարավոր է սա անել, նա փախչելու տեղ չունի, իսկ ցանկացած նոր գործիչ, փոփոխություն ենթադրում է տեղում դոփել, ժամանակ կորցնել, իսկ Փաշինյանի հետ ամեն ինչ ընթանում է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս