ՀՀ-ն ու ՌԴ-ն ունեն էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտները համատեղ զարգացնելու ինտենսիվ պլան. Փաշինյան
Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը լավ առիթ է վերլուծելու համագործակցության անցած ճանապարհը, նախանշելու առաջիկա անելիքները: Այս մասին նշեց պաշտոնական այցով ՌԴ-ում գնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ բավական հագեցած օրակարգով է ՌԴ-ում: Այցի շրջանակում արդեն անցկացրել է արդյունավետ բանակցություններ: Մասնավորապես, նա առանձնացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որի ընթացքում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ, քննարկել են միջպետական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է և առևտրատնտեսական ցուցանիշները աճ են արձանագրում: Նա կարևորեց ինչպես երկկողմ ձևաչափով արդյունավետ համագործակցությունը, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում:
«Էներգետիկայի ոլորտում ունենք բավական հարուստ փորձ, ունենք ինտեսիվ պլան այդ ոլորտը համատեղ զարգացնելու համար: Տրանսպորտի և այլ ոլորտներում ևս կոնկրետ ծրագրեր կան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ միջկառավարական խորհուրդը դառնա հիմնական այն հարթակը, որտեղ կիրականացվեն էկոնոմիկայի, էներգետիկայի և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ երկու երկրների նախարարությունները բավական լավ համագործակցում են:
ՀՀ վարչապետի խոսքով, այս ժամանակներում ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, բայց կան նաև հնարավորություններ, որոնք պետք է օգտագործել՝ գտնելով նոր լուծումներ: