Բաժիններ՝

60-70 տոննա ավազով բարձված բեռնատարները քանդել են ասֆալտը, ջրի խողովակն էլ տրաքել է. գյուղացիները ճանապարհ են փակել

Նոր Արմավիր և Նալբանդյան գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ին՝ ի նշան բողոքի, փակել են գյուղերն Արմավիրին կապող ճանապարհը, այսօր ևս շարունակում են ակցիան՝ պահանջելով հարցն այնպես լուծել, որպեսզի 60-70 տոննա ավազով բարձված բեռնատարները չանցնեն նոր վերանորոգված ճանապարհով կամ դադարեն նման ձևով երթևեկել ու չփչացնեն ասֆալտը:

«Մի քանի օր առաջ բեռնատարը Նալբանդյան գյուղում ավերեց ջրագիծը, ու 6 օր է՝ ջուրն անխնա հոսում է, առաջացել է մոտ 3-4 մետր խորությամբ հսկայական ջրափոս: 2 օր առաջ հեծանիվով երեխան ընկավ հսկայական ջրափոսը, ու հրաշքով փրկեցինք: Բեռնատարների համար դաշտամիջյան ճանապարհ են տվել, բայց գյուղի միջով են գնում ամբողջ գիշեր, ճանապարհը քանդվել է, ջրի խողովակն էլ լրիվ տրաքացրել են: Ավտոն լրիվ ասֆալտը քանդում է: Այսօր սպասվում է քննարկում մարզպետարանի ներկայացուցիչների հետ»,- մեզ հետ զրույցում նշեցին գյուղի բնակիչները:

Ավելի վաղ գրել էինք, որ Մեծամոր խոշորացված համայնքի Նալբանդյան գյուղի բնակիչներն ահազանգում են՝ խողովակների վնասվածության պատճառով գյուղում խմելու ջրի որակը վատացել է:

Նալբանդյան գյուղի համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Ամեն տարի էլ այդպես է: Մեր գծերը չուգունից են, միշտ էլ ճաքել, ջարդվել, փտել են, սարքել ենք՝ աշխատել է: Խոշորացված համայնքն արդեն հարցը կարող է լուծել, քանի որ հնարավորությունները մեծ են: 22 տեղ տրաքել է, տեղյակ է խոշորացված համայնքը: Առաջիկա 1-2 օրը գալու են՝ սկսեն գործը»:

Մեծամորի համայնքապետարանի լրատվական բաժնից Գառնիկ Մկրտչյանն էլ մեզ փոխանցեց, որ խնդրի մասին տեղյակ են, պարզապես ընթացակարգը բավականին երկար է:

«Հարցի լուծումն ընթացքի մեջ է: Համայնքը նոր է ձևավորվել, դեկտեմբերին է եղել խոշորացումը, որոշ չափով գործ արվում է, որոշները նախատեսում ենք անել: Գույքագրում ենք, որպեսզի հասկանանք, թե որտեղ ինչ խնդիր կա»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս