Սպորտը նորից ապրելու միջոց է. պարասնոուբորդի մրցաշարի հաղթողը նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս
Հաշմանդամություն ունեցող անձանց համար սպորտը նորից ապրելու, կյանքը շարունակելու միջոց է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մենք միասին ենք. Սպորտ-2022» ռուսական Պարալիմպիկ խաղերի պարասնոուբորդի հաղթող Լուսինե Կարապետյանը:
«Ռուսական այդ Պարալիմպիկ խաղերին մասնակցում էին 5 երկրների ներկայացուցիչներ, Հայաստանն այդ խաղերում նվաճեց մեկ ոսկե մեդալ: Ես պարասնոուբորդում զբաղեցրեցի առաջին հորիզոնականը»,-ասաց Կարապետյանը:
Վերջինս շեշտեց, որ մարզումները և աշխատանքի համատեղումը դժվար գործընթաց է, սակայն ոչ աշխատանքային օրերը հիմնականում մարզումներին է տրամադրում:
«Հայաստանում պարալիմպիկ մարզիկների համար չկան այնքան լավ պայմաններ, որոնք առկա են մյուս երկրներում: Այժմ նոր ֆեդերացիա բացելու փորձ ենք կատարում, ասել է թե ձմեռային մարզաձևերի` լեռնադահուկի և սնոուբորդի թիմ: Մեր օրինակով փորձում ենք ցույց տալ, որ սպորտը միջոց է նորից ապրելու, կյանքի շարունակելու»,-առանձնացրեց նա:
Կարապետյան խոսքով` այժմ աշխատանքներ են տարվում պարալիմպիկ թիմը մեծացնելու ուղղությամբ, և դրանում ներգրավված կլինեն նաև Արցախյան 44 օրյա պատերազմին մասնակցած և հաշմանդամության կարգ ունեցողները: Թիմը սերտորեն համագործակցում է նաև Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի հետ:
Կարապետյանն արդեն 6 տարի է, ինչ աշխատում է IDeA հիմնադրամում: Նա մոտ 30 տարի է, ինչ զբաղվում է պարալեռնադահուկով, իսկ վերջին երեք տարին` պարասնոուբորդով: Միևնույն ժամանակ իր ուժերն է փորձում սեղանի թենիսում: