Բաժիններ՝

Ինչպիսի՞ տնտեսական «ձեռքբերումներով» է Կառավարությունն ամփոփել 2021 թվականը. Մաս-1

Օրերս Ազգային ժողովում ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցը։ Տնտեսական ուղղության մասով ծավալուն զեկույցն անդրադառնում է անցած տարվա ընթացքում Կառավարության կողմից տնտեսության բարելավմանն ուղղված աշխատանքներին, գրանցված արդյունքներին։

Հոդվածաշարի այս հատվածում ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Կառավարության 2021 թվականի կատարողականի զեկույցում տեղ գտած կետերի մի մասը, որոնց շուրջ Կառավարության կողմից տրված արձանագրումները տարակուսանքի առիթ են տալիս։

1. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում

Կառավարության ծրագրի համաձայն՝ կառավարության աշխատանքների թիվ մեկ թիրախը պետք է լիներ տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնումը։ Այսպես, ծրագրի 2021թ. կատարման զեկույցում նշվում է, որ հաստատվել է Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը, որն իր մեջ ներառում է նպատակային 12 միջոցառում։ Իրականում, սակայն, նշյալ 12 միջոցառում պարունակող ծրագրի արդյունքները ոչ մի տեղ ներկայացված չեն։

Կատարման զեկույցում խոսվում է այն մասին, որ 2021թ.-ի սկզբին ավարտին է հասցվել եվրապարտատոմսերի աննախադեպ (750 մլն ԱՄՆ դոլար) ծավալով թողարկումն ու տեղաբաշխումը՝ սուվերեն բոլոր թողարկումների մեջ ամենացածր եկամտաբերությամբ (տոկոսով)։ Զեկույցում, սակայն, չի նշվում, որ իրականում եվրապարտատոմսերի թողարկումը մեծացրել է պարտքը, իսկ իրական ՀՆԱ-ն չի վերականգնվել և չի հասել 2019թ. մակարդակին։

Իրական ՀՆԱ-ի ինդեքսը,

2019թ. = 100

2Տնտեսական աճ

Կառավարության զեկույցի համաձայն, իրականացված տնտեսական քաղաքականության արդյունքում 2021թ. համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 5.7%, տարեսկզբին կանխատեսված 3.2%-ի, 2020 թվականի 7.4% նվազման և 2019 թվականի 7.6% աճի համեմատ: Սակայն պետք է հիշել, որ կառավարության անդամները 2021 թվականի համար հանդես էին գալիս երկնիշ տնտեսական աճի խոստումներով։ Արձանագրված տնտեսական աճը բավարար չի եղել նույնիսկ 2019թ. մակարդակին վերադառնալու համար։ Եթե ուսումնասիրենք իրական ՀՆԱ-ի ինդեքսը ՀՀ-ում և տարածաշրջանի երկրներում, կտեսնենք, որ Հայաստանը զիջում է իր տեղը նշված բոլոր երկրների շարքում, բացառությամբ Ղրղըզստանի։

Իրական ՀՆԱ-ի ինդեքսը ՀՀ-ում և տարածաշրջանի երկրներում,

2019թ. = 100

3 ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը` 7%, իսկ բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում` 9%

Մինչև 2026 թվականը Կառավարությունը թիրախավորում է ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը` 7%, իսկ բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում` 9%։ Սակայն 2021թ. արդեն իսկ հնարավոր չի եղել ապահովել այս թիրախը, այն դեպքում, երբ համեմատվող տարին՝ 2020 թվականը, ճգնաժամային տարի էր: 2021թ. հարաբերականորեն առկա էին նաև բարենպաստ արտաքին տնտեսական պայմանները (չկային արտաքին տնտեսական շոկեր), հետևաբար՝ անհրաժեշտ էր ապահովել 9% աճ, կամ տարեսկզբին խոստացվածի չափ՝ երկնիշ աճ: Ի դեպ, 2022թ. սպասվող բացասական շոկերի պայմաններում նույնպես հնարավոր չի լինի ապահովել 7% աճ:

4 Ներդրումներ

Կառավարության կողմից ներկայացված 2021թ․ կատարողականի զեկույցում ներկայացվել են ինչպես օտարերկրյա ներդրումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ՝ համեմատելով դրանք 2020 և 2019 թվականների հետ, այնպես էլ՝ կառավարության կողմից իրականացված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն: Այսպես, զեկույցում ասվում է, որ 2021թ. հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների զուտ հոսքի ծավալը կազմել է 162,2 մլրդ դրամ, իսկ ուղղակի ներդրումներինը՝ 88 մլրդ դրամ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի 13,8 մլրդ և – 43,2 մլրդ դրամի, 2019 թվականի 98,4 մլրդ և – 18,6 մլրդ դրամի համեմատ: Ինչպես նաև 2021թ. 20 ներդրումային ծրագրին տրամադրվել է մաքսատուրքից ազատման արտոնություն։

Իրականում, սակայն, հիմնական միջոցների համախառն կուտակում ցուցանիշը, որն իրենից ներկայացնում է տնտեսությունում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը (և տեղական, և օտարերկրյա ներդրողների կողմից), 2019թ. համեմատ նվազել է ավելի քան 1.6%-ով։

5 Ներդրում/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել առնվազն 25%-ի և ապահովել օտարերկրյա ուղղակի ներդրումներ/ՀՆԱ 6% հարաբերակցություն

Այս դեպքում պետք է նշել, որ ներդրումների կշիռը ՀՆԱ-ում 2021թ. աճել է 0.7 տոկոսային կետով՝ թիրախի համար անհրաժեշտ 1.7 տոկոսային կետի փոխարեն։ Հայտնի է, որ 2020թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների կշիռը ՀՆԱ-ում կազմել է 0.6%:

6 Պարտք

Պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ, համաձայն Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի, նվազել է շուրջ 3.2 տոկոսային կետով և հասել 60.3%-ի։ Զեկույցում նշվում է նաև, որ բարելավվել է պարտքի կառուցվածքը՝ դրամային պարտքի կշիռը կանխատեսվող 27.9%-ի փոխարեն հասել է 28.8%-ի: Սակայն պարտքի ծավալը, իրականում, էականորեն աճել է, որի զգալի մասն օգտագործվել է ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար: Պարտք/ՀՆԱ-ի նվազման հիմնական գործոնները եղել են փոխարժեքի արժևորումը և անվանական ՀՆԱ-ի աճը:

Շարունակելի…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս