Բաժիններ՝

Տնտեսական մարդու ձախողումը

Աշխարհում տեղի ունեցող զարգացումները շատ կարևոր ուղերձներ են պարունակում հատկապես կրթության ոլորտի համար։ Վերջին տարիներին տեսակետներ էին հնչում, որ մեծ պատերազմներ այլևս չեն լինի, քանի որ սմարթ հեռախոսները, ապրանքային ֆետիշիզմը, տուրիզմը մարդկանց դարձնելու են ավելի խաղաղասեր՝ շեղելով միջմշակութային բախումներից։ Այս տեսակետները հիմնվում էին այն թեզի վրա, որ հասարակական կյանքում ամենակարևոր բանը տնտեսությունն է։ Ու քանի որ այսօրվա մարդիկ շատ ավելի բարեկեցիկ են ապրում, քան իրենց նախնիները, ապա դժվար թե մարդիկ ուզենան վտանգել իրենց բարեկեցությունը՝ պատերազմներ սանձազերծելով։

Ի դեպ, նմանատիպ սխալ կանխատեսում արվել է նաև առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ Այն ժամանակ էլ կարծիք էր հնչել, որ դժվար թե բուրժուազիան ցանկանա պատերազմի մեջ ներքաշվել։ Բայց 20-րդ դարում մեկի փոխարեն՝ երկու համաշխարհային պատերազմ եղավ։

Այսօրվա համաշխարհային ճգնաժամը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ միայն տնտեսականի մասին մտածելով՝ մենք չենք կարող ունենալ ավելի լավ աշխարհ։ Համախառն ներքին արդյունքի վրա կենտրոնանալը, կրթությունը սոսկ որպես գործատուների համար կադրերի պատրաստում դիտարկելը, ամեն ինչում շահույթ փնտրելը չեն կարող հաջողություն բերել։ Միջազգային վերջին զարգացումները ցույց տվեցին, որ տնտեսությունից շատ ավելի կարևոր բաներ կան։ Եվ այդ կարևոր բաներն արժեքներն են։

Տնտեսական առաջընթացը մարդկությանը մեծ հնարավորություններ է տվել։ Ավելի մեծ թվով մարդիկ են այսօր ճանապարհորդում, ավելի մեծ թվով մարդիկ են մեքենաներ վարում, համակարգիչներ ու սմարթֆոններ օգտագործում։ Էապես բարելավվել են ծառայությունները, դրանց արագությունը, որակը, հասանելիությունը։ Բայց պարզվում է՝ այս ամենը չեն բավարարում մարդկանց, քանի որ մարդը միայն նյութականով չի բավարարվում։

Պատմության հանճարեղ գրողներից մեկը՝ Այզեկ Ազիմովը, մի առիթով ասել է, որ գիտությունը շատ ավելի արագ տեմպերով է գիտելիք կուտակում, քան հասարակությունը՝ իմաստություն։ Ցավոք, վերջին տասնամյակներում իմաստության հետ կապված գործունեության տեսակները մղվեցին հետին պլան։ Խոսքը վերաբերում է գրականությանը, փիլիսոփայությանը, արվեստին, մտածողությանը, արժեքներին։

Գործունեության այս տեսակները մղվեցին երկրորդ պլան, քանի որ դրանք բավարար շահութաբեր չեն։ Այսօր Հայաստանի դպրոցներում սովորող աշակերտներ կան, որոնք չեն ուզում համալսարան գնալ, քանի որ արդեն մեծ գումարներ են վաստակում։ Մի քանի տարի առաջ դպրոցի 10-րդ դասարանում սովորող աշակերտը խոստովանեց, որ ինքն ամսական 250-300 հազար գումար է վաստակում և իմաստ չի տեսնում համալսարան գնալու։ Այսինքն՝ այսօր համալսարանը դիտարկվում է միայն ինստրումենտալ գիտելիքի տեսանկյունից։ Եթե փող աշխատելու գործիքը գտել ես, էլ ինչո՞ւ գնաս համալսարան։ Անտեսվում է այն հանգամանքը, որ համալսարանը միայն փող աշխատել սովորեցնելու տեղ չէ, այլ սոցիալական միջավայր է, որում դու հնարավորություն ես ստանում զարգանալու, արժեքային համակարգ ձևավորելու։

Ամենևին չեմ կարծում, որ Հայաստանի համալսարաններն ապահովում են այդպիսի միջավայր։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ բոլորը համալսարանների մասին խոսելիս՝ միայն կարևորում են գործատուների համար աշխատող պատրաստելու հանգամանքը։ Հայաստանում իրականացվող ծրագրերը հիմնականում սևեռված են մասնագիտական կողմնորոշման, համալսարան-գործատու հարաբերություններին։

Տասնամյակներ շարունակ հասարակագետները (օրինակ՝ ֆրանսիացի սոցիոլոգ Պիեռ Բորդյուն) զգուշացնում էին, որ տնտեսականի ֆետիշացումը վտանգավոր է, որ մարդու զարգացումն ավելի ամբողջական բնույթ պիտի կրի։ Բայց Տնտեսական մարդու (Homo Economicus) կոնցեպտը շարունակեց գերիշխող մնալ։ Եվ այսօր մենք ունենք աշխարհ, որում շատ մեծ են անհավասարությունները։ Թեև մարդիկ ավելի լավ են ապրում նախկինի համեմատ, բայց շատ ավելի մեծ են դարձել մարդկանց կենսամակարդակների տարբերությունները։ Այդ մասին տարիներ առաջ գրեց ֆրանսիացի տնտեսագետ Թոմաս Պիկետին՝ իր «Կապիտալը 21-րդ դարում» աշխատության մեջ։

Այսօր աշխարհում ստեղծված իրավիճակից մենք մի կարևոր հետևություն պիտի անենք։ Մարդկանց մեջ շատ ավելի խորն են նստած ինքնությունը, արժեքները, քան մեզ թվում է։ Երբ մարդկանց, հասարակությունների ինքնությունը վտանգվում է, ապա նրանք այլևս չեն նայում, թե ինչ տնտեսական հետևանքներ կարող են լինել։

Կրթության ոլորտում մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք արժեքային բաղադրիչին։ Բարեկեցությունը չպետք է ընկալվի՝ միայն որպես նյութական բարեկեցություն։ Բարեկեցություն պետք է նշանակի՝ ցանկությունների սահմանափակում, դրանց կառավարում։ Շատ ունենալու մոլուցքը միշտ բերելու է անհավասարությունների, պատերազմների։ Եվ այդ պատերազմները շատ ավելի կործանարար են լինելու, քանի որ օգտագործելու են գիտության նորագույն ձեռքբերումները։

Արժեքների վրա կենտրոնանալը մեզ պետք է, քանի որ ժամանակակից աշխարհում սոցիալական ցանցերն ամբողջությամբ կազմաքանդում են մարդկանց կապող թելերը։ Մեծ թափ է ստանում անտագոնիզմը։ Մասնագետներն արդեն խոսում են այն մասին, որ մենք թևակոխել ենք Բաբելոնյան աշտարակաշինության փուլ, երբ ամենը մեկը խոսում է իր լեզվով, և մարդիկ իրար չեն հասկանում։ Հասարակությունը պառակտվում է՝ վատ օրինակ դառնալով կրթական համակարգի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս