Կատարի պատվիրակությունը քննարկել է Դամասկոսում թռիչքների վերականգնման հարցը
Կատարի ազգային Qatar Airways ավիաընկերության պատվիրակությունը Սիրիայի նոր իշխանությունների հետ քննարկել է միջազգային չվերթների վերականգնման, օդանավակայանի անվտանգության ապահովման և անձնակազմի վերապատրաստման հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ Կատարի ավիափոխադրողի ներկայացուցիչներն անդրադարձել են Դամասկոսի միջազգային օդանավակայանի անվտանգությանը և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործում Դոհայի աջակցությանը, ինչպես նաև Դամասկոսի օդանավակայանում և հսկիչ աշտարակներում վերգետնյա նավիգացիոն սարքերի մշակման հնարավորությանը։
Դեկտեմբերի 23-ին Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմեդ ալ-Խուլեյֆիի գլխավորած պատվիրակությունը Դամասկոս է ժամանել Qatar Airways ավիաընկերության ինքնաթիռով, որն առաջին անգամ վայրէջք է կատարել Դամասկոսի օդանավակայանում հանրապետության ղեկավարության փոփոխությունից հետո։ Ինչպես Ալ-Խուլեյֆիի հետ բանակցություններից հետո ասել է Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ ալ Շարաան, Դոհան իր պատրաստակամությունն է հայտնել խոշոր ներդրումներ ուղղել Սիրիայի էներգետիկ ոլորտի, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքների և օդանավակայանների զարգացմանը։
Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, ինչի հետևանքով Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաժարական է տվել և լքել երկիրը։