
7/24 ռեժիմով մարդկանց տեսահսկելու օրենսդրական փաթեթն ընդհանրապես հանվել է շրջանառությունից

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օրակարգից հանվել է (նախագծերը դուրս են բերվել շրջանառությունից և այլևս չեն քննարկվելու այդ տրամաբանությամբ) հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը:
Ի պատասխան ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունների, որ ՆԳՆ-ի կողմից օրենսդրական նախաձեռնություն է մշակվել այս թեմայով, հայտնում ենք, որ նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել ոչ թե ՆԳՆ-ի կողմից, այլ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից:
Նախորդ նախագծի քննարկումների շրջանակներում առաջ էր քաշվել մոտեցում, որը շահագրգիռ մի շարք կողմերի կողմից ընդունելի էր համարվել, համաձայն որի՝ ՆԳՆ-ին տրվի ՏԻՄ-երի և պետական մարմինների տեսահսկման համակարգին հասանելիություն:
ՆԳ նախարարությունը պատրաստակամություն է հայտնում նոր նախաձեռնության շրջանակում նախագծով հետաքրքրված բոլոր սուբյեկտների հետ կազմակերպելու հանդիպում-քննարկում` ընթացքը փոխհամաձայնեցված տարբերակով իրականացնելու նպատակով: