Զուրաբիշվիլին մտադիր է համապատասխան խորհուրդ ստեղծել նոր խորհրդարանական ընտրությունների համար

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է խորհուրդ ստեղծել, որը կկազմակերպի նոր խորհրդարանական ընտրություններ, եթե իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը չհամաձայնի դրանք անցկացնել։ Այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է իր տեսաուղերձում:

Վրաստանի նախագահի խոսքով՝ ինքը սպասում է իշխող կուսակցության ղեկավարության համաձայնությանը նոր ընտրությունների ժամկետների շուրջ, որոնք, նրա կարծիքով, քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքն են։

Ընտրությունների ժամկետը համաձայնեցնելու համար, ըստ նրա, «Վրացական երազանքը» ժամանակ ունի մինչև դեկտեմբերի 29-ը, այսինքն՝ մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը։

Միաժամանակ նա նշել է, որ մտադիր է մնալ երկրի նախագահ՝ չնայած ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությանը, որը նախատեսված է դեկտեմբերի 29-ին։

«Այս ժամանակաշրջանը տնօրինելու համար ստեղծվելու է խորհուրդ: Նրա մանդատը լինելու է նոր ընտրությունների նախապատրաստումը: Արդեն մշակվում է և հավանաբար վաղը պատրաստ կլինի փաստաթուղթ, որ կորոշի բոլոր նվազագույն պայմանները, որպեսզի ընտրություններն անցկացվեն շատ շուտ»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ավելի վաղ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն զգուշացրել էր Զուրաբիշվիլիին, որ նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելը նրա համար քրեական պատասխանատվության կառաջացնի։

Տեսանյութեր

Լրահոս