Սիսիանում քիչ առաջ բարձրացվեց Արցախի դրոշը

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում քիչ առաջ Հայաստանի Հանրապետական և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների անդամների, ինչպես նաև՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ բարձրացվեց Արցախի դրոշը:

«Այսօվա խորհուրդը, ինչպես ՀՀ մյուս տարածքներում, այնպես էլ՝ Սիսիանում, Արցախի դրոշի բարձրացումն է: Այսինքն՝ սատար կանգնենք Արցախին: Ի սկզբանե մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր պետության, կամ պետական, զորամասային մարտական դրոշը պատվի, արժանապատվության, փառքի խորհրդանիշ է և այն անցած ճանապարհի, որ միասնական տարել ենք մեր ողջ պատմության ընթացքում, հասել հաղթանակների»,- Սիսիանում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, առկա անվտանգային խնդիրներով պայմանավորված, հրաժարվել էին մասնակցել հերթական քառօրյայի նիստերին:

«Մենք մեկնում ենք Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր»,- հայտարարել էին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Ընդդիմադիր պատգամավորներն Արցախի դրոշներ էին տեղադրել իրենց աշխատասեղաններին և ԱԺ ամբիոնին:

Հիշեցնենք, ապրիլի 5-ի ընդդիմության հանրահավաքից հետո խորհրդանշական ակցիաներ մեկնարկեցին. քաղաքացիներն Արցախի Հանրապետության դրոշները սկսեցին տեղադրել Երևանում ու մարզերում:

Տեսանյութեր

Լրահոս