Քարագլխի ամենաբարձր կետը գրավելու խնդիր Ադրբեջանի զինված ուժերը չեն ունեցել. այլ նպատակներ ունեն

Ապրիլի 1-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի հերթական նիստում հայտարարել էր, որ Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը հայկական վերահսկողության տակ է, սակայն որոշ կարևոր բարձունքներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ:

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը՝ ներկայացնելով Փառուխ գյուղի և Քարագլխի շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակն ապրիլի 5-ի դրությամբ, պնդել է, որ Քարագլխի ամենաբարձր կետը (1258.2 մ) գրավելու խնդիր Ադրբեջանի զինված ուժերը չեն ունեցել, քանի որ իրենց հսկողության տակ գտնվող բարձունքները, հատկապես դրանցից երկուսը՝ 1145 մ և 1050.8 մ, «փակում» են այն, և, որ այդ կարևոր բարձունքները թույլ են տալիս իրենց վիզուալ և կրակային վերահսկողություն սահմանել Խնապատից մինչև Ասկերան և ոչ միայն: Այսինքն, ադրբեջանական կողմն իր համար անվտանգության գոտու հարցը, ըստ էության, լուծել է:

Մարտի 31-ին Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը BakuTV-ին տված հարցազրույցում նշել է, որ Փառուխ գյուղը վերցնելը, բացի ռազմավարական, ռազմական նշանակությունից, իրենց համար նաև դիվանագիտական նշանակություն ունի:

«Դա, իհարկե, այլընտրանք չունեցող որոշում էր»,- շեշտել է Մամեդյարովը:

Այս համատեքստում Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարը նշում է, թե իբր մարտի 24-ին Փառուխ գյուղի ուղղությամբ ներխուժած ադրբեջանցի զինվորականներն ինչ-որ մնացորդներ են «հայտնաբերել», և, որ դրանք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «խոշտանգված» ադրբեջանցիներ են։

Մամեդյարովը շարունակում է, թե ստեղծել են ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորումների հնարավոր վայրերի քարտեզ, համագործակցում են Կարմիր Խաչի հետ, որը, ըստ նրա, պրոֆեսիոնալ է աշխատում:

Արցախի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունն արձագանքել էր ադրբեջանական կեղծ ապացույցներին:

«Մարտի 30-ին ադրբեջանական AZTV լրատվամիջոցի տարածած տեսանյութով, որտեղ ադրբեջանցիները ներկայացնում են հողից հանված մարդկային մնացորդներ, ադրբեջանական քարոզչամեքենան, դիմելով կեղծ ու ստոր մեթոդի, սույն փաստը ներկայացնում է իբր թե Իվանյան (ադրբեջանական կիրառմամբ՝ Խոջալլու) բնակավայրի ադրբեջանցիների զանգվածային թաղում՝ 1992թ. ռազմական գործողությունների հետևանքով: Այնինչ իրականությունն այլ է, մասնավորապես՝

1. Թեև ադրբեջանական կողմը վաղուց դիմում է զեղծարարության և հայկական կողմին մեղադրում Իվանյան գյուղում ադրբեջանցիների զանգվածային սպանության մեջ, սակայն բազմաթիվ անառարկելի ապացույցներ կան, որ Արցախի զինված ուժերը ռազմական գործողություններից առաջ ու ընթացքում հումանիտար միջանցք են տրամադրել քաղաքացիական բնակչությանը, և այդ կոտորածը տեղի է ունեցել հենց ադրբեջանական ընդդիմության զինյալների կողմից՝ իրենց վերահսկողության տակ գտնվող Ակնայի (ադրբեջանական կիրառմամբ՝ Աղդամի) մատույցներում: Նրանք նպատակ ունեին այդ կոտորածն Ադրբեջանում օգտագործել՝ որպես իշխանափոխության հիմք, որի մասին խոստովանել է նաև Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը: Ավելի մանրամասն ապացույցները՝ այստեղ.

2. Ելնելով մեր ունեցած բավարար տեսագրական, աշխարհագրական ու մշակութաբանական տվյալների վերլուծությունից՝ միանշանակ է, որ նշված կադրերը Փառուխի «Կալեն խութ» կոչվող, 9-12րդ դարերով թվագրվող հայկական գերեզմանոցից են: Հետևաբար, ներկայացվող ոսկորները հայկական հին գերեզմանոցի աճյունների ոսկորներն են:

ա) Տեղանքը ճանաչող փորձագետներն ու Փառուխի բնակիչները հստակորեն արձանագրում են, որ տեսանյութը «Կալեն խութ» գերեզմանոցում է նկարահանված:

բ) Մշակութաբանների ու հնագետների առաջին հայացքն անգամ բավարար է արձանագրելու, որ տեսանյութում ներկայացվող մարդկային գանգերը հայերին բնորոշ արմենոիդ մարդաբանական տիպի բրախոկեֆալ (կլորագլուխ) կառուցվածք ունեն, այնինչ Ադրբեջանի բնակչությունն ունի կասպիական մարդաբանական տիպի գանգի դոլիխոկեֆալ (երկարագլուխ) կառուցվածք:

գ) Ներկայացվող բոլոր ոսկորները ողորկ են, ինչը հնագիտական առումով նշանակում է, որ դրանք չեն կարող 30 տարվա հնության լինել, այլ՝ դարերի, իսկ ադրբեջանական բնակչության քոչվոր նախնիները Արցախի այս հատվածներ ներխուժել են միայն 18-19-րդ դարերում:

3. Ավելին, ադրբեջանական քարոզչամեքենան այնքան անհիմն ու կեղծ փաստարկ է կիրառում, որ կարելի է նաև արձանագրել, որ Իվանյան (ադրբեջանական կիրառմամբ՝ Խոջալլու) գյուղը Փառուխից գտնվում է առնվազն 17 կիլոմետր հեռավորության վրա (քարտեզը կցվում է), և հասկանալի է, որ Իվանյանում տեղի ունեցած ռազմական գործողությունները չէին կարող Փառուխի հետ որևէ առնչություն ունենալ»,- նշված է Արցախի ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ապացույցներ են բերվում, որ Ադրբեջանն ինքն է ոչնչացնում Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը:

Հավելենք, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի վերադարձվեց հայրենիք:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմը պետք է Ադրբեջանին տեղեկություններ փոխանցի Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորականների և քաղաքացիական անձանց հուղարկավորման ենթադրյալ վայրերի մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իլհամ Ալիևն առաջին պատերազմի ժամանակ իրենց անհայտ կորածների հարցը բարձրացրել է Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի հետ հեռավար հանդիպման ժամանակ:

Հայկական կողմը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պարտավորվել է աջակցություն ցուցաբերել այս հարցում, ինչն արժանացել է Ֆրանսիայի նախագահի հավանությանը:

Ալիևից առաջ Փաշինյանի կուսակից՝ ՔՊ-ական պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է այս մասին խոսել, մասնավորապես, 2021-ի դեկտեմբերին 21-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, նա հետևյալ առաջարկն էր արել.

«Ուզում եմ հարց տալ պարոն Ալիևին ու ադրբեջանական ժողովրդին: 1994-ի գարնանը՝ պատերազմի արդեն վերջին ժամանակաշրջանում, իրենք տասնյակ, հարյուրավոր զոհեր թողեցին ու փախան: Մենք այդ հարյուրավոր զոհերի դիակները թաղել ենք: Եվ եթե այդ դիակները հանկարծակի իրենց հետաքրքրում է, հերոս նախագահ է, թող ասի՝ այդ դիակները ուզում եմ վերադարձնել իմ ժողովրդին: Եթե իրենք ցանկություն կունենան վերադարձնել, ես այդ թաղած տեղերը հատ-հատ քարտեզով ցույց կտամ, թե որտեղ ենք թաղել հարյուրավոր զոհերին: Կտանք, թող իրենք տանեն իրենց զոհերին վերահուղարկավորեն: 1994-ին իրենք հազարներով դիակներ թողեցին ու փախան, իսկ մենք այդ դիակները կարողացանք հավաքել, մոտ երկու ամիս այդ դիակները հավաքել ենք ու կազմակերպել հուղարկավորությունը»:

Փոխարենը՝ Փաշինյանը և իր թիմը երբևէ չեն խոսում Արցախյան առաջին պատերազմում հայկական կողմի անհայտ կորածների մասին: Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ այդ թիվը 800 է: Այս ցուցակը ներառում է և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինվորականներին:

Սեյրան Օհանյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ որոնողական ակտիվ աշխատանք էր տարվում, անգամ սկսել էին անհայտ կորածների հարազատներից ԴՆԹ նմուշներ վերցնել, գործընթացին մասնակից էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը: Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այս գործընթացը դադարեցվեց:

Խոսելով Փառուխի գյուղը գրավելու ռազմավարական նշանակությունից, Էլմար Մամեդյարովը նշել է, որ Փառուխ գյուղը, կարևոր բարձունքներն ադրբեջանական հսկողության տակ են, և այն իր շարունակությունն ունենալու է:

«Կարևորը ոչ թե պրոցեսն է, այլ արդյունքը, իսկ արդյունք մենք ունենք՝ Փառուխ գյուղը, բարձունքները, ռազմավարական նշանակության բարձունքը թույլ է տալիս վերահսկել առավել մեծ տարածք: Եվ սա շարունակվելու է»,- շեշտել է ադրբեջանցի նախկին պաշտոնյան՝ Էլմար Մամեդյարովը, և պատասխանելով հարցին՝ ռուս խաղաղապահները 5 տարվա ժամկետը լրանալուց հետո դո՞ւրս են գալու, ասել է՝ կարող են և մեկ ամսից դուրս գալ, դա տքնաջան աշխատանք է պահանջում:

Ի դեպ, շատ հնարավոր է, որ Ադրբեջանը նպատակ է ունեցել առաջանալ և վերցնել Իվանյանը (Խոջալու), զուգահեռ հասնել Նախիջևանիկի բարձունքին: Որոշ մասնագետների կարծիքով, հատկապես Նախիջևանիկի բարձունքին հասնելու փորձեր դեռ կլինեն:

Իսկ մենք շարունակում ենք խոսել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից, Ադրբեջանի նախկին արտգործնախարարն ասում է՝ Փաշինյանը այլ տարբերակ չունի, քանի որ հասել է մի հանգրվանի, որ եթե հրաժարվի՝ կստիպեն, այդ թվում՝ Թուրքիան և Ռուսաստանը:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարեց, որ Բրյուսելում, որտեղ հանդիպել է Ալիևին, Փառուխի դեպքերին անդրադարձ եղել է, բայց այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի:

«Նաև պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցն ավելի շատ պիտի քննարկվի Ռուսաստանի Դաշնության գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք: Այս թեմայով մեր դիրքորոշումը հրապարակել եմ: Ըստ այդմ՝ մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար»,- շարունակել է Փաշինյանը:

Նշենք, որ Փառուխի դեպքերին հանգեցրել է զորքերի հայելային հետքաշման մասին որոշումը, կամ՝ եռակողմ գործարքը, որի մասին մինչև այս դեպքերը լռում էին և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի իշխանությունները:

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր.

«Երբ Խրամորթում խնդիրներ եղան, ռուսական կողմն առաջարկեց, որ այդտեղից և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը հանի դիրքերը, և ոչ մի խնդիր չի լինի: Եկել են այդ համաձայնության»:

Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ խոսքը թվով 4 դիրքերի մասին է:

Տեսանյութեր

Լրահոս