Փաշինյանը կրակի հետ է խաղում. Վահե Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում, այսօր առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Բրյուսելում կայացել է նաև Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, իսկ Բրյուսել մեկնելուց առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով այս հանդիպման ու առհասարակ Արցախի ու Հայաստանի շուրջ սպասվող զարգացումների մասին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը կարծիք հայտնեց՝ Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմից առաջ է ընկել ու բավարարում է այդ տանդեմի կողմից իր առաջ դրված ոչ հայանպաստ բոլոր պահանջները, ուստի, արդեն իսկ տեսանելի է՝ այս իշխանությունը եվրոպական կառույցների միջնորդությամբ գնում է Ռուսաստանի ազդեցությունն այս տարածաշրջանում բացառելու ճանապարհով՝ հիմքում դնելով օր առաջ իր համար բեռ համարվող Արցախից ազատվելու հարցը։

«Ուստի այս իշխանությունը չի՛ գնա Արցախի անկախության ճանաչման, որովհետև դրանով կխառնի թուրք-ադրբեջանական պահանջները, միևնույն ժամանակ՝ այս իշխանությունը չի կատարում Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտականությունը, ուստի արցախցին այսօր այլընտրանք չունի. կա՛մ ստիպված է մտնել Ադրբեջանի կազմ, ինչին են միտված ՀՀ իշխանության բոլոր քայլերը, կա՛մ հանրաքվեով պետք է միանա այն երկրին, որի խաղաղապահները կանգնած են իր սահմաններին՝ Ռուսաստանին։

Իրադարձություններն ընթանում են կայծակնային արագությամբ, իսկ այս Կառավարությունը Ռուսաստանին դուրս է մղում բանակցային բոլոր հարթակներից»,- ասաց Հակոբյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի վերաբերյալ տվել է իր համաձայնությունն ու այն լրացումներով ուղարկել Մինսկի խմբի համանախագահությանը, ինչից հետո Փաշինյանը մեկնել է Բրյուսել։

Ըստ Հակոբյանի՝ արդյունքում ստացվում է՝ երեք համանախագահներից երկուսը՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, մասնակցում են բանակցային գործընթացի, որից դուրս է մնում Ռուսաստանը։

«Հետևաբար, եթե թուրք-ադրբեջանական տանդեմը հասնի իր նպատակին, այն է՝ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, այդ դեպքում ռուս խաղաղապահների ներկայությունն այնտեղ դառնալու է անիմաստ, ինչից հետո 102-րդ ռազմաբազան ևս դուրս կմղվի Հայաստանից։ Սա է այս իշխանության սցենարը, թեև, կարծում եմ, որ Պուտինն այս սցենարը թույլ չի տալու,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ ընդգծելով,- Նիկոլ Փաշինյանը մտել է մեծագույն ավանտյուրայի մեջ՝ չհասկանալով՝ ինչի՞ հետ գործ ունի։ Նա կրակի հետ է խաղում՝ Հայաստանի դաշնակցին փորձելով թաքնված կերպով դուրս մղել բանակցային գործընթացից»։

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը սատելիտ որոշ ուժեր խիստ քննադատության ենթարկեցին սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանին, երբ վերջինս իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց՝ եթե Հայաստանը քայլեր չանի, կկորցնի իր ինքնիշխանությունն ու կդառնա ՌԴ-ի կազմում Թաթարստանի պես պետություն, արդյո՞ք ՌԴ-ին միանալու հարցով Արցախի կողմից հանրաքվեի անցկացման գաղափարը ևս կքննադատեն, Հակոբյանը նկատեց.

«Իմ կարծիքով՝ բուռն քննադատության Արցախի հարցը նրանց կողմից չի արժանանա, այդ անտարբեր հատվածը կասի՝ տվեցինք՝ պրծանք»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս