ԿԺԴՀ-ն Հարավային Կորեային սպառնացել է միջուկային պատերազմով
Փենյանը միջուկային զենք կկիրառի, եթե Հարավային Կորեան «գնա ռազմական առճակատման»: Այդ մասին, ինչպես հաղորդում է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿՀԳ), հայտարարել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի բաժնի փոխղեկավար Կիմ Յո Չժոնը։
«Եթե Հարավային Կորեան գնա ռազմական առճակատման, մեր մարտական միջուկային ուժերն անխուսափելիորեն պետք է կատարեն իրենց պարտքը»,-գործակալությունը մեջբերում է Կիմ Յո Չժոնի խոսքը: Նա նաեւ նշել է, որ «շատ մեծ սխալ է» եղել Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի կողմից ԿԺԴՀ-ի դեմ նախազգուշական հարված հասցնելու մասին խոսելը: Ավելի վաղ Կիմ Յո Չժոնը Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սո Ուկին «աղբ» է համարել ԿԺԴՀ-ի ուղղությամբ նախազգուշական հարվածի հնարավորության մասին նրա խոսքերի համար եւ նախազգուշացրել Սեուլի համար այդպիսի հայտարարությունների ողբերգական հետեւանքների մասին:
Կիմ Չեն Ընի քույրը դատապարտել է Սո Ուկի արտահայտությունները, որն ապրիլի 1-ին հայտարարել է, թե Հարավային Կորեայի զինված ուժերը մեծ քանակությամբ եւ տարբեր տեսակի հրթիռներ ունեն, որոնք հնարավորություն ունեն Հյուսիսային Կորեայում «ճշգրիտ եւ արագ խոցել» ցանկացած թիրախ: Նախարարը հայտարարել է «ցանկացած հարձակման աղբյուրի եւ նրա հրամանատարական ու օժանդակ օբյեկտների» հարվածներ հասցնելու հնարավորության մասին՝ ԿԺԴՀ-ի կողմից հարվածի նախապատրաստում ֆիքսելու դեպքում: ՍԺո Ուկը նաեւ խոստացել է շարունակել «հակահրթիռային պաշտպանության առաջավոր բազմամակարդակ համակարգի մշակումը, որը չունի Հյուսիսը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: