«Իրավիճակին ռեալ նախաձեռնողական գնահատական տալու փոխարեն՝ նորից զբաղված ենք երկրորդական խնդիրներով». Սեյրան Օհանյան
Այսօր Ազգային ժողովը հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Նախագծի հեղինակները իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ են։
Իսկ ներկայացված օրենքի նախագծում նախ ներկայացված է նախապատմությունը, որ 2021 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում 45 համայնքներում անցկացվեցին համամասնական ընտրակարգով ավագանիների ընտրություններ: Ընդ որում, առաջին անգամ կիրարկվեցին 2020 թվականի հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-333-Ն օրենքով սահմանված կարգավորումները:
Կայացած ընտրություններից հետո, համաձայն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի՝ պետք է կայանար համայնքի ղեկավարի ընտրություն: Մի շարք համայնքներում այդ գործընթացը տարբեր պատճառներով ձգձգվեց, ինչը բացասական անդրադարձ ունեցավ, իսկ որոշ դեպքերում՝ շարունակում է ունենալ համայնքների բնականոն կյանքի և բնակչության սպասարկման վրա:
Իսկ տարբեր համայնքներում համայնքի ղեկավարի ընտրության ձգձգման կամ ավագանու գործունեությունը խաթարելու մի քանի օրինակ կարող ենք բերել՝ օրինակ, ընտրությունից հետո համայնքի ղեկավարն է կալանավորվում կամ ավագանու իշխանական և ընդդիմադիր բևեռների անդամները հաշտության չեն գալիս ղեկավարի ընտրության հարցում, և այլն:
Այդուհանդերձ, իշխանական խմբակցությունը ծագած խնդիրները լուծելու իր տարբերակն է առաջարկում՝ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը: Նույն կարգավորումը սահմանվում է նաև նախագծի անցումային դրույթներում, որպեսզի բացառվեն վերը նկարագրված իրավիճակի բացասական հետևանքները:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներով քննադատեցին իշխանությանը՝ այս պահին երկրում ստեղծված անվտանգային խնդիրները մի կողմ թողած՝ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի փոփոխության նախագիծ են քննարկում։
Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ելույթ չէր ունենա, եթե իրենց ներքին խոսակցություններն աղավաղված չներկայացներին դահլիճում։
«Իհարկե, իշխանական վակուումը լրացնելն անչափ կարևոր է։ Իմ և պարոն Ռուբինյանի խոսակցության հիմնական թեման այն է եղել, որ հենց այդ իշխանական վակուումը պետք է լրացվի, և ԱԺ-ն՝ որպես խորհրդարանական վերահսկողական, ինչով է զբաղվում, երբ այլ իրավիճակ է երկրում։ Երբ երկրի գործադիրի ղեկավարը հայտարարում է այն մտահոգությունների մասին, ըստ որի՝ լարվածությունը կարող է ավելանալ, և պատերազմական գործողություններ սկսվեն։ Նախաձեռնությունները կարևոր են, բայց դրանք պետք է լինեն ժամանակին։ Այս ժամանակահատվածում, ինչ մենք խորհրդարանում ենք, երբևիցե իշխանական խմբակցության կողմից իրադրության, անվտանգության հրատապ սահմանային խնդիրների վերաբերյալ որևէ նախաձեռնություն տեղի չի ունեցել»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Նա տեղեկացրեց, որ երեկ անձամբ է զանգահարել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին և առաջարկել անցկացնել ԱԺ խորհրդի նիստ՝ ճշտելու, թե ինչով պետք է զբաղվի ԱԺ-ն, ԱԺ խորհուրդը, և դրանից հետո որոշում ընդունեն, թե ինչ վերահսկողություն պետք է իրականացվի գործադիրի նկատմամբ։
«Պատասխանն այն է եղել, որ վարչապետը ցանկանում է գալ և ԱԺ խորհրդում ներկայացնել իրավիճակը։ Բայց իրականում առաջին հերթին մենք ինքներս պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում։ Մենք այսօր ԱԺ խորհրդի նիստում առաջարկել ենք, որպեսզի ներկայացվեն այն բոլոր փաստաթղթերը, որոնք շրջանառության մեջ են՝ անվտանգության ու արտաքին քաղաքականության վերաբերյալ, որից հետո մեր խմբակցությունը կորոշի, թե ինչ ձևաչափով պետք է հրավիրեն գործադիրի ներկայացուցիչներին։ Մենք ասել ենք, դեմ ենք Նիկոլ Փաշինյանի ներկայությանը խորհրդի նիստում, ասել ենք, որ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո, ինչն է խանգարում Փաշինյանին՝ 107 պատգամավորի ներկայությամբ ներկայացնի իրավիճակը։ Իրավիճակին ռեալ նախաձեռնողական գնահատական տալու փոխարեն՝ մենք նորից զբաղված ենք երկրորդական խնդիրներով»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։