Կապանի համայնքային մարմինների առաջարկած այլընտրանքային ճանապարհը, ըստ բանավոր հավաստիացումների, կառավարության օրակարգում է

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն օրեր առաջ անդրադարձել էր  Կառավարության կողմից Սյունիքում կառուցվող նոր ճանապարհի անվտանգային հարցերին՝ մասնավորապես տեղեկացնելով, որ Կապան-Ճակատեն ճանապարհի կառուցվող այլընտրանքը տարբեր հատվածներում գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո:

«Ընդ որում, Կապանի համայնքային մարմիններն առաջարկել են Կապան-Ճակատեն ճանապարհը կառուցել բոլորովին այլ տեղով, որը չի գտնվել ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո, բայց ստացվում է` Կառավարությունն անտեսել է այդ բոլոր առաջարկները և գերադասել լրացուցիչ ջանքեր գործադրելու փոխարեն՝ մարդկանց ճանապարհը կառուցել այնպիսի տեղանքով, որով մարդկանց անվտանգությունն ապահովված չի լինելու:

Ինքս անձամբ տեսել եմ Կապանի համայնքապետարանի առաջարկած ճանապարհը, անցել եմ այդ ճանապարհով Կապանի համայնքի ղեկավարի տեղակալների ուղեկցությամբ, այն լիարժեք հնարավոր էր կառուցել` շրջանցելով ադրբեջանական անմիջական զինված դիտարկումը, և դրանով ապահովել գոնե նվազագույն անվտանգություն»,- նշել էր Արման Թաթոյանը:

Կապանի համայնքային մարմինների առաջարկած տարբերակն անտեսելը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը պարզաբանում է շուտափույթ լուծում գտնելու հիմնավորմամբ:

«Ճանապարհը կառուցելու աշխատանքները սկսվեցին այն պահից հետո, երբ ճանապարհը փակվեց ադրբեջանցիների կողմից, դրա համար հրատապ սկսեցին ամենակարճ ճանապարհը կառուցել»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նա:

Հարցին, թե այլևս չե՞ն դիտարկելու Կապանի համայնքապետարանի առաջարկած ճանապարհը, Կապան համայնքի ղեկավարը պատախանեց. «Բանավոր կերպով ասել են, որ դեռ այդ հարցն օրակարգում է»:

Նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ համագործակցությանն անդրադառնալով՝ Գևորգ Փարսյանը նշեց, որ սկսել են համագործակցել դեռ Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի տրամաբանության շրջանակներում:

 

Տեսանյութեր

Լրահոս