ԿԺԴՀ-ն կշարունակի զարգացնել հարձակողական սպառազինությունները. Կիմ Չեն Ըն
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի զարգացնել հարձակողական սպառազինությունները: Այդ մասին, հաղորդել է «Ռյոնհափ» գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական ԶԼՄ-ները: «Մենք կշարունակենք հասնել ազգային պաշտպանության ներուժի ամրապնդման նպատակներին, ավելի հզոր հարվածային միջոցների մշակմանը մեր Ժողովրդական բանակը դրանցով հանդերձելու համար»,-ասել է նա:
Կիմ Չեն Ընը մեկնաբանությամբ հանդես է եկել գիտնականների եւ պաշտոնյաների հետ ֆոտոսեսիայի ժամանակ, որոնց շնորհիվ տեղի է ունեցել «Խվասոն-17» նոր տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձնական արձակումը, նշել է Կորեական կենտրոնական հեռագրական գործակալությունը: ԿԺԴՀ-ն մարտի 24-ին անցկացրել է տարեսկզբից ի վեր 12-րդ հրթիռային արձակումը: Փենյանը հաստատել է, որ անցկացրել է «Խվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի թեստային արձակում: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ սովորական հետագծի դեպքում հրթիռի թռիչքի հեռվությունը կարող էր կազմել 15 հազար կիլոմետր, ինչը բավարար է ԱՄՆ-ի տարածքի ցանկացած կետ հասնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: