«Դուք իրավունք չունեք ուղղակի նստել և սգալ»․ Աննա Հակոբյանը՝ որդեկորույս մայրերին

Կանանց մեկամսյակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքների կին անդամներին։ Ֆեյսբուքյան իր էջում ներկաներին նա այդպես էր ներկայացրել: Տվյալ հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանի հրապարակային խոսքն ուղղված կանանց ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի մայրիկներ, կանայք, քույրեր, հարսնացուներ, ես բոլորին եմ ուզում խոսքս ուղղել, ովքեր ունեն որդի կորցրած, ամուսին, սիրած տղա, եղբայր, պապիկ։ Ես այն, ինչ որ հիմա կասեմ, հեշտ բան չեմ ասի, բայց ես ուզում եմ, որ Դուք շատ լուրջ վերաբերվեք իմ ասածին և  խնդրում և աղաչում եմ, որ կյանքի կոչեք, հավատացեք՝ դրանից շատ բան է կախված։

Խոսքս ուղղում եմ ոչ թե այս դահլիճում  ներկա մեր մայրերին, այլ հանրապետությունում՝ Հայաստանում, Արցախի հանրապետությունում։ Ինչ եմ ես Ձեզանից խնդրում։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրդ ամեն պահի գիտակցեք, որ Դուք Հայաստանի, Արցախի կերպարն եք, Ձեզանից յուրաքանչյուրը՝  այ, որ ասում են Մայր Հայաստան, Ձեզանից յուրաքանչյուրն այդ Մայր Հայաստանն է այսօր։ Եվ ես ուզում եմ, որ Դուք Ձեզ նայեք հայելու մեջ՝ կողքից նայեք և տեսնեք, թե ինչպիսի՞ն է այդ Մայր Հայաստանը  էս պահին, ի՞նչ դեմք ունի, ի՞նչ տրամադրություն ունի, ի՞նչ ապագա ունի, ապագայի մասին ի՞նչ պատկերացում ունի, ունի՞, թե՞ չունի այդ ապագան ի վերջո։ Ես ուզում եմ, որ Դուք Ձեզ նայեք, որպես Մայր Հայաստան, որովհետև Դուք հենց Մայր Հայաստանն եք՝ Հայաստանի հավաքական կերպարը, և տեսնեք Ձեր մեջ, տեսնեք՝ դա արդյո՞ք  էն Հայաստանն է, որը ուզում եք ունենալ այսօր, այդ Հայաստանի համար կուզենայիք, որ զոհված լիներ Ձեր որդին, տեսնելով ինքներդ Ձեզ և արդյո՞ք նրանք բոլորը, ովքեր վստահաբար հետևում են մեզ, արդյո՞ք հիմա իրենք, որ նայում են, գոհ են, քաջալերում են, համարում են, որ, այո, իրենց զոհողությունը՝ ի վերջո, իրենք են կյանք տվել, մենք շարունակում ենք ապրել, բայց արդյո՞ք իրենք նայելով համարում են, որ  իրենց զոհողությունը, իրենց կյանքի գինը  էս պահին արդարացված ա։

Էստեղ ուզում եմ շատ կարևոր նշել հետևյալը՝ մահը մահ է բոլորի համար, առհասարակ դժբախտություն է, շատ կարևոր է՝ ինչպես ես արձագանքում էդ երևույթին։ Շատ մեծ կարևորություն ունի առհասարակ հավատը, ի՞նչ եք դուք մտածում, ի՞նչ ենք մենք մտածում, մահից հետո ի՞նչ ենք պատկերացնում։ Եթե Դուք պատկերացնում եք, որ կյանքը վերջացավ, ամեն ինչ ավարտվեց, ուրեմն արդարացված է նաև  մեր հավաքական մոր կերպարի  էս պահի գոյությունը, որովհետև դա նշանակում է չհավատալ  երկնային կյանքին, դա նշանակում է չհավատալ առհասարակ Հայաստանի  ապագային։

Արդեն տվել եք հայրենիքին Ձեր ամենաթանկը, բայց Դուք դեռ գործ ունեք անելու։ Ներողություն եմ խնդրում սրա համար, բայց Դուք դեռ գործ ունեք անելու, Դուք իրավունք չունեք ուղղակի նստել և սգալ, որովհետև դրանով Դուք փակում եք  մեր երկրի ճանապարհը, մեր երկրի ապագան, Ձեզանից յուրաքանչյուրի որդին կամ ամուսինը  չէր ուզենա տեսնել Ձեզ սգալիս, այսինքն՝ պետք չի, որ հիմա ծիծաղեք, դրանով Ձեր  զոհված որդու հիշատակը  կնսեմացնեք, այլ ուղիղ հակառակը՝ Ձեր որդին կուզեր, որ Դուք ծիծաղեք, ապրեք, որ իր զոհողությունը, իր կյանքի գինը իմաստ ունենար։ Պետք չի կեղծ, անառողջ իրավիճակի մեջ ապրել, չթողնել ապրել ընտանիքի անդամներին, մյուս սերունդներին, հաջորդ սերունդներին, երեխաներին, թոռներին, ամաչել ապրելուց։ Ի վերջո, եթե Դուք դա չանեք Ձեր համար, Ձեր որդու հիշատակի համար, ձեր թոռնիկի համար, Ձեր ապրող երեխայի համար, որը նույն տան մեջ Ձեր հետ ապրում է, եթե Դուք դա  չեք անում իրենց համար, անձամբ Ձեր համար, որովհետև  համարում եք, որ դա կարող է էգոիզմ դիտվել, Դուք պետք է, իմ խնդրանքն է, որ Դուք օրինակ լինեք, դա անեք հայրենիքի համար։ Հայրենիքի համար էն իմաստով, որ Դուք Մայր Հայաստանի կերպարն եք և եթե մեր Մայր Հայաստանի կերպարը՝ Դուք, լինեք այսքան թույլ, խոցված և Ձեր ողնաշարը  հավերժ կորացած լինի, հավատացեք Հայաստանը շանս չունի, շանս չունի մեր երկիրը։ Եթե Դուք Ձեր ողնաշարը չուղղեք, մեր երկրի ողնաշարը երբեք չի ուղղվի։ Սա իմ մեծագույն խնդրանքն է։

Էլի եմ ներողություն խնդրում, որ օրինակ՝  հենց Ձեր ուսերին եմ էսպիսի խնդրանք  դնում, որովհետև դա ուժ է պահանջում, դա կամք է պահանջում, դա մեծ ուժ է պահանջում, բայց հենց Դուք  պիտի ապացուցեք, որ մենք կարող ենք ունենալ էդ մեծ ուժը, որովհետև հենց Դուք եք կորցրել, հենց  Ձեր տղաներն են եղել ուժեղ, հենց Դուք պիտի դա ապացուցեք, Դուք , եթե էսօր ապացուցեցիք, բոլորը, քանի՞ հոգի, մեր առաջին պատերազմի, բոլոր-բոլոր մայրերը, եթե որպես Մայր Հայաստանի իրական կերպար ողնաշարը իրենց ուղղեցին  ու նայեցին դեպի ապագա, մեր երկիրը կունենա ապագա։

Էսօր Ձեր վրա, էսպես ասեմ, կա պատմական առաքելություն, Ձեր բոլորի վրա և դա պետք է անել հանուն Ձեր որդիների առաջին հերթին, հանուն  նրանց տված կյանքի, պետք է ապրել հանուն նրանց ․․․ Ես մեծագույն-մեծագույն հույս ունեմ, որ էս խոսքերս Դուք ոչ միայն կիրականացնեք, այլև կփոխանցեք  և դա տեսանելի կդառնա մեր երկրում, մեր գյուղերում, մեր քաղաքներում, ի վերջո, մեր երկրում Մայր Հայաստանը իր  ողնաշարը կուղղի և մենք կունենանք էն երկիրը, որի համար ուղղակի պարբերաբար, տարիներ շարունակ  զոհում ենք մեր երեխեքին։ Մենք պետք ա, ի վերջո, ունենանք էդ երկիրը և եթե Դուք չտանեք, չառաջնորդեք հայ ժողովրդին, որովհետև ամենամեծ իրավունքը ունեք դրա Դուք, դա տեղի չի ունենա։

Ես  էլի եմ ներողություն խնդրում Ձեր ուսերին այսպիսի մեծ  բեռ դնելու համար, բայց մենք պարտավոր ենք դա անել  հանուն մեր  անձի։ Եվ շնորհակալություն․․․»։

 

Տեսանյութեր

Լրահոս