Ադրբեջանը ցանկանում է Արցախն էթնիկ զտումներով և ցեղասպան քաղաքականությամբ հայերից ազատել

«Ադրբեջանն արդեն շուրջ 1.5 տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի 44-օրյա պատերազմում, բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը, և խնդիր է դրված՝ ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելու համար»,- գործադիրի նիստի մեկնարկին, անդրադառնալով Արցախում ադրբեջանական հերթական սադրանքին՝ գազամատակարարման դադարեցմանը, նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում նա խիստ խորհրդանշական և խոսուն որակեց Ադրբեջանի ԱԳՆ նախորդ օրը տարածած հայտարարությունը, թե Արցախի գազամատակարարման հարցը Ադրբեջանի ներքին գործն է, որից հետո Փաշինյանը փորձեց բացահայտել Ադրբեջանի մտադրությունն ու հայտարարության ենթատեքստը.

«Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք այս հայտարարությունը, կնշանակի՝ միջազգային հանրություն, դուք այս կողմ մի նայեք և թույլ տվեք՝ մենք անարգել, միջազգային հանրության համար աննկատ, հակաահաբեկչական գործողությունների անվան ներքո ավարտին հասցնենք Արցախը էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության միջոցով հայերից ազատելու քաղաքականությունը: Նման բան տեղի ունենալ չի կարող, և Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, մյուս պաշտոնյաները, քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, անհատներ, սոցիալական ցանցերի միջոցով վերջին 15 օրվա ընթացքում Արցախում տեղի ունեցածը պետք է ամենայն մանրամասնությամբ և լայնորեն ներկայացնեն միջազգային հանրությանը՝ բոլոր ատյաններում»:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, այս անգամ ևս չշրջանցեց խաղաղության դարաշրջան սկսելու  իշխանության որդեգրած քաղաքականության մասին դիտարկումները:

«Իհարկե, շատերն այս իրադրությանն արձագանքում են՝ հիշեցնելով և քննադատելով մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր որդեգրած քաղաքականությունը, բայց ուզում եմ աներկբա արձանագրել, որ մեր որդեգրած այդ քաղաքականությունն այլընտրանք չունի:

Ընդհակառակը՝ իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը՝ տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար, բայց մենք չպետք է տրվենք այդ և այդօրինակ սադրանքներին: Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, և մենք որևէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս