ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկվելու է Ադրբեջանի մասին միանգամից երկու հաշվետվություն

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 21-25-ին Ստրասբուրգում կայանալու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Վերջինիս օրակարգում է լինելու ԵԽ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման և այդ երկրում քաղբանտարկյալների առկայության հարցը: Ադրբեջանի վերաբերյալ լսումները տեղի կունենան հունվարի 23-ին:

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի վերջերին ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթը 2013 թվականի հունվարին կայանալիք ԵԽԽՎ-ի նստաշրջանում Ադրբեջանի վերաբերյալ միանգամից երկու հաշվետվության դիտարկումը որակել էր որպես Ադրբեջանի հանդեպ Ստրասբուրգի աննախադեպ որոշում, քանի որ իր ողջ պատմության ընթացքում ԵԽԽՎ-ն երբեք քննարկման չի դրել մեկ երկրի վերաբերյալ միանգամից երկու զեկույց:

Եվրապատգամավորները դիտարկելու են Ադրբեջանի մասին միանգամից երկու զեկույց: Դրանցից առաջինը վերաբերում է ԵԽԽՎ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների իրագործմանը: Այդ քննադատական զեկույցը կազմվել է Ադրբեջանի գծով ԵԽԽՎ-ի համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի և Ջոզեֆ Դեբոնո Գրեշի կողմից: Դրանում նշված է, որ Ադրբեջանում մի շարք օրենքների խախտումն ու սահմանափակումներ մտցնելը աճող մտահոգություն է առաջացնում օրենքի գերակայության ապահովման ու մարդու իրավունքների հարգման համար:

Խնդիրներ են շարունակում մնալ՝ կապված դատական համակարգի անկախության հետ: Քաղաքական բազմակարծության ապահովման հարցում զեկույցում նշված է, որ Ադրբեջանում հայտնի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ ներկայացված չեն խորհրդարանում: Միևնույն ժամանակ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը միակն է, որն իրավունք ունի խորհրդարանում ստեղծել քաղաքական խմբակցություն:

Մոնրիթորինգային կոմիտեն ափսոսանք է հայտնում ընդդիմադիր կուսակցությունների հետ «քաղաքական երկխոսության» բացակայության կապակցությամբ: Զեկույցի հեղինակները «մտահոգիչ» են որակել ազատ արտահայտվելու և ազատ հանրահավաքներ անցկացնելու հարցում առկա իրադրությունը: Մտահոգություն են պատճառում նաև կեղծ մեղադրանքներով լրագրողների ու ակտիվիստների ձերբակալությունները:

Անարդար դատական քաշքշուկները հանգեցնում են մարդկանց սիստեմատիկ ձերբակալությունների, որոնց կարելի է համարել «խղճի բանտարկյալներ»: Մտահոգության տեղիք են տալիս նաև ոչ վաղ անցյալում օրենսդրության մեջ կատարված ուղղումները, որոնցով մեծացվել են «չարտոնված» ակցիաներին մասնակցելու և դրանք կազմակերպելու համար սահմանված տուգանքները: Խնդիրներ կան նաև կոռուպցիայի ու հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու հարցում:

Երկրորդ զեկույցի հեղինակը ԵԽԽՎ-ի (ավելի վաղ միայն Ադրբեջանի) քաղբանտարկյալների գծով Քրիստոֆ Շտրասերի զեկույցն է: Շտրասերն Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով ԵԽԽՎ զեկուցող է նշանակվել 2009 թվականի մարտին։ Սակայն նա ոչ մի անգամ չի այցելել Ադրբեջան, քանի որ ադրբեջանական կողմը շարունակ մերժում է նրան անցագիր տրամադրել՝ պնդելով, թե իր երկրում «չկան» քաղբանտարկյալներ։

Վերջին շրջանում Շտրասերի մանդատը փոփոխության է ենթարկվել. նա Ադրբեջանի քաղբանտարկյալների զեկուցողից վերածվել է ԵԽԽՎ քաղբանտարկյալների զեկուցողի, ինչը, սակայն, նույնպես չի ներգործել ադրբեջանական իշխանությունների վրա։ Զեկույցում նշված է, որ, չնայած ԵԽԽՎ-ի գործադրած մշտական ջանքերին, Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը դեռևս լուծված չէ:

Շտրասերն ընդգծել է, որ ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցելուց հետո առկա մի շարք չլուծված խնդիրների ֆոնին նկատվում են քաղբանտարկյալների հարցով նոր դեպքեր, երբ մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների ու ակտիվիստների, ինչպես նաև լրագրողների, բլոգերների ու խաղաղ ցույցերի մասնակիցների դատապարտում են տևական ազատազրկման:

Զեկուցողն ընդգծել է, որ նմանատիպ մի շարք դեպքերում բանտարկյալների տարիքն ու նրանց առողջական վիճակի վատթարացումը պահանջում են նրանց անհապաղ ազատ արձակել բանտից: Շտրասերը հիշեցրել է, որ Ադրբեջանի իշխանություններն իրեն հնարավորություն չեն տվել մուտք գործել երկիր, որպեսզի անձամբ ծանոթանա իրավիճակին:

Դրա համար էլ այս զեկույցը կազմվել է նաև ադրբեջանական տարբեր հասարակական կազմակերպությունների տրամադրած հավելյալ տեղեկատվության և ադրբեջանցի իրավապաշտպանների հետ ունեցած խորհրդակցությունների հիման վրա: Զեկույցում Շտրասերը թվարկել է 85 մարդկանց անուն, որոնք նրա կարծիքով՝ հանդիսանում են քաղբանտարկյալներ և գտնվում են ազատազրկման մեջ:

Դրա հետ մեկտեղ Շտրասերը մեջբերել է 27 քաղբանտարկյալի անուն, որոնց արդեն իսկ ազատ են արձակել: Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանում դատական գործընթացը կարող է օգտագործվել և ցայժմ օգտագործվում է քաղաքական նպատակներով, որպեսզի ահաբեկեն, լռեցնեն կամ այդ եղանակով չեզոքացնեն ընդդիմադիրներին, որոնք իշխող ընտրանու կողմից դիտարկվում են որպես սպառնալիք:

Տեսանյութեր

Լրահոս