«Հայաստանի զարթոնքը սկսվելու է միայն իշխանափոխությունից հետո». Նաիրա Կարապետյան 

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ուղերձը դիտարկում է՝ որպես Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցի շեշտում, ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի վերականգնում և վերագործարկում:

«Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից է, և այստեղ խիստ տրամաբանական է Մակրոնի ակտիվությունը: Չմոռանանք, որ շատ մոտ ապագայում Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են, և 15-ից ավելի թեկնածուներ են առաջադրված, որոնցից մեկը դեկտեմբերին այցելել էր Հայաստան և Արցախ: Եվ, բնականաբար, Մակրոնը փորձելու է հայ-ֆրանսիական ֆորումին օգտագործել առիթը և հայցել Ֆրանսիայում ապրող հայերի քվեն»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նաիրա Կարապետյանի գնահատմամբ՝ Հայաստանը պետք է փորձի մաքսիմալ օգուտով դուրս գալ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակից. «Ինչպես մեզ ցույց տվեց դառը փորձը՝ մենք մեծ պատրանքներ չունենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կկարողանա լուծել Արցախի կարգավիճակի հարցը, բայց այսօր միակ ձևաչափն է, որտեղ լսելի կարող է լինել հայկական օրակարգը: Մոտ ժամանակներս Եվրոպառլամենտում քվեարկվելու է բանաձև, որտեղ ևս առանձին տողով նշված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում Արցախի վերջնական կարգավիճակի հաստատման հարցը»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն այս պահին մաքսիմալ փորձում է իր հաղթողի կարգավիճակը և Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնությունն օգտագործել. «Դա կշարունակվի այնքան, որքան մենք Ադրբեջանին թույլ տանք: Ինչպես ցույց տվեց Եվրախորհրդարանի երեկվա բանաձևը, Հայաստանում դեռ կան ուժեր՝ ոչ իշխանական, որոնք կարողացել են հասնել նրան, որպեսզի հայանպաստ ձևակերպումներով այս բանաձևը դրվի քվեարկության»:

Եվրախորհրդարանի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված և մարտի 8-ի ուշ երեկոյան հաստատված՝ «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձևում Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին «ձեռնպահ մնալ հայոց լեզուն ճնշելուց, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց, կամ, այլ կերպ, վերացնելուց հայկական պատմական մշակութային ներկայությունը, կամ արգելելուց հայերի մուտքն այդ վայրեր և դրանցից օգտվելը»…

Նաիրա Կարապետյանի դիտարկմամբ՝ բանաձևում բավականին ուժեղ շեշտադրումներ կան. «Շեշտված են մեր մշակութային ժառանգության խոշորագույն կոթողները՝ սկսած Սուրբ Ղազանչեցոցից, վերջացրած Սուրբ Եղիշեով, բացի այդ՝ սա շատ կարևոր է Ադրբեջանի այս տոտալ պատմամշակութային ժառանգության թմբկահարումը լռեցնելու համար, քանի որ, վերջին օրինակը բերեմ՝ Եվրանեսթ այցելած ադրբեջանցի պատգամավորներն անգամ պարսկական մզկիթը կոչել են ադրբեջանական և հույս են հայտնել, որ իրական տերերը մի օր կվերադառնան Երևան: Այս տոտալ իրավիճակում ունենալ նման բավականին ուժեղ բանաձև՝ հենց մշակութային առումով, շատ կարևոր է: Չէ՞ որ քաղաքական բոլոր հարցերը պետք է սկսել բարձրացնել մշակութային և մարդասիրական տեսանկյունից: Բավականին լուրջ աշխատանք է սա, և վստահություն եմ հայտնում, որ այն կքվեարկվի և կանցնի: Սա չի ունենա պարտադիր իրավական ուժ, բայց բավականին լուրջ կազմակերպության կողմից նման բանաձևի ընդունումը լուրջ փաստաթուղթ կլինի՝ նույն ՅՈՒՆԻՍԵՖ-ում ունենալու լուրջ փաստարկներ՝ ադրբեջանական կողմի բարբաջանքները գոնե փոքր-ինչ լռեցնելու համար: Ի դեպ, փաստաթղթում նշված է նաև Նախիջևանում տեղի ունեցածի, Ջուղայի խաչքարերի մասին, ինչը ևս շատ կարևոր է, որպեսզի ցույց տալ, որ սա ոչ թե Ադրբեջանի հաղթանակով արված ինչ-որ պոռթկում է, այլ սա պետական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից, և 30 տարի շարունակ ոչնչացվում է այն ամենը, ինչ հնարավոր է»:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահն ընդգծեց՝ աշխարհը լուռ էր արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կատարած վայրագությունների ֆոնին, որովհետև կար կոնսենսուս մեր տարածաշրջանում.

«Արցախյան պատերազմի երեք հրադադարները 3 համանախագահ երկրների ամենաբարձր մակարդակով բանակցված հրադադարներ էին, և դրանց խախտումը պատահական չէր. ցավոք, այն պատերազմը, որը մեզանից խլեց ոչ միայն մեր լուսավոր երիտասարդների կյանքը, կոտրեց բոլորիս, տարածքային կորուստներ ունեցանք, այդ պատերազմը գնում էր պլանավորված սցենարով: Ուկրաինայի դեպքում ծրագրավորված օրակարգը խախտել է Ռուսաստանը՝ գնալով ռադիկալ գործողությունների, դրա համար էլ Ռուսաստանի նկատմամբ այս տոտալ սանկցիաներն են արվում, որը, դեռ մեծ հարց է, թե ում համար է մտահոգիչ լինելու»:

Նա հավելեց. «Հայաստանի զարթոնքը սկսվելու է միայն իշխանափոխությունից հետո: Այսօր մեզ կկարողանա փրկել միայն ունակ, բանիմաց և հայրենասեր իշխանությունների աշխատանքը: Պետք է մեր աչքի առաջ ունենանք այլընտրանք, մեր հասարակության մեջ քիչ չեն պրոֆեսիոնալ և հայրենասեր մարդիկ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս