ԱՄՆ պետդեպարտամենտից հայտարարել են, որ չեզոքության կարգավիճակի որոշում կայացնելու դեպքում կաջակցեն Ուկրաինային
ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինային, եթե պետությունը որոշի չեզոք կարգավիճակում լինել: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը:
«Մենք կաջակցենք այն որոշումներին, որոնք իր համար կընդունի Ուկրաինան: Մենք այդ ճգնաժամի հենց սկզբից ասում էինք, որ Ուկրաինայի հետ ոչինչ չենք անի՝ առանց Ուկրաինայի: Մենք ոչինչ չենք անի Եվրոպայի հետ առանց Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հետ առանց ՆԱՏՕ-ի: Այնպես որ, ընտրությունը Ուկրաինայի ժողովրդինն է: Մենք աջակցում ենք այն որոշումներին, որոնք նրանք ընդունել են»,- ասել է Շերմանը:
Փետրվարի 25-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը: