Այս պահին ինձ չեմ տեսնում պետական համակարգում… Շատ վատ լուր ունեմ ադրբեջանցիների համար. Թաթոյան

«Ես իմ կարիերան սկսել եմ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հաստատությունից, աշխատել եմ առաջին երկու Պաշտպանների օրոք, եղել եմ միջազգային կառույցներում, քաղաքացիական հասարակությունում, տարբեր հարցերով միջազգային փորձագետ եմ եղել նաև, խորհրդական, աշխատել եմ արդարադատության նախարարի տեղակալի, Եվրոպական դատարանում ներկայացուցչի տեղակալի պաշտոններում, հիմա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն եմ: Այս պահին ինձ չեմ տեսնում պետական համակարգում: Ես իրականացնելու եմ հանրային գործունեություն»,- այսօր իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին՝ տեսնո՞ւմ է արդյոք իրեն այս պահին պետական ապարատում, թե՞ ոչ:

Պաշտպանը նկատեց՝ շատ վատ լուր ունի ադրբեջանցիների համար, հորդորեց, որ Երևանում գտնվող ու իրեն հետևող ադրբեջանցիների պատվիրակներն իր ասածը փոխանցեն իրենցից ավելի բարձր իշխանություններին:

«Արման Թաթոյանը չի դադարեցնում իր հանրային գործունեությունը՝ հատկապես ադրբեջանական խախտումների հետ կապված: Շարունակելու ենք իրենց խախտումները, պատերազմական հանցանքները վեր հանել: Ես գիտեմ, որ իրենք րոպեի ճշգրտությամբ հետևում են մեր արածներին, անգամ իրենց որոշ դիվանագիտական հայտարարությունների մեջ ենք տեսնում մեր հայտարարությունների հիմքերը: Այնպես որ, այդ առումով իրենք շատ ուրախանալու տեղ չունեն»,- ասաց Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ իր համար առաջնայինը Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում գտնվող իր ժողովրդի համագործակցված շահն է:

«Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն Արցախի ու Հայաստանի նկատմամբ նույն սկզբունքներով է տարվում, և ես Սփյուռքում էլ ասել եմ, որ այս քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում երկու ժողովուրդներին, ու դա է պատճառը, որ հարձակումներ են տեղի ունենում թուրք-ադրբեջանական տարբեր խմբերի կողմից: Այս լրջագույն խնդիրները հաշվի առնելով՝ ես ինձ չեմ կարող այդքան ճոխություն թույլ տալ, առավել ևս՝ այդքան մեծ հաճույք պատճառել ադրբեջանական քարոզիչներին ու հատկապես իշխանություններին, որ դադարեցնեմ իմ հանրային գործունեությունը»,- ասաց Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս