«Ազգերի ինքնորոշման իրավունքն անքակտելի է բոլոր ժողովուրդների համար, դա չի կարող կասկածի տակ լինել». Դավիթ Բաբայան

Փետրվարի 21-ին ՌԴ ժողովրդի համար պատրաստած հրատապ տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը։

Ավելի վաղ՝ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները կողմ էին քվեարկել նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին, որով խնդրում են ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության հեղինակած փաստաթղթին կողմ է քվեարկել 351 պատգամավոր, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 1-ը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով ՌԴ նախագահի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչմանը, նշեց, որ, բնականաբար, ողջունում են այդ քայլը։

«Այդ խորհրդակցության ժամանակ բոլոր կառույցներն իրենց կարծիքը հայտնել են, սա շատ կարևոր էր, պատմական քայլ էր։ Ազգերի ինքնորոշման իրավունքն անքակտելի է բոլոր ժողովուրդների համար, և դա չի կարող կասկածի տակ լինել։ Այո, հասկանում ենք, որ ճանաչումը կապված էր տարբեր աշխարհաքաղաքական զարգացումների և այլնի հետ, բայց եթե կա էքսզիստենցիալ վտանգներ, և այլ տարբերակ չկա ժողովուրդների ապրելու համար, ապա դա ճիշտ քայլ է։ Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ տարբեր ժողովուրդներ դե ֆակտո անկախացել են կամ ոչ միայն դե ֆակտո ճանաչում են ստացել, բայց ստեղծել են այնպիսի ահավոր երկիր կամ հասարակություն, որ սկսել են վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանին։

Սա՝ մի կողմ, նման երկրի անկախությունը չպետք է ճանաչել, բայց եթե էքզիստենցիալ վտանգներից փրկվելու միակ ձևն անկախ պետականության կերտումն է և դրա ճանաչումը, սա ողջունելի է։ Հետևաբար՝ Արցախն էլ է այդ ամենով անցել, անցնում է առ այսօր։ Մենք կարծում ենք, որ այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս և ապացուցում մեր ձգտումը՝ աշխարհի համար ավելի հասկանալի ու հասանելի դարձնելու համար»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Հարցին՝ եթե Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի կողմից ճանաչվեր Արցախի անակախությունը, դա որոշակիորեն կփոխե՞ր պատերազմի ելքը, Դավիթ Բաբայանը պատասխանեց՝ այդ մասին շատ են խոսել։

«Բնական է, որ մեր կողմից անկախության ճանաչումը կարող էր բերել տարբեր խնդիրների, հատկապես, եթե հաշվի առնենք աշխարհաքաղաքական, ռազմական ներուժը, և այլն։ Դրա համար մեր պարագայում, իհարկե, ավելի գերադասելի կլիներ, եթե որևէ պետություն ճանաչեր, այնուհետև՝ Հայաստանը»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է Ուկրանիայում դեպքերի զարգացմանը զուգահեռ՝ Արցախի իրավիճակին, հաշվի առնելով Արցախում ռուս խաղաղապահների ներկայացվածությունը, Դավիթ Բաբայանն ասաց, թե չի կարծում, որ Արցախի անվտանգությունը կարող է ինչ-որ պահի դուրս մնալ ռուս խաղաղապահների ուշադրությունից։

«Մենք ունենք ընդհանուր աշխարհաքաղաքական ճակատ, տեսեք, թե ինչպիսի ակտիվություն են ցուցաբերում Ուկրաինան և Թուրքիան՝ ամենաագրեսիվ ձևով են իրենց պահում և՛ Ղրիմի, և՛ Դոնբասի նկատմամբ, և որքան ահաբեկիչներ են փորձում ուղարկել այնտեղ, այդ թվում՝ «բայրաքթարներ», զորք։ Հետևաբար՝ այս ամենը մենք ճիշտ պետք է պատկերացնենք՝ առաջնորդվենք բացառապես մեր ազգային ու անվտանգային շահերով»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս