Բիձինա Իվանիշվիլի. «Հակասություններ չեմ տեսնում երկու սկզբունքների միջև»

Հունվարի 17-ին առաջին այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Այցից առաջ նա բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքս-ին:

– Պարոն վարչապետ, ինչպե՞ս եք գնահատում հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը: Ի՞նչը, Ձեր կարծիքով, բարելավման կարիք ունի:

– Հայաստանը ու Վրաստանը համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեն: Մենք առաջին հերթին պետք է գնահատենք այդ հնարավորությունները և նոր բազմոլորտ ռազմավարություն մշակենք համագործակցության զարգացման համար: Վստահ չեմ, որ այդ ռեսուրսները բավարար կերպով հետազոտվել են: Նոր մոտեցումներ են անհրաժեշտ ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ միջազգային ձևաչափերում մեր համատեղ մասնակցության համար:

– Հայաստանը մեկուսացված է տարածաշրջանային էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերից, որոնք իրականացվում են Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Տեսնո՞ւմ եք արդյոք հնարավորություն այդ իրավիճակի փոփոխման եւ Հայաստանի ներգրավման համար:

Կարդացեք նաև

– Հարավային Կովկասի համագործակցությունը պետք է զարգացնել բոլոր ոլորտներում: Մենք, անշուշտ, պետք է ձգտենք ողջ տարածաշրջանը ներառող միասնական տնտեսական տարածության ստեղծմանը: Կովկասյան տարածաշրջանային քաղաքականության մեջ պետք է կենտրոնանալ նոր մոտեցումների վրա, ստեղծել նոր համատեղ նախագծեր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ բնույթի:

Բնականաբար, մենք պետք է պայմաններ ստեղծենք տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Դա նախադրյալներ կստեղծի  տնտեսական համագործակցության զարգացման համար: Հատկապես կարևոր է համագործակցության զարգացումը շրջակա միջավայրի, մեր ընդհանուր տարածքի պահպանման հարցում:

– Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի»-ի հաղթանակից հետո խոսակցություններ սկսվեցին երկաթգծի աբխազական հատվածի վերականգնման հեռանկարների մասին, որոնք, սակայն, շուտով մարեցին: Դուք պատրա՞ստ եք քննարկել այդ հեռանկարը մինչև աբխազական խնդրի քաղաքական կարգավորումը:

– Մենք միշտ պատրաստ ենք քննարկել ինչպես խնդրահարույց, այնպես էլ հեռանկարային հարցերը: Կարեւորն այն է, որպեսզի դրան պատրաստ լինեն գործընթացի բոլոր մասնակից կողմերը: Մենք գտնվում ենք ոչ ստանդարտ պայմաններում, և անհրաժեշտ է նորարարական մոտեցումներ որոնել առկա խնդրահարույց հարցերի լուծման համար:


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Լուսանկարը՝ http://gdb.rferl.org/

– Հասկանալի պատճառներով Հայաստանը պաշտպանում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, իսկ Վրաստանը՝ տարածքային ամբողջականության սկզբունքը: Արդյո՞ք դա խնդիրներ չի ստեղծում երկու երկրների հարաբերություններում:

– Ես հակասություններ չեմ տեսնում այդ երկու սկզբունքների միջև:

Վրացական կողմը շահագրգռված է Հարավային Կովկասում առկա հակամարտությունների շուտափույթ կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման մեջ: Վրաստանը պաշտպանում է տարածքային ամբողջականության և յուրաքանչյուր պետության ինքնիշխանության ընդհանուր սկզբունքները:

Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա Վրաստանը հանդես է գալիս այդ հակամարտություն բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին` հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա:

Հակամարտության հանգուցալուծման գործընթացում պարտադիր է միջազգային հանրության ավելի ակտիվ մասնակցությունը:

– Հայաստանը և Վրաստանը վիճարկում են Թբիլիսիում մի շարք եկեղեցիների պատկանելիության հարցը: Եվ մինչ կողմերը վիճում են, եկեղեցիները փլուզվում են կամ գտնվում են փլուզման եզրին: Մասնավորապես, հունվարի սկզբին մենք այցելեցինք Թբիլիսի և տեսանք, որ Նորաշեն եկեղեցու ճակատային մասի ճաքերը զգալիորեն ավելացել են և եկեղեցին կարող է փլուզվել ցանկացած պահին: Ի՞նչ եք մտածում այդ խնդրի լուծման ուղիների վերաբերյալ:

– Վրաստանի տարածքում բոլոր հուշարձանները պաշտպանվում են պետության կողմից: Պետք է նշել, որ երկար տարիներ Վրաստանը հատուկ ուշադրություն է հատկացնում մշակութային և ճարտարապետական ժառանգության պահպանմանը: Սակայն, մենք մտադիր ենք ավելացնել ներդրումներն այդ ուղղությամբ` ինչպես պետական, այնպես էլ արտաբյուջետային: Պետք է ոչ թե վիճել, այլ աշխատել մեր մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ, որն իրենից ընդհանուր հոգևոր և տնտեսական ռեսուրս է ներկայացնում:

Ամբողջական հարցազրույցը կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս