Պետական անվտանգության հարցեր

Աշխարհի ցանկացած երկրի, անկախ համակարգից՝ ժողովրդավարական թե բռնապետական, իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է լինի պետական, նույնն է թե՝ ազգային անվտանգության ապահովումը։ Այս գիտակցության կրողները պետք է լինեն ոչ միայն պետական պաշտոնյաները, այլև քաղաքական, հասարակական գործիչները։ Բայց արդյո՞ք այդպես է Հայաստանում։

Անդրադառնանք միայն վերջին շրջանի լուրերին և իրադարձություններին։ Հայտնի դարձավ, որ Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերել ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի քաղաքացիները։ 

Ուղղակի չես ուզում հավատալ այս փաստերին։ Տեղյակ չեմ, բայց նաև համոզված եմ, որ Հայաստանի որևէ քաղաքացի չի կարող անշարժ գույք ձեռք բերել Թուրքիայում։ Ենթադրում եմ, որ եթե ոչ՝ օրենքով, առնվազն՝ ներքին, չգրված օրենքներով, Թուրքիայում նման գործարքներ իրականացնելն անհնար է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա տարիներով լինելով պատերազմական վիճակում, նաև հաշվի առնելով Ադրբեջանում տարիներով հակահայկական քարոզչությունը, ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների ծագումով հայ քաղաքացիների մուտքն այդ երկիր արգելված է, էլ չխոսենք հայերի կողմից այնտեղ գույք ձեռք բերելու անհնարինության մասին, ապա ուղղակի չես հասկանում, թե ինչ է կատարվել և կատարվում Հայաստանում։ Իսկ թե ինչ կկատարվի, այսպես կոչված, «խաղաղության» դարաշրջանում, ավելի քան պարզ է՝ ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխություն և վարչապետ կոչեցյալի երազանքի իրականացումը՝ 5 մլն բնակչությամբ Էրմենիստան, որտեղ հայերը կլինեն փոքրամասնություն։ Իսկապես ճիշտ է ասում իմ սփյուռքահայ բարեկամը, որ հայրենիքը մեզ համար ընդամենը անշարժ գույք է, որից կարելի է շահույթ ստանալ, թեկուզ՝ այն թշնամուն վաճառելով։

Վերջերս բացահայտվեց զինված ուժերում 19 հոգուց բաղկացած լրտեսական ցանց։

Նախ, այդ լրտեսական խումբը գործել է տևական ժամանակ։ Բա ո՞ւր էր զինված ուժերի հետախուզական, ԱԱԾ ծառայությունը։ Երկրորդ՝ արդյո՞ք ճիշտ էր՝ ի լուր աշխարհի մանրամասնորեն հայտարարել այդ մասին։ Կարծում եմ, որ այն նույնպես պետական անվտանգության հարց է։ Կարելի էր, չէ՞, բավարարվել ընդամենը չոր հաղորդագրությամբ, առանց մանրամասների։ Եվ վերջապես, գուցե տեսնելով, այսպես կոչված, պաշտոնական քաղաքականությունն Արցախի, Սյունիքի հարցերում, այդ մարդիկ նույնպես որոշել են ետ չմնալ հայրենիքի վաճառքի օգուտներից։

Այժմ խոսենք, այսպես կոչված, «առաջադեմ, արևմտյան ժողովրդավարական» արժեքներով առաջնորդվող քաղաքական, հասարակական գործիչների գործունեության մասին։

Իմ համոզմամբ, ցանկացած երկրի ցանկացած գործիչ, եթե նա չի սպասարկում օտար պետության շահերը, այլ երկրներում տեղի ունեցած իրադարձությունները պետք է դիտարկի իր հայրենիքի անվտանգության շահերի տեսակետից։ Իսկ այդպե՞ս է արդյոք Հայաստանում։

Նորից կրկնեմ, որևէ մայրցամաքում, լինի Աֆրիկա թե Ամերիկա, ցանկացած քաղաքական ճգնաժամ, պետք է դիտարկել մեր՝ Հայաստանի շահերից ելնելով, անկախ այն հանգամանքից, թե կոֆլիկտի որ կողմին ենք անձնապես համակրում։ Իհարկե, դժվար է պատկերացնել, թե, օրինակ, Պարագվայի և Բոլիվիայի միջև հնարավոր հակամարտության դեպքում որն է մեր շահը, բայց Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, առավել ևս՝ մեր տարածաշրջանում, ցանկացած լարվածություն ուղղակիորեն առնչվում է մեր երկրի անվտանգության հետ։ Այս տարրական ճշմարտությունը հասկանո՞ւմ են արդյոք մեր գործիչները, թե՞ հասկանալով կամ ոչ՝ շարժվում են միայն իրենց անձնական, ֆինանսական շահերով։

Շատ հեռու չգնանք, սկսենք Ղազախստանի ճգնաժամից։ Կարդում, լսում էիր այդ «առաջադեմներին», որոնք հրճվում էին Ղազախստանում հնարավոր հեղափոխությունից և Ռուսաստանի թուլացումից, և մտածում՝ այս մարդիկ հասկանո՞ւմ են, թե ովքեր կգան իշխանության Ղազախստանում։ Չէ՞ որ, ամենայն հավանականությամբ, իշխանության կգային թուրքամետ ուժերը, և թե ինչ հետևանքներ կունենար այն հետագայում, այո՛, նաև մեզ համար դժվար չէ պատկերացնել։

Արդեն ավելի քան երեք ամիս շարունակվում է ուկրաինական ճգնաժամը։ Եվ նորից մեր «առաջադեմները» ձեռքերը շփում են՝ անհամբեր սպասելով Ռուսաստանի հնարավոր պարտությանը, նրա նկատմամբ Արևմուտքի խիստ պատժամիջոցներին։ Եվ նորից ու նորից հարց մեր «առաջադեմներին»․ լավ, իսկ մտածե՞լ եք, թե ովքեր կօգտվեն այդ իրավիճակից։ Պարզ չի, որ թուրք-ադրբեջանական զորքերը միանգամից կգրավեն՝ առնվազն Սյունիքը։ Եվս մեկ նկատառում, Ուկրաինան արցախյան ողջ հակամարտության ընթացքում անթաքույց եղել է Ադրբեջանի դաշնակիցը։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից մեր դիրքերին էին կրակում ուկրաինուհի դիպուկահարները։ Վերջին պատերազմում Ուկրաինան նույնպես Ադրբեջանի կողմն էր (տես նկարը)։

Էլ չխոսենք Ուկրաինայի ու Թուրքիայի առավել քան ջերմ, ընդհուպ՝ դաշնակցային հարաբերությունների, Բայրաքթարների մասին։ Դիտեցի իմ կողմից խորապես հարգանք վայելող, հայագետ, Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հետ «Ֆակտորի» հարցազրույցը։ Լրագրողը՝ «մտահոգված» Ուկրաինայի ճակատագրով, ուղղորդված հարցեր է տալիս Ալեքսանդր Բոժկոյին։ Ալեքսանդր Բոժկոն՝ որպես Ուկրաինայի քաղաքացի, դիվանագետ, ներկայացնում է Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը, հիմնականում՝ հակառուսական։ Անհամբեր սպասում էի, թե լրագրողը ե՞րբ է հարցնելու Հայաստանի, Արցախի, արցախյան պատերազմի, Թուրքիայի և Ադրբեջանի մասին Ալեքսանդր Բոժկոյի կարծիքը։ Զուր սպասումներ։ Ուղղակի լրատվամիջոցը հարգված հայագետի շուրթերով իր ունկնդիրներին մատուցեց հերթական հակառուսական քարոզչությունը։ Ինքս ուկրաինացի բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնց հետ ունեմ ջերմ հարաբերություններ, միշտ հաճույքով եմ հիշում Ուկրաինայում անցկացրած իմ օրերը։ Սակայն նրանք լուռ էին ողջ արցախյան պատերազմի ընթացքում, և ես նրանցից բոլորովին նեղացած չեմ, քանի որ նրանք լռել են՝ ելնելով իրենց ազգային շահերից։ Այնպես որ, ռուս-ուկրաինական հակամարտության հարցում, կարծում եմ, որ և՛ պետական, և՛ քաղաքական, հասարակական գործիչները պետք է զուսպ լինեն, և ավելի նպատակահարմար է լռել, քան, անկեղծ թե պատվերով, իբր ուկրաինամետ, իրականում՝ հակառուսական գիծ տանել։

Եվ վերջապես, դա ոմանց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։ Եվ այն հակառուսական մթնոլորտը, որ տիրում է Հայաստանում, ուղղակի զարմանալի է։ Վարչապետ կոչեցյալին սատարող բոլոր գործիչներն ակնհայտ հակառուսական գործիչներ են։ Նրանք Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու բացահայտ կոչեր են անում։

Ընդունենք, որ նրանք անկեղծորեն ատում են Ռուսաստանը, ռուսական քաղաքական համակարգը, ռուսներին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, բայց․․․ Բայց միթե՞ չեն պատկերացնում, թե Ռուսաստանի հեռանալուց հետո ինչ կկատարվի Արցախի ու Հայաստանի հետ։ Ասե՞մ, Արցախը մեկ ակնթարթում կհայաթափվի, եթե չհաջողվի արցախցիներին արտագաղթել, նրանք ցեղասպանության կենթարկվեն։ Նույնպես մեկ ակնթարթում կկործանվի Սյունիքը և ողջ Հայաստանը։ Թե՞ «առաջադեմներն» իսկապես համոզված են, որ Արևմուտքը ութ րոպեի ընթացքում կփրկի Հայաստանը։

Նույնիսկ իրենց սիրելի Ուկրաինային Արևմուտքը բացահայտ զգուշացնում է, որ իրենց զորքերը չեն մասնակցելու հնարավոր ռուս-ուկրաինական պատերազմին, իսկ մեր դեպքում, հիշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի դաշնակից։ Եվ ի՞նչ, Արևմուտքը մեզ պետք է փրկի իր իսկ դաշնակցի՞ց։ Եվ վերջապես, բոլոր այդ պոռոտախոսները մեծ-մեծ խոսում են Ռուսաստանի դեմ․․․ իրենց թիկունքում՝ որպես անվտանգության պատվար ունենալով ռուսական 102-րդ ռազմաբազան։ Իսկ եթե վաղն ինչ-ինչ պատճառներով, կամ «առաջադեմների» իսկ պահանջով Ռուսաստանը հանի ռազմաբազան, այն է՝ կատարվի նրանց երազանքը, նրանք վայրկենապես կչվեն օտար երկրներ և կբարբաջեն, որ Ռուսաստանը հերթական անգամ ծախեց՝ Հայաստանին թողնելով միայնակ Թուրքիայի դեմ։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ արդյո՞ք այդ «առաջադեմներն» անկեղծ են իրենց մտադրություններում, թե՞ սպասարկում են այլոց, առաջին հերթին՝ թուրք-ադրբեջանական շահերը։ Կարծում եմ՝ հիմնականում երկրորդը։ Նրանց մեջ «ամենաանկեղծը» Ստեփան Գրիգորյանն է, որն «Անադոլու» գործակալությանը բացահայտ ասել է տարածաշրջանում Ռուսաստանին Թուրքիայով փոխարինելու և Զանգեզուրյան միջանցքի նպատակահարմարության մասին։

Քաղաքականության մեջ այս կամ այն երկրի, ժողովրդի, պետության ղեկավարի նկատմամբ սիրով կամ ատելությամբ չեն առաջնորդվում, այլ պրագմատիկ հաշվարկով, ելնելով ազգային անվտանգության շահերից։ Մեր պարագայում, պարզից էլ պարզ է, որ այսօր մեր անվտանգությանը բացահայտ սպառնալիք են Ադրբեջանը և դիվանագիտական դիմակի տակ թաքնված Թուրքիան։ Եվ հենց այդ տեսակետից պետք է կատարվեն հաշվարկները և իրականացվի ներքին և արտաքին քաղաքականությունը։

Ուշադրությո՛ւն, այս ամենը բացարձակապես կապ չունի, անշարժ գույք ձեռք բերելու դեպքում՝ խտրականության, մնացածի՝ ոչ ժողովրդավարության, ոչ՝ խոսքի ազատության, այլ միայն ու միայն՝ ազգային անվտանգության հետ։

Ողջ վերը շարադրվածը ցույց է տալիս, որ Հայաստանը չունի ազգային անվտանգության ոչ հայեցակարգ, ոչ մարմիններ, և, ցավոք, մեր հասարակությունն էլ զուրկ է ազգային անվտանգության տարրական բնազդի զգացողությունից։ ԱԱԾ կոչված՝ վարչապետի գրպանային կառույցը զբաղված է նրա անվտանգությունն ապահովելով, իբր կոռուպցիայի դեմ պայքարելով, բայց ոչ ազգային անվտանգության հարցերով։ Այս հոգեբանությունը կարող է մոտ ապագայում հայոց պետության վախճանի պատճառ դառնալ։

Տեսանյութեր

Լրահոս