«Մի քանի անգամ տարբեր տեղեր դիմել եմ, հարցրել եմ՝ ախպեր ջան, ինչպե՞ս եղավ, որ հրադադարի ժամանակ գյուղը կորցրեցինք, ոչ մի պատասխան, քիչ էր մնում տույժի ենթարկեին ինձ այդ հարցը բարձրացնելու համար». Հին Թաղերի գյուղապետ

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո, որում հստակ նշված էր, որ պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, տեղի ունեցավ ճիշտ հակառակը։

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա, որի հետևանքով հայկական կողմից եղան զոհեր և գերեվարվածներ։ Սրանով փաստացի Ադրբեջանը խախտեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և իր վերահսկողության տակ վերցրեց Հին Թաղերն ու Խծաբերդը։ Դեկտեմբերի 16-ին այդ գյուղերն արդեն Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ էին։

168.am-ի հետ զրույցում Հին Թաղերի գյուղապետ Էդուարդ Այվազյանն ասաց, որ այս ամբողջ ընթացքում փորձում է հետևել տեղահանված հինթաղեցիներին՝ հասկանալու համար, թե նրանց ճակատագիրն ինչպես է դասավորվում։

«Հին Թաղից հինգ ընտանիք մնացել են Արցախում, 2 ընտանիք գնացել է Ռուսաստանի Դաշնություն, մնացածը Հայաստանի տարբեր բնակավայրերում են հաստատվել՝ Արարատի մարզից մինչև Չարենցավան։ Մարդիկ իրենց տունը կորցրել են, ոչինչ չունեն, ու վարձով մի կերպ ապրում են։ Հիմա տան վարձերը շատ են բարձրացրել, մարդիկ ի վիճակի չեն ապրեն, վարձ տան։

Հինթաղեցիներից որոշներն աշխատում են, որոշները՝ մի կերպ գոյատևում են տրամադրվող օգնություններով, 68.000 դրամ էին տրամադրում, դա էլ հիմա կրճատել ու բան չեն թողել։ Ինչպես տեղահանված մյուս արցախցիների վիճակն է, այնպես էլ հինթաղեցիների վիճակն է»,- նշեց Էդուարդ Այվազյանը։

Նրա խոսքով՝ Հին Թաղերն ու Խծաբերդը վերջին գյուղերն էին, որտեղից բնակիչները դուրս են եկել, բնակիչներին տեղահանել են դեկտեմբերի 12-16-ը։ Նրանք չեն հասցրել գյուղից որևէ բան վերցնել իրենց հետ, թողել են տները ու հիմա բռնել են անորոշ ճակատագրի ճանապարհը։ Հայաստանում հաստատված արցախցիները սպասում են, մինչև իրենց համար տներ կառուցեն, որից հետո կվերադառնան Արցախ։

«Ես բոլորին դիմել եմ՝ ճշտելու, հասկանալու համար, թե ինչպես ստացվեց, որ հրադադարից հետո Հին Թաղերը հայտնվեց թշնամու հսկողության տակ, սակայն որևէ տեղից իմ հարցի պատասխանը չեմ ստացել։ Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերը քարտեզում կար, եռակողմ հայտարարությունից հետո դա մնալու էր հայկական կողմին։ Հարևան գյուղերից մարդիկ, որոնք կորցրել էին իրենց տները, զանգահարում էին ինձ ու տուն էին խնդրում, որ տեղափոխվեն Հին Թաղեր ու այստեղ ապրեն։ Բայց Հին Թաղերն էլ տվեցին, մի քանի անգամ տարբեր տեղեր դիմել եմ, հարցրել եմ՝ ախպեր ջան, ինչպե՞ս եղավ, որ հրադադարի ժամանակ գյուղ կորցրեցինք, ոչ մի պատասխան, քիչ էր մնում տույժի ենթարկեին ինձ այդ հարցը բարձրացնելու համար։

Եթե այդ ժամանակ Հին Թաղերից դուրս չգայինք, թշնամին մտնելու էր բոլորին սպաներ։ Մեր գյուղի տղերքը՝ 19 հոգի, մինչև դեկտեմբերի 1-ը գյուղի վերևի դիրքերում էին, հետո թուրքը ժամանակ էր դրել, որ մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 17։00-ին պետք է թողնեն գյուղը, այն իրենց վերահսկողության տակ պետք է անցնի։ Ասում էին՝ դուք 200 հոգի եք, մենք՝ 1200 հոգի։ Ի՞նչ ասեմ, ամեն ինչ արդեն որոշված էր»,- շեշտեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ միշտ էլ նպատակ ունեն Արցախ վերադառնալոււ, բայց ամեն մարդ իր տունն է ուզում, իր Հադրութը։

«Ամեն ծիծեռնակ իր բույնն է ուզում, մենք ուզում ենք վերադարձնեն մեր Հադրութը, թեկուզ տներն ավերված լինի, ոչինչ, մենք կգնանք, կկառուցենք ու կապրենք»,- եզրափակեց Հին Թաղերի համայնքապետը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս