Լավրովը և Աբդոլլահիանը քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ զարգացումները
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումները, հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ Իրանի միջուկային ծրագրի մասին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակի զարգացումները քննարկվել են «միջուկային համաձայնագրի» վերականգնման և դրա լիարժեք կատարման հարցի շուրջ Վիեննայում շարունակվող բանակցությունների համատեքստում: Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կողմ են արտահայտվել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուտափույթ վերականգնմանը՝ իր սկզբնական հավասարակշռված կառուցվածքով, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:
Նախարարները նաև մտքեր են փոխանակել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսի՝ Մոսկվա կատարած բարեհաջող այցի արդյունքների վերաբերյալ և շեշտել են, որ անհրաժեշտ է նախագահների պայմանավորվածությունների հիման վրա շարունակել ռուս-իրանական փոխգործակցության հետագա ընդլայնումը բոլոր ոլորտներում: