Շատերը մեզ մոտ կարծում են, որ Փաշինյանի նպատակն է՝ հանձնել ՀՀ նախկին բոլոր նվաճումները և ՀՀ-ին իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով «միացնել» միջազգային հանրությանը. Խրամչիխին
44-օրյա պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը, որոնց հետ ՀՀ իշխանությունները պատրաստվում են խաղաղության դարաշրջան բացել, շարունակում են ամրապնդել իրենց ռազմական ներուժը:
Ընդհանուր առմամբ, երևում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն տարին բավականին ակտիվ է սկսել: Բացի թուրք-ադրբեջանական ռազմական շփումների շարունակականության ապահովումից, Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը տարեսկզբին այցելեց նաև ԻԻՀ, որտեղ հանդիպումներ ունեցավ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, Իրանի պաշտպանության նախարար Մոհամեդ Ռեզա Աշտիանիի, գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերիի հետ՝ քննարկելով ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: Այցը մեծ հաշվով որակվեց՝ որպես երկու երկրների միջև ռազմական հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քայլ:
Իրանից հետո Հասանովը երկօրյա այցով եղավ Թուրքիայում, որտեղ հանդիպեց՝ ինչպես Ռեջեփ Էրդողանի, այնպես էլ՝ Հուլուսի Աքարի հետ:
«Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ ուղղված մեր զինված ուժերի զարգացմանը, մեր երկրների ու ազգերի պաշտպանությանը։ Մենք մեծ գոհունակություն ենք զգում նաև մեր բանակների մշտական հզորացումից։ Ադրբեջանն ու Թուրքիան՝ «երկու պետություն, մեկ ազգ», գործադրում են բոլոր ջանքերը՝ Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար»,- հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Հուլուսի Աքարը կրկնել էր, որ Էրդողանն ու Ալիևը խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին և սպասում են պատասխանի։ «Մեր ջանքերն ուղղված են ոչ միայն՝ Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև, այլ նաև ամբողջ Կովկասում խաղաղության հաստատմանը»,- ասել էր թուրք պաշտոնյան։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամլո ծառայության համաձայն՝ Աքարն ու Հասանովը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը։ «Կողմերն անդրադարձել են համատեղ զորավարժությունների ընթացքում ադրբեջանցի և թուրք զինվորականների ձեռք բերած փորձի կարևորությանը և ընդգծել նման միջոցառումների կանոնավոր անցկացման անհրաժեշտությունը,- ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում` հավելելով,- Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանն էլ ավելի է ընդլայնում համագործակցությունը Թուրքիայի հետ՝ իր ռազմական հզորությունը մեծացնելու նպատակով»:
Այսօր շրջանառության մեջ դրվեց մեկ այլ հաղորդագրություն ևս՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեի հետ քննարկել է երկկողմ ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր։ «Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համատեղ աշխատանքային խմբերի ստեղծումը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում, որում նաև նշված է, որ թուրք և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են նաև «Տեխնոֆեստ-2022» փառատոնին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մասնակցության հարցերը։
Հարկ է նաև նշել, որ այս ամենին զուգահեռ՝ Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարն ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, թե Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի հզորացմանն ուղղված միջոցառումները վտանգ չեն ներկայացնում այլ երկրների համար:
Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանաթուրքական ռազմական համագործակցությունն ըստ էության ներկայումս ևս ուղղված է նույն այն երկրների, ուժերի դեմ, ինչ նախկինում, և այս իմաստով պատերազմը ոչինչ չի փոխել:
Նրա գնահատմամբ՝ հատկապես Ադրբեջանին Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը տվել է չափազանց դրական պտուղներ, հաղթանակ, ուստի Ադրբեջանը շարունակում է և շարունակելու է խորացնել այդ համագործակցությունը, առավել ևս՝ այն դեպքում, երբ Ղարաբաղի հարցը վերջնական կարգավորված ու փակված չէ:
Խրամչիխինի կարծիքով, այստեղ ամեն ինչ հասկանալի ու ակնհայտ է:
«Թե սրան զուգահեռ՝ ի՞նչ է անում հայկական կողմը, ես դեռ այդքան էլ չեմ հասկանում, ամեն դեպքում ինձ հայտնի չէ… Պատերազմից 1 տարուց ավելի անցել է, և որևէ պրակտիկ գործողություն, քայլ նկատելի չէ երկրի պաշտպանունակության, անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Միակ բանը, որը ես նկատել եմ, այն է, որ Փաշինյանն իրականացրեց իր գործառույթը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, և ղեկավարեց ՀԱՊԿ զորքերի մուտքը Ղազախստան, որը քաղաքական իմաստով նրա օգտին էր, իսկ ԶՈՒ ամրապնդման, ուժեղացման տեսանկյունից՝ չգիտեմ, չի լսվում, թե ինչ քայլեր է ձեռնարկել Հայաստանը»,- ասաց Խրամչիխինը՝ հավելելով, որ նման պատերազմից անմիջապես հետո պարտվող կողմը պետք է ձեռնամուխ լիներ երկրի ԶՈՒ ակտիվ վերականգնմանը, որը տեսանելի չէ:
Խոսելով Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարության մասին, թե ուշի ուշով հետևում են Հայաստանում բանակաշինությանը՝ թե՛ իրենց, թե՛ գործընկերների միջոցով, ու եթե սպառնալիք տեսնեն իրենց անվտանգությանը, անմիջապես կոչնչացնեն, ասաց, որ այդ հայտարարությունը քաղաքական դեմագոգիա է՝ ուղղված ներքին լսարանին:
«Սա լրջորեն մեկնաբանելու համար հիմքեր չեմ տեսնում, սակայն ուժի իրավունքն այստեղ մեծ դեր ունի, ու դա չի կարելի հաշվի չառնել»,- ասաց ռազմական վերլուծաբանը:
Նա այն կարծիքին է, որ տարածաշրջանում, այսպես կոչված, Խաղաղության դարաշրջանի հեռանկարները չափազանց մշուշոտ են:
«Այն, ինչ առաջարկում է Ռուսաստանը, և կարծես Հայաստանն ու Ադրբեջանը դրան համաձայնել են՝ կապուղիների ապաշրջափակում, հիմքեր է ստեղծում խաղաղության համար, բացի դրանից, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սահմանի դեմարկացիա իրականացնեն, առանց դրա խաղաղություն չի լինելու, Ադրբեջանն անընդհատ փորձելու է իր համար ինչ-որ բան փախցնել, կորզել, ուժի իրավունքով առաջնորդվել: Ուստի, քանի դեռ սահմանը հստակեցված չէ, խաղաղություն չի լինելու: Իսկ ինչ կլինի ճանապարհների հետ՝ բարդ է ասելը, այստեղ շատ է քաղաքականությունն ու տնտեսությունը»,- ասաց Խրամչիխինը:
Հարցին, թե ինչո՞ւ սահմանազատում, սահմանագծում սկսելու համար Ադրբեջանը չի ընդունում ՀՀ առաջարկները, որոնք ներառում են մայիսի 12-ից ՀՀ ներխուժած ադրբեջանական ուժերի դուրսբերում ՀՀ տարածքից, Խրամչիխինը պատասխանեց, որ ոչ մի արդյունք այդ ուղղությամբ չկա, քանի որ Ադրբեջանն օգտվում է ուժեղի իր իրավունքից և իր հաղթանակի արդյունքներից:
«Եթե որևէ մի տեղում Ադրբեջանին տրվի կոնկրետ, հաջող ռազմական դիմադրություն, պատասխան, կրկնում եմ՝ թեկուզ սահմանի մեկ հատվածում, այդ դեպքում Ադրբեջանը գուցե խոսի ավելի կառուցողական: Կարծում եմ, որ այո, ուժի իրավունքը միջազգային հարաբերություններում շատ հարց է լուծում, եթե ոչ՝ ամեն հարց, և դա էական դերակատարություն ունի այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քանի որ Ադրբեջանն այդ ուժով մեծ արդյունքներ է գրանցել իր համար»,- նման կարծիք հայտնեց Խրամչիխինը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները ևս ցանկության դեպքում պետք է չանտեսեն այս բաղադրիչը:
Սակայն Ալեքսանդր Խրամչիխինը վստահ չէ, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են այս սցենարով առաջ շարժվել:
«Շատերը մեզ մոտ կարծում են, որ Փաշինյանի նպատակն է՝ հանձնել ՀՀ նախկին բոլոր ձեռքբերումները, նվաճումները և ՀՀ-ին իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով «միացնել», այսպես կոչված, միջազգային հանրությանը: Ես ևս հակված եմ այդպես կարծել»,- ասաց Խրամչիխինը: