«Վստահորեն ասում եմ՝ որևէ բան չի փոխվել, ժամանակը դա կապացուցի». Մխիթար Զաքարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանն այսօր Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջին 3 տարիների փորձը ցույց է տվել, որ պաշտոնական տեղեկատվությունը և իրականությունը 180 աստիճանով միմյանցից տարբերվում են։
«Ես անուղղելի լավատես եմ, ամեն դեպքում ուզում եմ լավին հավատալ, որ «միջանցք» չի լինի։ Անկախ գործող իշխանությունների կամքից, ցանկություններից, ես վստահ եմ, որ այդպես էլ լինելու է, հակառակ դեպքում կես քայլ էլ հետ կատարելու դեպքում վտանգ կա, որ կկորցնենք մեր պետականությունը և այս տարածաշրջանում ապրելու իրավունքը»,- նշեց Մխիթար Զաքարյանը։
Անդրադառնալով իր այն հայտարարությանը, որով ներողություն է խնդրել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին վիրավորելու համար, Մխիթար Զաքարյանն ասաց, որ իր վրա որևէ ճնշում չի եղել, և եթե իր այս հարցազրույցն ամբողջությամբ լսել են, ապա այնտեղ ամեն ինչ բացատրել է։
«Ես կխնդրեի, որպեսզի այդ թեման փակենք, որքա՞ն կարելի է այդ փոքր, կենցաղային թեման բերել ու մտցնել մեր օրակարգ։ Ես ցավում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ կլասիկ քաղաքականության միայն բացասական կողմերն են ընդօրինակում, այսինքն՝ մանիպուլյացնել, փաստերը խեղաթյուրել։ Ես իմ հարցազրույցում պարտադիր նշել եմ, որ արծարծվող թեման որևէ կապ չունի իմ դիրքորոշման հետ։ Իհարկե, իմ քաղաքական դիրքորոշումներում որևէ բան չի փոխվել, բայց կրկնում եմ՝ ինչ վերաբերում է ընտանիքին, ապա ամեն ինչ արդեն ասել եմ։ Թեման քստմնելի թեմա է, որ կարծում եմ՝ ոչ մեկին պատիվ չի բերում, այդ էջը պետք է փակել։ Վստահորեն ասում եմ, որ որևէ բան չի փոխվել, ժամանակը դա կապացուցի։
Հարց է եղել լրագրողի կողմից, ես պատասխանել եմ, որը վերաբերել է վարչապետի աթոռը զբաղեցնողի ընտանիքին։ Ես պատրաստ եմ ցանկացածիցդ ներողություն խնդրել՝ թեկուզ ակամայից այդպիսի թեմայի մեջ հայտնվելու համար»,- նշեց Մխիթար Զաքարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում