Musk Factor ֆիլմի ստեղծագործական կազմը ստեղծել է ապագայի անվտանգության տեխնոլոգիայի տեսլական
Musk Factor գիտաֆանտաստիկ, երգիծական ֆիլմի ստեղծագործական կազմը ստեղծել է ապագայի անվտանգության տեխնոլոգիայի կոնցեպտ: GAIT կոչվող կոնցեպտը, որը նվազեցնում է հանցագործությունների թիվը, մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական Scylla ընկերությունում։
Ապագայի տեխնոլոգիա կոնցեպտը Musk Factor-ի թիմը պատկերել է իր նոր իլյուստրացիայում, որը որպես NFT զետեղել է OpenSea համակարգում, իսկ Scylla ընկերությունն էլ իր հերթին ձեռք է բերել այն։
«Հայտնի փաստ է՝ մոլորակի ցանկացած բնակիչ ունի յուրահատուկ քայլվածք, և քայլելիս էլ ցանկացած անհատի ոտքի հեռավորությունը կարող է տարբեր լինել։ Հիմքում յուրաքանչյուրի քաշի, ողնաշարի կառուցվածքի, վերջույթների երկարության, կեցվածքի և այլ պարամետրերի տարբեր լինելն է։ NFT-ում ներկայացվում է, թե ինչպես է հնարավոր մարդու քայլվածքի տվյալներն ուսումնասիրելով և վերլուծելով՝ հայտնաբերել հանցագործներին»,-նշում է Musk Factor-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։
Վերջին ժամանակներում անընդհատ ձեռքբերումներ գրանցող Scylla ընկերությունը բարձր է գնահատել Musk Factor-ի թիմի ապագայամետ տեսլականը։ «Մեր ուշադրությունը միանգամից գրավել է այն, որ Musk Factor ֆիլմի ստեղծագործական թիմը հորինել է բոլորովին նոր տեխնոլոգիայի կոնցեպտ, որը դեռևս ստեղծված չէ և կարող է կիրառվել ապագայում։ Մեր օրերում լայնորեն կիրառվում են դեմքի ճանաչման և վարքագծի ճանաչման համակարգերը, սակայն GAIT-ը կարող է դառնալ անվտանգությունն ապահովելու հաջորդ տեխնոլոգիան»,-նշում է Scylla-ի հիմնադիր Ալբերտ Ստեփանյանը։
Scylla-ն կենտրոնացած է իրական ժամանակում ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման լուծումների վրա: Այն օգտագործում է արհեստական բանականություն և համակարգչային տեսողություն՝ հայտնաբերելու առարկաներ, գործողություններ և վարքագծային անոմալիաներ՝ ունենալով հաճախորդներ աշխարհի տարբեր ծայրերում։