Պուտինը և Օրբանը բանակցություններ են անցկացրել Մոսկվայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բանակցություններ են անցկացրել Մոսկվայում, որոնց ժամանակ ՌԴ-ի ղեկավարն ասել է, որ ուղղակի երկխոսությունն անհամեմատ ավելի լավ է, քան հեռախոսազրույցը:
Պետության ղեկավարը հատկապես նշել է էներգետիկայի դերը երկու երկրների համագործակցության մեջ: «Չնայած բոլոր սահմանափակումներին, անցյալ տարվա 11 ամսում ապրանքաշրջանառության ծավալն աճել է 30 տոկոսով: Դա լավ ազդակ է, շարունակվում են խոշոր նախագծերը. ատոմային էլեկտրակայանի կառուցումը»,-պատմել է Պուտինը: Նրա խոսքով՝ իրենց հաջողվել է վառելիքի մատակարարումների կայունության հասնել «Գազպրոմ»-ի հետ Բուդապեշտի համաձայնագրի շնորհիվ:
Նախագահն ընդգծել է, որ այդ պայմանագիրն ստորագրվել է մինչեւ 2036 թվականը եւ ավելի ցածր գին է ապահովում, քան Եվրոպայում: Իր հերթին Օրբանը նշել է, որ ողջ մայրցամաքն էներգաճգնաժամ է վերապրում, բայց Հունգարիան շնորհակալ է այդ պարտավորագրի համար եւ պլանավորում է ավելացնել մղաքանակը: Ղեկավարները նաեւ արծարծել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը: Պուտինը հայտարարել է, որ այժմ մշակվում է Հունգարիային COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի արտադրության տեխնոլոգիան փոխանցելու հարցը:
«Չնայած բոլոր ճգնաժամային սահմանափակումներին, իսկ մենք ջանում ենք պայքարել նույնիսկ համատեղ, ավելի քան 5 միլիոն չափաբաժին պատվաստանյութեր ենք մատակարարել, եւ ձեզ մոտ գրանցել եք «Սպուտնիկ Լայթը»,-նշել է Ռուսաստանի նախագահը: Հունգարիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նրան պատրաստուկի՝ երկիր մատակարարման համար: Բացի այդ, Պուտինը եւ Օրբանը քննարկել են իրադրությունը Եվրոպայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: