«Ինքս ինքնաբացարկ եմ հայտնել, պարոն Խաչատուրյանը լավ թեկնածու է, եղել են 5-6 այլ թեկնածուներ». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի լիազորությունների ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ճիշտ չեն մամուլի այն հրապարակումները, թե ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Այդ տեղեկությունները ճիշտ չեն, նա ընդհանրապես որևէ կապ չի ունեցել։ Ասեմ ավելին՝ որևէ փուլում կապ չի ունեցել։ Պարոն Սուքիասյանը վարչության քննարկումներին չի մասնակցում և չի կարող մասնակցել, որովհետև չի հանդիսանում վարչության անդամ։ Նախագահի այլ թեկնածուներ ևս եղել են, շատ երկար քննակում է եղել, շատ տարբեր փաստարկներ են բերվել։ Երկար քննարկումներից հետո կայացրել են Վահագն Խաչատուրյանին այդ պաշտոնում առաջադրելու որոշումը։ Հիմա դժվար է երկու բառով ասել, թե ինչու հենց Վահագն Խաչատուրյանին։

Անձամբ կարծում եմ, որ լավ թեկնածու ենք ընտրել, որն իր անցած ճանապարհով ու պարկեշտությամբ համապատասխանում է և բավականին լավ կիրականացնի այն պարտականությունները, որոնք նախատեսվում են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Թե ինչո՞ւ վարչության որոշումը կանգ չի առել հենց իր թեկնածության վրա, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Պարոն Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրվել է մի քանի հոգու կողմից, կոնկրետ չեմ կարող մտաբերել, որովհետև շատ երկար ենք քննարկել։ Ինչ վերաբերում է  իմ թեկնածությանը, ինքս ինքնաբացարկ եմ հայտնել»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս