Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում. Ագնեսա Խամոյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Ագնեսա Խամոյանը հայտնեց, որ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են, երբ կունենան վերջնական որոշում կհայտարարեն դրա մասին:
Հարցին՝ հնարավո՞ր է «Պատիվ ունեմ» խմբակցության հետ համատեղ թեկնածու առաջադրեն, Խամոյանն ասաց՝ դեռ վերջնական որոշում չունեն.
«Հիմա քննարկվում են չափորոշիչները , որոնց պետք է բավարարի նախագահի թեկնածուն, քննարկում ենք նաև առաջադրելու նպատակահարմարությունը, այս համատեքստում չի բացառվում դա, բայց դեռ քննարկումներ են ընթանում, այս մասով վերջնական քննարկում և որոշում չունենք»,-ասաց նա:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ ՔՊ-ն մտադիր է նախագահի պաշտոնում առաջադրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, Ագնեսա Խամոյանն ասաց.
«Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ անոնսեց, որ իր նեղ թիմից է լինելու նախագահի իրենց թեկնածուն, այս տրամաբանության մեջ անակնկալ չի լինի, եթե թեկնածուն Արայիկ Հարությունյանը լինի: Նիկոլ Փաշինյանի դեպքում՝ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվել՝ թե ինչպե՞ս է որոշումներ կայացնում, բայց, հաշվի առնելով իր հայտարարությունը, որ ներդաշնակություն պետք է լինի օրենսդիրի, գործադիրի և նախագահի ինստիտուտի միջև, այս դեպքում անսպասելի չէ Արայիկ Հարությունյանի հնարավոր առաջադրումը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: