«Վստահ ասում եմ՝ ապառազմականացված գոտի ստեղծելը կգտնի միջազգային լայն աջակցություն». Արման Թաթոյան

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը  այսօր քննարկում էին հրավիրել, որի ընթացքում ներկայացվեց «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» խորագրով փաստահավաք զեկույցը:

Քննարկմանը մասնակցում էին նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը:

Քննարկումը բացող «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» տնօրեն Դավիթ Ամիրյանը ներկայացրեց զեկույցի հիմնական դրույթները, ապա խոսքը փոխանցեց ՄԻՊ Արման Թաթոյանին:

Վերջինս կարևորեց ներկայացվող զեկույցը, հատկապես, երբ այն կազմվել է քաղհասարակության անմիջական ներգրավմամբ ու նախաձեռնությամբ, նշեց, որ զեկույցի հեղինակների հետ մշտական կապի մեջ է եղել զեկույցը կազմելու ընթացքում:

«Սկզբունքային սխալ է այն մոտեցումը, որը հակադրության է տանում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն ու անվտանգությունը: Ցավոք, պատերազմի ընթացքում միջազգային, հատկապես մարդու իրավունքների ոլորտի կազմակերպությունների խիստ անհամաչափ արձագանքը նպաստեց մարդու իրավունքների հեղինակության անկմանը և նաև այն վտանգավոր դիսկուրսի ծիլերի առաջ գալուն, որ իրավունքն ու անվտանգությունը հակասում են իրար»,- ասաց Արման Թաթոյանը:

Ըստ նրա՝ այս զեկույցը կարևոր է նաև կանխարգելիչ նպատակների համար, որովհետև այն, ինչ տեղի է ունենում պատերազմից հետո, կոչվում է լոկալիզացված պատերազմ:

«Մենք ունենում ենք կրակոցներ, մարդիկ են սպանվում, այդ թվում՝ ոչ միայն մեր կյանքն ու առողջությունը պաշտպանող զինվորներ, այլև քաղաքացիական անձինք»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:

Պաշտպանը կրկին ընդգծեց, որ պատերազմից հետո մեր երկրի սահմաններին ադրբեջանցիների ընդհուպ մոտենալը սաստկացրել է մարդու իրավունքների խախտումները:

«Մեր գյուղերը հայտնվել են հումանիտար խնդիրների առաջ, մեկուսացվել են: Եվ այս ամենի իրական պատճառը ադրբեջանական իշխանությունների շարունակվող ատելության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը բացահայտ ցեղասպան բնույթ ունի՝ իր բոլոր կոմպոնենտներով հանդերձ»,- ասաց ՄԻՊ-ը:

Վերջինս պնդում է՝ պետք է պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն մեր քաղաքացիների նկատմամբ հանցանք գործած ադրբեջանցի զինվորականները, այլև ադրբեջանական իշխանություններն ընդհանուր առմամբ:

«Եվ այս առումով ես ուզում եմ բարձր գնահատել այն, որ Բաց հասարակության հիմնադրամների նախաձեռնությամբ մենք Սիրանուշ Սահակյանի և Լևոն Գևորգյանի հետ մասնակցել ենք երկու կարևոր քննարկման. Մեկը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ, որտեղ նպատակ կար դնել պատասխանատվության հարցերը, ներկայացնել ապացույցներ, և նաև Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ նույն օրակարգով»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:

Արման Թաթոյանը ցավ հայտնեց, որ մարդու իրավունքների հարցերն անտեսվում են, և պրոցեսն անընդհատ քաղաքականացվում է:

«Ամեն ինչ Հայաստանում քննարկվում է ռազմաքաղաքական տանիքի տակ, որը սկզբունքորեն խախտում է մեր քաղաքացիների իրավունքները: Սա շատ անթույլատրելի, սխալ քաղաքականություն է: Իրավունք չունի որևէ մեկը սահմանային անվտանգության հարցերը կտրել մարդու իրավունքներից»,- ասաց Արման Թաթոյանը՝ տարակուսանք հայտնելով, որ քննարկման կիզակետում այս կամ այն թվականի քարտեզներն են՝ առանց որևէ ուշադրություն դարձնելու մարդու իրավունքներին:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր հարցի հետևում կանգնած են մարդիկ, ընտանիքներ՝ իրենց  երեխաների անվտանգության, կրթության իրավունքի, եկամուտ վաստակելու հարցերով:

«Այս քաղաքականությունն է նաև, որ պարարտ հող է ստեղծում ադրբեջանական իշխանությունների կողմից՝ շարունակելու իրենց մեկուսացման քաղաքականությունը: Ես այդքան ասում եմ, որ պետք է հեռանան ադրբեջանական զինված ուժերը, որովհետև իրական խախտումներն այդտեղ են: Գովերգվում է այլընտրանքային ճանապարհը: Բան չունեմ ասելու՝ դրանք կարևոր են, և մարդիկ տեղերում չարչարվում են, բայց այդ ճանապարհները պարզ դիտարկվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից: Վստահ ասում եմ՝ ադրբեջանցիներին մեր բնակավայրերից հեռացնելը, ապառազմականացված գոտի ստեղծելը կգտնի միջազգային լայն աջակցություն: Մեր առաջարկով՝ ԵԽԽՎ այս տարվա սեպտեմբերի 27-ի բանաձևում հատուկ գրված է՝ բանակցություններ սկսել ապառազմականացված գոտի ստեղծելու ուղղությամբ»,- ասաց Արման Թաթոյանը:

Պաշտպանը վստահ է՝ եթե կառավարությունը միանա այս գործընթացին, այն ավելի արդյունավետ կլինի:

«Այս հարցերը պետք է դառնան պետական քաղաքականության մաս: Սա Հայաստանի քաղաքացու պաշտպանությանն է ուղղված: Ու դատապարտելի են ու քաղաքացու իրավունքի նկատմամբ անպատասխանատու բոլոր այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք միայն մեխանիկական ու քաղաքական դիտանկյունից են այս հարցերը դիտարկում»,- եզրափակեց Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս