«Մի դիրքում զինծառայողները պայքարում են մինչև վերջ, մյուսում՝ ցած են դնում զենքերը և գերեվարվում. սա պե՞տք է քննվի». Էդուարդ Աղաջանյան
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ինչպես՝ հանդիպման, այնպես էլ՝ համաձայնության չգալու վերաբերյալ որևէ մանրամասն չի հրապարակվում, որպեսզի չխանգարեն բանակցային գործընթացին։
«Ըստ իս, կարող եք պատկերացնել այն հարցերի շրջանակը, դրանց հետ կապված այն նրբությունները, որոնց հրապարակման արդյունքում կարող է առհասարակ վիժեցվել այդ գործընթացը։ Կարծում եմ՝ մեր Հայաստանի ներկայացուցիչը տվյալ աշխատանքային խմբում պետք է ունենա այն ազատությունը, առավել արդյունավետ գործելու այդ խմբում։ Խոսքը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Աղաջանյանը։
Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների խնդրին և դրա վերաբերյալ իշխանության հայտարարություններին, Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ պետությունը երբեք չի հրաժարվել բոլոր գերիներին Հայաստան վերադարձնելու հանձնառությունից։
«Երբ խոսում ենք հայտարարություններից, կարծում եմ՝ հայտարարությունները և միջանձնային քննարկման խոսակցությունները, առավել ևս՝ մոնտաժված տարբերակով, չնույնականացնել։ Ես՝ որպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ես իմ բոլոր հանդիպումներում առաջին հարցը որ բարձրացնում եմ, գերիների ու պահվող անձանց խնդիրն է։
Պատկերացրեք մի իրավիճակ, որ կա երկու դիրք, և տեղի է ունենում թշնամական գործողություն, հարձակում, որը, բնականաբար, ուղղորդվում է բոլոր այն ռազմական միջոցներով, որոնք մեզ հայտնի են։ Հիմա մի դիրքում զինծառայողները պայքարում են մինչև վերջ, տալիս են զոհեր և հետ են շպրտում թշնամուն։ Իսկ մյուս դիրքում բոլորը ցած են դնում զենքերը և գերեվարվում են։ Հիմա սա մի իրավիճակ է, որը պե՞տք է քննվի իրավապահ մարմինների կողմից, թե՞ ոչ։ Սա շատ նուրբ ու զգայուն թեմա է։ Գերեվարումից վերադարձած մեր հայրենակիցները պետք է անցնեն որոշակի գործընթացի միջով, որպեսզի պարզվի վերջիններիս հետ կապված գերեվարման բոլոր մանրամասները»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը։
Ըստ նրա, այս ամենը չի նշանակում, որ ՀՀ իշխանությունը, մասնավորապես՝ պաշտպանական ոլորտում, փորձում են իրենց վրայից շեղել կամ գցել պատասխանատվությունը։