Արևմուտքը պատրաստվում է Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանը

Սոչիում նոյեմբերի 26-ին տեղի ունեցած եռակողմ բարձրաստիճան բանակցություններից հետո ԵՄ-ն ակտիվորեն պատրաստվում է դեկտեմբերի 15-ին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը:

Նոյեմբերի 19-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախանշված ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ Նա նաև հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով` միջադեպերի կանխման նպատակով ուղիղ կապի հաստատելու վերաբերյալ։

Սրան հաջորդեց նոյեմբերի 26-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը և դրա արդյունքում ընդունված հայտարարությունը:

Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը: ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, ԵՄ հատուկ ներկայացուցիչը ՀՀ վարչապետին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստան-ԵՄ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Քննարկվել են այս տարվա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգին վերաբերող հարցեր: Կլաարը եղել է նաև Բաքվում և հանդիպել Իլհամ Ալիևին:

Դեկտեմբերի 1-ին եվրոպացի պատգամավորները Եվրոպական խորհրդարան էին հրավիրել Հարավային Կովկասի հարցերով զբաղվող Եվրամիության երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ պարզելու՝ ինչ է անում Բրյուսելն Արևելյան գործընկերության անդամ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ի պատասխան մի շարք պատգամավորների հնչեցրած մտահոգությունների՝ Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը պնդել է, թե Բրյուսելն անում է այն, ինչ կարող է անել։ Բարձրաստիճան դիվանագետը կտրականապես մերժել է քննադատությունը, թե արվածը բավարար չէ։

Նա նշել է, որ աշխատում են թե Մոսկվայի, թե Անկարայի հետ:

«Հավելյալ էլ ի՞նչ կարող է արվել Եվրամիության կողմից ռազմական ուժի բացակայության պայմաններում։ Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբում ոչ միայն Ֆրանսիան, այլև Միացյալ Նահանգներն էլ զորք չունի տեղում։ Եվ երբ հրացանները կրակում են, ինչը եղավ անցած տարի, շատ բարդ է դիվանագետների համար դա կանխել կամ կանգնեցնել»,- հայտարարել է Դիվինը։ Այդ միջոցառման շրջանակում էր նա տեղեկացրել, որ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում:

Ուշագրավ է նաև Բրյուսելին ընդառաջ մեկ այլ տեղեկատվություն. Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն ասել է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ: Հայաստանում Բաքվի պաշտոնական բոլոր հայտարարություններին վերապահումով են վերաբերվում, սակայն բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ նման հայտարարությունը գուցեև պատահական չէ:

168.am-ի հետ զրույցում վրացի կովկասագետ Սոսո Ցինցաձեն ասաց, որ Բրյուսելն ունի նպատակ, սակայն չունի հստակ ճանապարհային քարտեզ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում:

Ըստ նրա, եվրոպական կողմն ինքն է ընդունում, որ իր հնարավորությունները ռեգիոնում շատ սահմանափակ են, երբ կա Մոսկվայի և Անկարայի ռազմական լուրջ ներկայություն հարավկովկասյան տարածաշրջանում:

«Ներկայիս աշխարհում մենք գիտենք, որ ռազմական ուժն ու անվտանգային բաղադրիչն են ուղղորդում քաղաքական գործընթացները, իսկ եվրոպական կողմը դրանով չափազանց թույլ է այստեղ և հատկապես հենց Հայաստանում ու Ադրբեջանում, որոնցից առաջինում մեծ է՝ Մոսկվայի, մյուսում՝ Անկարայի ազդեցությունը: Մյուս հանգամանքն այն է, որ ի տարբերություն այլ միջնորդների՝ ԵՄ-ն իսկապես միջնորդի դերում է, որպես խաղացող՝ փորձում է մասնակցել կողմերի միջև գործընթացներին, սակայն, թե ինչ հարցեր պետք է քննարկվեն, և ինչ օրակարգ պետք է ունենա հանդիպումը, որոշում են կողմերը, այսինքն՝ ԵՄ-ի նախաձեռնած գործընթացի հաջողությունը կախված է կողմերից, իսկ երբ գործընթացում կա դոմինանտ դիրքեր ունեցող Մոսկվան, գործն էապես բարդանում է: Խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի դեպքում ավելի մեծ է շահյագրգռությունը գործարկել ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ Ադրբեջանն ակնհայտորեն դրանով հետաքրքրված չէ: Բայց թեմաները քննարկման ենթակա շատ-շատ են: Կարծում եմ՝ ողջ սպեկտրը խնդիրների քննարկվելու է Բրյուսելում, այն կարծիքին չեմ, որ Սոչիում քննարկված թեմաները չեն կարող չքննարկվել Բրյուսելում:

Ամեն դեպքում ԵՄ-ն փորձում է ձեռքը պահել գործընթացի «զարկերակի» վրա այնքանով, որքանով թույլ կտան կողմերը և ներկայիս իրավիճակը ռեգիոնում, որը եվրոպական տեսանկյունից բարդ է, ու նույն այդ տեսանկյունից պրոցեսներին մասնակցելը ևս բարդ է, քանի որ չկա անվտանգային և քաղաքական լուրջ բաղադրիչ»,- ասաց Սոսո Ցինցաձեն:

Նրա խոսքով, բնականաբար, բոլոր քաղաքական որոշումներն այս փուլում կայացվում են Մոսկվայի միջնորդությամբ, և ԵՄ-ն դեռ հետևողի, թեթև միջնորդի կարգավիճակում է, ում մնում է քննարկել այն ամենը, ինչ քննարկվում է Մոսկվայում, և այն որոշումները, որոնք կայացվում են:

«Չի բացառվում, որ նախարարական հանդիպումը նպաստի բրյուսելյան օրակարգի հստակեցմանը: Այդ ցանկությունը ԵՄ-ի կողմից կա, ճիշտ է նաև, որ կա աշխատանք Մոսկվայի և Անկարայի ուղղությամբ, բայց լծակների հարցն ամենակարևորն է, ԵՄ-ն ցանկանում է ձևավորել լծակներ ռեգիոնում: Թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ը աշխատում են, այսօր տեղի ունեցան Լավրով-Բլինքեն բանակցությունները, եթե նախկինում բարձրաստիճան նմանատիպ հանդիպումների ընթացքում ոչ միշտ էր անդրադարձ կատարվում ռեգիոնին, ապա հարավկովկասյան զարգացումներն այսօր միջազգային հարաբերությունների օրակարգում են, քանի որ մեծ փոփոխություններն անցնում են ռեգիոնով և ներառում բոլոր մեծ խաղացողներին: Կարծում եմ՝ Արևմուտքն այս փուլում ունի մինիմում պլան՝ համակարգել մասամբ կողմերի միջև բանակցային որոշ հարցեր, որի համար ներդրվում են ջանքեր, ինչը նախկինում չէր արվում»,- ասաց Սոսո Ցինցաձեն:

Հիշեցնենք, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ Նախարարական համաժողովում ելույթի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, խոսելով Հարավային Կովկասում զարգացումների մասին, ասել էր, թե Կովկասում իրենք ողջունում են ուղիղ երկխոսության վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև, հորդորելով կողմերին առաջընթաց գրանցել մարդասիրական հարցերում, ներառյալ՝ ձերբակալված անձինք, ականազերծումը, անհայտ կորած անձինք, մարդու իրավունքների խախտումների դեպքերի հետաքննությունը, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները՝ պատասխանատվության ենթարկելով իրագործողներին։ «Հուսով եմ, որ բոլորով միասին կարող ենք աշխատել, ներառյալ՝ Ռուսաստանը, որ առաջընթաց գրանցենք։

Մենք հորդորում ենք բոլոր կողմերին լուծել մնացած բոլոր չկարգավորված հարցերը, օրինակ՝ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակել աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ լուծում գտնելու համար»,- ասել էր Բլինքենը:

Տեսանյութեր

Լրահոս