«Նման ենք դեպի անդունդ սլացող գնացքի, որի կառավարումը վստահված է գնացքի հետ առնչություն չունեցող մարդու».  Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝  այն իշխանությունը, որը չունի ազգային մտածելակերպ, չգիտի իր ժողովրդի պատմությունը, չգիտի, թե ով է իր թշնամին, ով՝ բարեկամը, ապա սպասելի էր երկրում ստեղծված նման իրավիճակը։

«Այս իշխանությունը հատել է բոլոր «կարմիր գծերը», հերոսների ու հասարակության մեջ տարածել են ատելություն, թշնամու կերպարները «նախկիններն» են։ Հասարակության մեծ մասին նրանք կարողացել են այդ թույնը ներարկել, որ թշնամին ոչ թե սահմանից այն կողմ կանգնածն է, այլ թշնամիները մեր ներսում են՝ այն գեներալները, որոնք կայացրել են այս երկիրը։ Այս ամենից հետո շատ սպասելի էր իշխանության կողմից իրական թշնամու կերպարը հարցականի տակ վերցնելը։ Թվում էր, թե երբևէ ոչ մեկին չպետք է բացատրեինք, թե ով են Թուրքիան ու Ադրբեջանը, ինչ քաղաքականություն են վարել, և այլն։

Բայց հիմա մենք բախվել ենք մի իրավիճակի, երբ Փաշինյանն ուղղակի հարցնում է՝ Թուրքիան ուզո՞ւմ է վերացնել Հայաստանը, թե՞ ոչ։ Եթե այս հարցը տար վատ սովորող դպրոցականը, գուցե հասկանայինք, որ գիտելիքներ չունի, բայց երբ հարց է տալիս մի անձ, որը նաև զբաղեցնում է  երկրի ղեկավարի պաշտոնը, ապա սա դառնում է ազգային անվտանգության խնդիր։

Այսինքն՝ երկրի ղեկավարը հրապարակավ հարցադրում է  անում, թե միգուցե Թուրքիան այդքան էլ չի ուզում մեզ ցեղասպանել։ Սրանով նա հերքում է ոչ միայն տասնամյակների այն ուսումնասիրությունները, որ Թուրքիան հայերին ցեղասպանել է, նաև նախորդ տասնամյակների մեր նվիրյալներին՝ մեր ամբողջ ֆիդայական շարժումից սկսած, նաև Արցախի պատերազմները, որովհետև հարցնում է՝ արդյո՞ք Ադրբեջանն ուզում է Հայաստանին ոչնչացնել»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ռուբեն Մելքոնյանը։

Նա հույս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի օգնականները կգտնեն և Նիկոլ Փաշինյանին կտան Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունները, որտեղ վերջինս հայտարարում է, որ Հայաստանին պետք է ոչնչացնեն։ Իսկ Թուրքիայի քաղաքական տեսլականի հիմքում այդ երկրի հիմնադիր Աթաթուրքի լոզունգն է՝ ֆիզիկապես ու բարոյապես ոչնչացնել Հայաստանը։ Այս գաղափարը, արդեն 100 տարի է, կա Թուրքիայի քաղաքականության հիմքում, որն էլ փոխանցել են Ադրբեջանին։

«Մենք նման ենք դեպի անդունդ սլացող գնացքի, որի կառավարումը վստահված է գնացքի հետ առնչություն չունեցող մարդու»,- շեշտեց թուրքագետը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս