Նոյեմբերի 9-ի հայտարարության թաքնված ականները
Մեկ տարի առաջ, նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, որն ընդդիմությունը բնորոշեց՝ կապիտուլյացիոն, իսկ իշխանությանները՝ փրկօղակ 25-30 հազար պոտենցիալ զոհ երիտասարդների համար։
Հայտարարության տեքստը հայտնի է․ առաջին հայացքից՝ այն «խաղաղության դարաշրջան» է խոստանում երկու երկրներին և ողջ տարածաշրջանին՝ խաղաղություն, հաղորդակցման ուղիների ապաշրջափակում, տնտեսական զարգացում և այլն։ Բայց այստեղ կարևորը տողերը չեն, այլ տողատակը։ Կարդալով՝ առաջին հայացքից ոչ այնքան հստակ, որոշ դեպքերում՝ երկիմաստ ու բազմիմաստ, մի խոսքով, ռազմադիվանագիտական լեզվով գրված դրույթները, ուզում ես «12 աթոռի» հեղինակներից մեկի խոսքերով բացականչել՝ «հեռացրեք այս տողերը, դրանք խանգարում են տեսնել տողատակը»։ Իսկ ինչպես ցույց տվեց այս մեկ տարին՝ բարի ցանկությունների տողերի ետևում բազմաթիվ թաքնված և վտանգավոր խութեր ու ականներ կան։
Գիտակցո՞ւմ էր հայտարարությունը ստորագրող հայկական կողմն այդ թաքնված ականների մասին, ըմբռնո՞ւմ էր, թե ինչ հետևանքներ կարող են դրանք ունենալ մեր պետության համար, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը մասնագետների հետ քննարկել էր հայտարարության տեքստը ստորագրելուց առաջ: Անհասկանալի է։
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմեց հայրենակիցներին՝ գուժելով.
«Անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է»:
Դրան հետևեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի արձագանքը, թե հայտարարության մասին մամուլից է տեղեկացել, իսկ մամուլն էլ գրեց, թե Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը տեղյակ չի եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք եռակողմ այդ հայտարարության մասին, որն այդպես էլ չհերքվեց։ Ուրեմն ի՞նչ՝ հանրապետության նախագահն ու արտգործնախարարն իրադրությունը տիրապետող մարդկանց թվում չե՞ն եղել, այդ դեպքում ովքե՞ր են «իրադրությունը ամենալավը տիրապետողները»։
Մինչդեռ, դրանից ընդամենը 6 օր անց, հանրության համար մեկ այլ իրականություն բացահայտեց Փաշինյանը։ Առցանց ասուլիսի ժամանակ պարզվեց, որ քննարկումը եղել է ընդհանուր միտումների, ստեղծված իրավիճակի մասին:
«Այո, կոնկրետության հետ կապված շատ նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի համարվել քննարկել․․․ եկել է մի իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել ժամերի ընթացքում… Որովհետև կոնկրետ իրադարձություններ էին զարգանում, և այդ իրադարձություններին պետք էր շատ կոնկրետ արձագանքել»,- ասել է նա։
Ցավոք, շատ արագ պարզվեց, որ շան գլուխը թաղված է հենց այդ նրբություններում։
Առաջին կոնկրետության հետ կապված շատ նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի, «ականը» պայթեց արդեն մայիսի 12-ին, երբ ազերիները սկսեցին քայլ առ քայլ սողոսկել Հայաստանի տարածք՝ դեպի Վարդենիս ու Սյունիք, հիմնավորումը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներն են: Հետո, հավանաբար, «հաղորդակցության ուղիների ապաշրջափակման» դրույթի ոգով, գրավեցին միջպետական ճանապարհի մի հատվածը, որ ուզած պահի բացում-փակում են, և անգամ սկսեցին իրանցի վարորդներից մաքսատուրք գանձել, հետո մաքսակետ տեղադրեցին։ Ու սա դեռ ամենը չէ՝ որոշ հայ ռազմական գործիչներ սկսել են գաղտնազերծել տողատակերը և մատնանշել խութերն ու ականները, բայց առանց որոշակիության, միայն ակնարկներով։ Մի քանի օր առաջ գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զգուշացնում էր հայտարարության մեջ առկա վտանգավոր կետերի մասին, որոնք դեռևս կյանքի չեն կոչվել: Գեներալ-գնդապետը լիովին չգաղտնազերծեց եթերում արված ակնարկը՝ այն հիմնավորմամբ, որպեսզի իրեն չմեղադրեն թշնամուն նյութ տրամադրելու կամ հուշելու մեջ, միայն ասաց, որ այդ կետի կատարումը մեզ համար ցավալի և լուրջ կորուստներով է լինելու:
Բայց թշնամին հուշումների ու նյութերի կարիք չունի, չէ՞ որ հենց ինքն է տեղադրել այդ ականներն ու, իր սահմանած ժամանակացույցի համաձայն, գործի է դնում պայթուցիչը։ Մի երկու օր առաջ, յութուբյան ռուսալեզու ալիքներից մեկով, նման մի ականի տեղ էլ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը գաղտնազերծեց՝ հղում կատարելով նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններին։
«Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը:
Մեկ տարին արդեն անցել է, ադրբեջանցի պատգամավորը զգուշացնում է՝ Լաչինի միջանցքի վերահսկողությունը երկու տարուց փոխանցվելու է Ադրբեջանին, Հայաստանի հետ կապ հաստատելու համար կառուցվելու է Շուշին և Լաչինը շրջանցող նոր ճանապարհ․․․ «Ես ուզում եմ հիշեցնել, որ Լաչինի տարածքով գազատար է անցնում, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետ, հեռախոսակապ, կշարունակե՞ն դրանք գործել, կախված է միայն Ադրբեջանի բարի կամքից»,- ասում է ադրբեջանցի պատգամավորը, ապա ավելացնում, թե՝ իհարկե, կարող են նոր ճանապարհի երկայնքով անցկացնել այդ ենթակառուցվածքները, բայց կունենա՞ն այդքան հնարավորություն, իսկ Ադրբեջանը կթույլատրի՞, չէ՞ որ դա իր տարածքն է, թեև գտնվելու է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, կիսահեգնական, կիսասպառնալից տոնով՝ հարցնում էր պատգամավորը։
Վերջնականապես հայտնի չէ, թե դեռ ինչ խութեր, ականներ, չգաղտնազերծված տողատակեր կան նոյեմբերի 9-ի կամ հունվարի 11-ի հայտարություններում։ Գուցե ժամանա՞կն է՝ մի կողմ դնենք աննպատակ գաղտնապահությունը և ինքներս բացահայտենք «կոնկրետության հետ կապված շատ նրբություններ»-ն ու վնասազերծենք թաքնված ականները, որոնք նոր սպառնալիքների պես կախված են մեր երկրի գլխին:
Շուշի Գարագաշ