Չինական քաղաքակրթության կայունության գաղտնիքը
Ֆրանսիական Atlantico թերթում հրապարակվել է Չինաստանի գծով մասնագետ և չինական մշակույթի մասին բազմաթիվ գրքերի հեղինակ Սիրիլ Ժավարիի` Չինաստանի առաջընթացի վերաբերյալ հարցազրույցը.
«Վերջին 5000 տարիներին Չինաստանն իրենում ներառել է Արևելյան Ասիայի ողջ մշակույթը, թե՛ կրոնական և թե՛ լեզվաբանական մակարդակում: Տնտեսական զարգացման ու համագործակցության կազմակերպության տվյալներով` 2016 թվականին այդ երկիրը դառնալու է ուժեղագույն համաշխարհային երկիրը:
Եվրասիական մայրցամաքում առաջացած բոլոր քաղաքակրթությունների թվում միայն չինականն է մշտապես գտնվել նույն տարածքում: Խոսքը գնում է նստակյաց գյուղացիների քաղաքակրթության մասին, որոնք նույն տարածքում բրինձ են աճեցնում այն ժամանակներից, ինչ մարդը հնարել է երկրագործությունը: Այդպիսով, ի տարբերություն բոլոր քաղաքակրթությունների, Չինաստանը չի ձևավորվել նվաճումների կամ գաղթի արդյունքում:
Այդ ամենը չափազանց կարևոր տարր է` չինացիներին ըմբռնելու համար: Երբ ժողովուրդը գաղթում է կամ երկիրը ենթարկվում է անեքսիայի, ապա դա ստեղծում է հզոր ժամանակավոր մարկեր, որի սկիզբը գոյություն չունի Չինաստանում: Չինական մշակույթը ձևավորել է իր տեսակում գրերի միակ համակարգը, որն աշխատում է գաղափարների ու իրավիճակների ներկայացման և ոչ թե ձայների հիման վրա, ինչը բնորոշ է եվրասիական մայրցամաքի մյուս բոլոր գրաֆիկական համակարգերին:
Դա իր հերթին հիմք է ծառայում եզակի տիրույթի համար, որի վառ օրինակն է հանդիսանում այն փաստը, որ չինացիները 3000 տարվա ընթացքում չեն փոխել քաղաքական համակարգը, ընդհուպ ցայսօր: Երկիրն անփոփոխ ղեկավարում է մեկ կուսակցություն, ներկայումս դա կոմունիստներն են, մինչդեռ ավելի վաղ երկիրը ղեկավարել են նրանք, ովքեր անցել են կայսերական քննությունները (և զբաղեցրել են բոլոր պետական պոստերը` պահակից մինչև վարչապետ):
Վոլտերին այդքան հիացրած մերիտոկրատիայի (ղեկավարման սկզբունք, ըստ որի` ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել ընդունակ անձինք` անկախ նրանց սոցիալական ծագումից ու ֆինանսական ունեցվածքից) համակարգը յուրաքանչյուր չինացու հնարավորություն է տվել մասնակցել դրանց այնքան անգամ, որքան դա իր համար խելամիտ լինի:
Արդյունքում, Չինաստանը քանիցս գերազանցել է համայն մնացյալ աշխարհին`ընդհուպ մինչև Վերածննդի ժամանակաշրջան: Բնականաբար, պետծառայողի որդուն ավելի հեշտ է եղել հաջողության հասնել քննությունների ժամանակ, սակայն քիչ չեն եղել դեպքերը, երբ ինչ-որ գյուղի բնակիչները վճարել են ամենաընդունակ երեխայի ուսման համար:
Այդպիսի համակարգը լավագույն ուղեղներին անփոփոխ առաջարկել է ծառայություն` ի տարբերություն ֆրանսիական ֆեոդալիզմի, որի շրջանակներում հասարակական աստիճանով վեր բարձրանալ կարող էին առաջարկել միայն օրդենները: Միայն հետագայում` բուրժուազիայի վերելքի հետ մեկտեղ մարդիկ սկսեցին հասկանալ կրթության կարևորությունը: Այժմ Չինաստանում գործում է նման համակարգ, երբ որևէ մեկը ցանկանում է իր թեկնածությունը ներկայացնել կուսակցությանը:
Նախ թեկնածուի նկատմամբ երեք տարի տարվում է հետաքննություն: Հարցնում են բոլորին, ում հետ շփվում է տվյալ մարդը` նրա հարազատներին, համադասարանցիներին, բարեկամներին, ուսուցիչներին: Ներկայումս Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն ունի 82 միլիոն մարդ, ինչը կազմում է բնակչության մոտ 5 տոկոսը (մոտավորապես այդքան է եղել պետծառայողների քանակը կայսերական ժամանակաշրջանում):
Հենց այդ պատճառով էլ արևմտյան ժողովրդավարության գաղափարներն այդքան վատ հարմարվեցին Չինաստանում: Չինացիների համար երկարատևությունն արդյունավետության հոմանիշ է: Նրանք չեն հասկանում, թե ինչու իրենք պետք է փոխեն համակարգը, երբ այն այդքան երկար ժամանակ աշխատում է այդքան լավ: Չինաստանում գոյություն չունի փրկիչ կրոն, ո՛չ դրախտ, ո՛չ հավերժություն, որոնք կարող են օգնել գործը գլուխ բերել ներկայում: Միակ հավերժությունը տարվա ժամանակների անփոփոխ հաջորդականությունն է: Դրա համար էլ զարմանալի չէ, որ չինական մտքի համար հիմք հանդիսացած գիրքը կոչվում է Ի-Ցզին կամ Փոփոխությունների գիրք, որում ասվում է, որ միակ անփոփոխ բանը փոփոխություններն են:
Մենք` եվրոպացիներս, ատում ենք փոփոխությունները: Միևնույն ժամանակ փոփոխությունների հանդեպ չինացիների այդօրինակ բարեկամական վերաբերմունքը թույլ է տվել նրանց վերապրել 20-րդ դարի ուժեղագույն ցնցումները: Չինացիները չեն կարծում, թե ապրում են բռնատիրական երկրում, սակայն անարդարությունը, որը ծնում է կոռուպցիա, երբեմն զգացնել է տալիս իրեն: Չպետք է մոռանալ, որ իր չափերով չինական նահանգը հավասար է եվրոպական երկրի: Պատկերացրեք, որ մեզ պետք է ստիպել համատեղ աշխատել 87 եվրոպական երկրի և դա այն դեպքում, երբ ներկայումս դա մեզ չի հաջողվում անել 27 երկրի (ԵՄ) պարագայում:
Այդ նահանգների բնակիչները կարող են ունենալ տարբեր ավանդույթներ, խոհանոց, պատմություն կամ անգամ լեզու, սակայն նրանց բոլորին միավորում է չինական գիրը: Հենց նա է երկիրն ամրագրել տիրույթում ու ժամանակի մեջ: Օրինակ, հեռուստաեթերում ֆիլմերը ցուցադրվում են մակագրերով, որպեսզի դրանք հասկանալի լինեն բոլոր նահանգներում: Նույն կերպ ժամանակակից չինացին կարող է կարդալ Կոնֆուցիոսի ժամանակաշրջանի կոթողներիի գրությունը` գաղափար անգամ չունենալով, թե ինչպիսին է եղել այն ժամանակվա արտասանությունը: Որոշակի առումով դա կարելի է համեմատել միջնադարյան լատիներենի հետ, որը հետագայում կործանվել է նացիոնալիզմի վերելքով: