«ԱԱԾ-ն Նիկոլի սեղանին է դնելու սեքսի կոմպրոմատներ. սա դարակազմիկ ողբերգություն է». Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն այն կարծիքին է, որ «արևմտյան արժեքներ» ասվածը վաղուց վերածվել է փտած ճաշատեսակի, որը պարբերաբար փորձում են հրամցնել տարբեր կենտրոնների:

«Թրամփը գրառմամբ ուղղակիորեն սպառնում է Իրանին՝ ասելով՝ Թեհրանը պետք է տարհանվի, այսինքն՝ բաց տեքստով ասում է, որ ԱՄՆ-ը մտնելու է պատերազմի մեջ: Ավելին, իրանական և իսրայելական մամուլը տեղեկատվություն հրապարակեց, որ ամերիկյան և բրիտանական ռազմանավերը և ռազմական ինքնաթիռներն ընդհուպ մոտենում են իրանական սահմանին: Սա է արևմտյան դեմոկրատիան»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ «արևմտյան դեմոկրատիա» գործիքով փորձելու են Իրանում իշխանափոխություն իրականացնել:

«Ես վատ կանխատեսում ունեմ, որ Արևմուտքն Իրանում, ցավոք սրտի, հաջողելու է իրականացնել իր ծրագիրը՝ տապալել Իրանի գործող իշխանությունը, ոչնչացնել Իրանի ռազմական ենթակառուցվածքները»,- ասաց նա՝ նկատելով, որ դրանից հետո, ինչպես Սիրիայում, այնպես էլ՝ Իրանում Արևմուտքը «մի նախկին մարդասպանի կգտնի, գլխի ոջիլները կմաքրեն, կլողացնեն, մանուշակագույն փողկապ կկապեն, և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Թրամփը և ԵՄ առաջնորդները նրա ձեռքը կսեղմեն»:

Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ Հայաստանը սպասվող վատ զարգացումների ոտնատակում է. «Այն օրը, երբ Իսրայելը հարձակվեց Իրանի վրա, Նիկոլ Փաշինյանն աղջկա հետ չաո՜ էր անում մեզ և գնում Պրահա՝ իրեն հանելու հերթական անգամ աճուրդի: Նա լոտեր էր ընդունում ՌԴ-ից և Արևմուտքից, ասելով՝ ով կպահի իմ իշխանությունը՝ դեպի այդ էլ Հայաստանի աշխարհաքաղաքական կուրսը հերթական ռևերսը կանի: Փաշինյանը տևական ժամանակ մեկ խնդիր է լուծում՝ իր վերարտադրության, որի ոսկե հովանավորներ մնացել են Ալիևը և Էրդողանը՝ Արևմուտքի հետ միասին: Ես ուզում եմ իմ տարակուսանքը հայտնել այն քաղաքական ուժերի ստոիկյան հանգստության հանդեպ, ովքեր նստած՝ իմպիչմենտն էլ իգնոր անելով՝ գնում են 2026-ի ընտրություններին: Հասկանալի չէ՞, որ եթե 2026-ին Նիկոլը չուզենա էլ, Էրդողանը և ԵՄ-ն ամեն ինչ անելու են՝ Նիկոլի վերընտրության համար»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ Նիկոլը Փաշինյանը շատ լավ գիտի՝ ինչ է արել, և մինչև վերջին շունչը կառչելու է իշխանությունից. «Ո՞վ է ասում, որ նրան հեռացնելը հեշտ է լինելու, բայց նստել-ասել՝ դե դա հնարավոր չէ, և խելոք սպասել 2026թ. ընտրություններին, նշանակում է՝ մասնակիցը դառնալ թուրք-արևմտյան ճանապարհային քարտեզին: Պետք լինի՝ Էրդողանն Ուրսուլայի թաթիկը բռնած՝ գալու է այստեղ քարոզարշավ  անելու, որովհետև իրենց ճանապարհային քարտեզն իրականացնելու համար իրենց օդի և ջրի պես 2026-ին պետք է վերընտրված Նիկոլ»:

Նա նկատեց, որ Ռուսաստանը Հայաստանում իշխանություն չի փոխելու. «Այն քաղաքական ուժերը, որ նստած սպասում են, որ Պուտինի վարսավիրի բաջանաղի բադրիջան մաքրողը իրենց պետք է ասի՝ վերջ, ժամանակն է, դուրս եկեք փողոց, չի լինելու այդպիսի բան: Ռուսաստանը պրոցեսը կողջունի միայն այն ժամանակ, երբ փողոցում կլինի ռեալ կրիտիկական մասսա, իսկ դա կարող է լինել 20 կամ 30 հազար, դա կարևոր չէ, կարևորը էներգետիկան է և ընդդիմադիր վճռական առաջնորդությունը, որը 20 հազարի դեպքում էլ կարող է երկրում իրավիճակ փոխել. Մի երկրում, որտեղ իշխանության հանդեպ ատելությունը դժոխային է»:

Ըստ նրա՝ այն, ինչ Փաշինյանն անում է Եկեղեցու հանդեպ, սահմանադրական կարգի տապալում է. «Ըստ մեր Սահմանադրության, ինչքան էլ Նիկոլի քիթը երկար լինի, նա այն իրավունք չունի խոթել որևէ սրբազանի, կներեք, ներքնաշորերի մեջ: Մեր Սահմանադրությամբ այդ իրավունքը դու չունես, Նիկոլ: Առաջիկա սահմանադրական փոփոխությունները, որ Ալիևի պարտադրանքով անելու է Նիկոլ Փաշինյանը, ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ բացի Ալիևի պարտադրած կետերը կատարելուց, հանվելու է նաև եկեղեցու բացառիկ կարգավիճակի մասին դրույթը, և Փաշինյանն ավելացնելու է դրույթ, որ իր ընտանեկան փոդքասթը կարողանա կաթողիկոս նշանակի»:

Նա նկատեց, որ Փաշինյանն այս իրավիճակում պետք է Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեր, նախապատրաստվեր ֆորսմաժորներին. «Բայց քանի որ չունենք իշխանություն…  Մեր իշխանությունը շարունակում է հոտոտել հոգևորականների ներքնաշորերը, և ինչպես նախարարներից մեկը հայտարարեց, որը անբարո, անպարկեշտ հայտարարություն է, առաջիկայում սպասեք սենսացիոն բացահայտումների: Ըստ էության, այս մարդիկ հայտարարում են, որ ԱԱԾ-ն Նիկոլի սեղանին է դնելու, կներեք, սեքսի կոմպրոմատներ: Դուք հասկանո՞ւմ եք՝ մենք ինչքան ենք իջեցրել մեր երկրի պլանկան, որ որևէ նախարար այլևս սպառնում է ինչ-ինչ ենթադրյալ տեսանյութերով: Երկրի անվտանգությունը թողած՝ ԱԱԾ-ն զբաղված է ընդդիմադիրների և հոգևորականների դեմ կոմպրոմատներ հավաքելով: Սա դարակազմիկ ողբերգություն է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս