Նիկոլ Փաշինյանի մեծ առևտրի գինը

Աշխարհում, ինչպես հայտնի է, ամեն ինչ վաճառվում է։ Դա հատկապես ու հաստատապես տեղին է նաև աշխարհաքաղաքականության պարագային։ Այս առևտրում, ահա, խոշոր խաղացողները հանդես են գալիս միաժամանակ և՛ որպես գնորդներ, և՛որպես վաճառողներ՝ օգտագործելով ամենատարբեր գործիքներ՝ սկսած ժողովրդավարական դեկլարատիվ արժեքների երկակի կիառումներից՝ մինչև երկրների նկատմամբ պատժամիջոցներ։

Հիմա Հայաստանի «իմքայլական» իշխանությունը, Նիկոլ Փաշինյանն այդպիսի եռուն առևտրի մեջ է և այդ  առևտրում վաճառում է գործնականում ամեն ինչ՝ իշխանությունը պահպանելու դիմաց։

Օրինակները բազմաթիվ են, բայց ամենացայտունը Հայաստանի իշխանության բնույթի վերաբերյալ առաջադեմ միջազգային հանրության լռությունն է։ Հայաստանում ժողովրդավարությունը խայտառակ կերպով ոտնահարվում է ամենօրյա օնլայն ռեժիմում՝ մամուլի դեմ կիրառվում են ամենաաներևակայելի սահմանափակումներ, ոտնահարվում է խոսքի ազատությունը, վիրավորանքի ու զրպարտության դիմաց սահմանվում են աստղաբաշխական տուգանքներ, ԱԺ-ում ուղիղ եթերում ծեծում կամ դահլիճից քարշ են տալիս ընդդիմադիր պատգամավորներին․․․ Այլ երկրների պարագայում նման իրադարձությունները կարժանանային առաջին հերթին՝ արևմտյան պետությունների ու կառույցների անխնա քննադատություններին, դրանց վերաբերյալ ծավալուն զեկույցներ կհրապարակեին, հնարավոր է՝ անգամ պատժամիջոցներ կիրառվեին։ Բայց Հայաստանի պարագայում միջազգային հանրություն կոչվող անհասցե սուբյեկտը տոտալ լռություն է պահպանում երկրում կատարվող հակաժողովրդավարական, հակապետական գործընթացների նկատմամբ…

Բնականաբար, միջազգային հանրության այդ լռությունն անվճար չէ, և արևմտյան տերություններն ու կառույցները լռում են խիստ որոշակի փոխհատուցման դիմաց։ Դժվար չէ ենթադրել նաև, թե ինչով է վճարելու Նիկոլ Փաշինյանն արևմտյան տերությունների ու կառույցների այդ հեղինակազրկող լռության դիմաց։ Նա հիմա զբաղված է «խաղաղության դարաշրջանի բացմամբ», տարածաշրջանային կոմունիկացիաների այնպիսի ապաշրջափակմամբ, որի առաջնային շահառուները, իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան են, սակայն ավելի լայն համատեքստում՝ բոլոր այն աշխարհաքաղաքական բևեռները, որոնք այդքան ներդաշնակորեն լռում են ժողովրդավարության նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ասպատակությունների առթիվ։

Ընդ որում, այսօրվա խմբակային լռությունը գրեթե ամբողջությամբ համընկնում է այն լռության հետ, որը նույն միջազգային հանրությունը ցուցաբերեց 44-օրյա պատերազմի ընթացքում՝ գոնե որևէ հերթապահ դատապարտում չհնչեցնելով Արցախի դեմ պատերազմ սանձազերծած Ադրբեջանի ու Թուրքիայի հասցեին։

Վերջինը, ի դեպ, հավասարապես վերաբերում է նաև Ռուսաստանին, որի լռությունն անցած պատերազմի ընթացքում իրականում շատ ավելի թանկ էր ադրբեջանաթուրքական տանդեմի համար, քան արևմտյան կողմի ամորֆ կեցվածքը։ Այսպիսով, ներկայումս տեղի է ունենում աշխարհաքաղաքական մեծարժեք առևտուր, որում միջազգային հանրությունը վճարում է Նիկոլ Փաշինյանին իր լռությամբ, ինչի դիմաց վերջինս վարձահատույց է լինելու Հայաստանի ու Արցախի հաշվին կատարելիք նորանոր զիջումներով։ Նիկոլ Փաշինյանը մեկ խնդիր ունի՝ ցանկացած գնով մնալ իշխանության՝ պահպանելով իր անձնական անվտանգությունը և իր բարեկեցությունը:

Հենց դրա համար են արևմտյան երկրների դեսպաններն ամեն օր այցելում ամեն օր ժողովրդավարությունը բռնաբարող Հայաստանի պաշտոնյաներին և «գոհունակություն արտահայտում ժողովրդավարության ասպարեզում արձանագրվող բարեփոխումների համար»։ Ինչպես իրենք են սիրում ասել՝ «Nothing personal, only business»։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս