Իշխանությունները, այո, փորձում են սահմանափակել տեղեկություն ստանալու իրավունքները և խոսքի ազատությունը. Բորիս Նավասարդյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի, Սարգիս Խանդանյանի հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ու դրան կից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանության արժանացավ:

Նկատենք՝ այս նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռ այս տարվա փետրվարին և քննադատվել ոլորտի ներկայացուցիչների կողմից:

Դրանից հետո նախագիծը որոշակի փոփոխությունների է ենթարկվել. փոփոխված տարբերակը նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներին հանձնելուց հետո հիմնական զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն առանձնացրեց, իր խոսքով՝ նախագծում արված մի քանի բովանդակային նշանակալի փոփոխություններ, որոնցից առաջինը վերաբերում է նախագծում հայտնված «չնույնականացված աղբյուրներին»:

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկությունը տարածելու դեպքում լրատվամիջոցներին չազատել պատասխանատվությունից, ինչպես նաև՝ նախատեսված է փոփոխություն կատարել լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությանը վերաբերող հոդվածում: Կփոխվի նաև պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգը. Պատգամավորի փոխանցմամբ՝ եթե լրատվամիջոցը չի ներկայացնում ֆինանսական հաշվետվություն ու չի ներկայացրել օրենքով սահմանված նույնականացման տվյալները, ապա տվյալ լրատվամիջոցի հավատարմագրման դիմումը ենթակա է մերժման:
«Սա տրամաբանական փոփոխություն է, որովհետև պետական մարմիններում չեն կարող գրանցվել լրատվամիջոցներ, որոնք չունեն նույնականացման տվյալներ, կամ լրատվամիջոցներ, որոնք չեն հրապարակում տարեկան հաշվետվությունը»,- նշել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

168.am-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, անդրադառնալով հիշյալ փոփոխություններին՝ նշեց.

«Հիմնական խնդիրը վերաբերում է «չնույնականացվող աղբյուրների» վրա հղում կատարելու արգելքին, որն իրավական տեսանկյունից խնդրահարույց է, քանի որ օրենքով սահմանափակման ենթակա կարող է լինել միայն բովանդակությունը, այլ ոչ թե աղբյուրը (իսկ, փաստորեն, այս նախագծի հեղինակները տարբերակում չեն դնում, թե աղբյուրից օգտվելուց ինչպիսի բովանդակություն է տարածում լրատվամիջոցը. Համապատասխանո՞ւմ է այն իրականությանը, պարունակո՞ւմ է օրենքին հակասող որևէ բովանդակություն, թե՞ ոչ)»:

Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այս փոփոխությունները՝ հարցին ի պատասխան՝ Բորիս Նավասարդյանը նկատեց՝ օրենքը խրախուսում է հեղինակային իրավունքի խախտում, և կարող է համապատասխան հետևանքներ լինեն, եթե լրատվամիջոցը կարգապահորեն հետևելով կարգավորումներին՝ հղում չանի որևէ «չնույնականացվող աղբյուրի», իսկ այդ չնույնականացվող աղբյուրը հետագայում նույնականանա և հեղինակային իրավունքի խախտման բողոք ներկայացնի:

Ըստ նրա՝ սա նաև սահմանափակում է քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքը, քանի որ քաղաքացիները նույնպես կարող են շահագրգռված լինել տեղեկանալու՝ որտեղի՞ց է լրատվամիջոցը վերցնում լուրը, որն առաջարկում է սպառողին:

Այս համատեքստում Երևանի մամուլի ակումբի նախագահը ուշադրություն հրավիրեց հավատարմագրմանն առնչվող հարցերին՝ նկատելով.

«Սա անընդունելի է այն տեսակետից, որ ցանկացած պետական մարմին ունի իր առանձնահատկությունը, պետք է իրականացնի իր ուրույն հաղորդակցական քաղաքականությունը, և, համապատասխանաբար, կարող է ունենալ տարբեր կանոններ և պայմաններ հավատարմագրման համար»:

Ի դեպ, Բորիս Նավասարդյանի համար ընդունելի է օրենքի փոփոխություններով առաջարկվող լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությանը վերաբերող դրույթը, սակայն այս հարցում ևս ունի մտավախություններ.

«Գաղափարն ընդունելի է. մենք վաղուց էինք առաջարկում այն ներառել օրենսդրության մեջ, բայց կարևոր է, որպեսզի ճիշտ մեխանիզմներ կիրառվեն, և այն կարգավորումները, որը ենթադրում է օրենքը, չբերեն նրան, որ լրատվամիջոցները արհեստականորեն սկսեն ինչ-որ տեղեկություններ ներկայացնել իրենց ֆինանսավորման աղբյուրների, իրենց սեփականատիրոջ վերաբերյալ: Մենք գտնվում ենք բավականին սուր քաղաքական իրավիճակում, և կոնկրետ այս մեխանիզմը կիրառելու դեպքում՝ չեն բացառվում նաև քաղաքական ընտրողական մոտեցում և կողմնակալություն (այսինքն՝ խստություններ լինեն այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք ցանկալի չեն իշխանությունների համար, իսկ նրանք, որոնք լոյալ են, չենթարկվեն որևէ պատասխանատվության՝ անկախ նրանից՝ իրական տեղեկություններ կտրամադրե՞ն հանրությանը, թե՞ ոչ):

Սա այն թեման է, որին շատ նրբանկատորեն պետք է մոտենալ և սկզբից ապահովել այնպիսի կիրառման մեխանիզմներ, որոնք կբացառեն ընտրողական մոտեցումը, և հետո միայն մտածել, թե ինչպիսի պահանջներ պետք է դրվեն լրատվամիջոցների նկատմամբ՝ իրենց մասին տեղեկությունները հանրայնացնելու վերաբերյալ»:

Քանի որ ընդամենն օրեր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որը տեղական, միջազգային իրավապաշտպան և լրատվական կառույցները որակում էին հերթական հարվածը խոսքի ազատության իրավունքին՝ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հանձնաժողովում հավանության արժանացած հերթական նախագիծը դիտարկում է ազատ խոսքի ու լրատվամիջոցների դեմ հետևողական քաղաքականության շրջանակներում, արդյո՞ք իշխանությունների կողմից միտում է տեսնում՝ այս քայլերով սահմանափակել խոսքի ազատությունը:

Նա պատասխանեց. «Միանշանակ այդպիսի միտում կա. եթե վերջին ժամանակներում նախաձեռնած մի շարք օրենսդրական փոփոխությունները համադրենք այն որոշումների հետ, որոնք կապված են խորհրդարանում լրագրողների աշխատանքի հետ, միանշանակ, կարելի է խոսել այն մասին, որ իշխանությունները, այո, փորձում են սահմանափակել տեղեկություն ստանալու իրավունքները և խոսքի ազատությունը. Այստեղ, կարծում եմ, որևէ կասկած չի կարող լինել: Եվ դա պայմանավորված է նրանով, որ իշխանությունները ձգտում են առավել բարենպաստ տեղեկատվական միջավայր ձևավորել իրենց համար»:

Հիշեցնենք՝ համանման  մի նախագիծ շրջանառության մեջ էր դրվել նախկին իշխանությունների օրոք՝ 2014 թվականին: «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը («ֆեյքերի մասին» նախագիծ) քննարկելու համար ԱԺ պետաիրական հարցերով մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որից հետո եղավ նաև Արդարադատության նախարարության բացասական կարծիքը, և իշխանությունները հրաժարվեցին նախագծից:

Նկատենք՝ «Նոր Հայաստանում», որը «նորեկները» շտապեցին մկրտել «ժողովրդական բաստիոն» անունով, այսպիսի նախագծեր ընդունելիս նման լսումների ժամանակ հիմնականում չեն գտնում: Այս նախագիծը ևս բացառություն չէր. այսօր, օրինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն առաջարկեց քվեարկությունը հետաձգել ու նախագիծը քննարկել ԶԼՄ-ների հետ. Առաջարկը, սակայն, չեն ընդունել նախագծի հեղինակները:

Տեսանյութեր

Լրահոս