Հավանայի համախտանիշ է ի հայտ եկել Կոլումբիայում ԱՄՆ-ի դիվանագետների մոտ
Այսպես կոչված Հավանայի համախտանիշի դեպքեր են նշվել Կոլումբիայում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցների մոտ: Ինչպես գրում է The Wall Street Journal թերթը, Բոգոտայում սեպտեմբերի կեսերին տուժել են առնվազն հինգ ընտանիքի անդամներ, այդ թվում՝ երեխա:
Այդ մասին տեղեկատվությունը հայտնվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Կոլումբիա այցի նախօրյակին. Պետդեպարտամենտում ուսումնասիրում են ստացված տվյալները, գրում է The Wall Street Journal-ը:
Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հրատարակությանը հայտարարել է, որ Կոլումբիայում իրականացվում է համապատասխան հետաքննություն: Առաջին անգամ Հավանայի համախտանիշը ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների մոտ հայտնվել է 2016 թվականին Կուբայում: Այդ ժամանակվանից դրա ախտանշանները նշվել են տարբեր երկրներում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների առնվազն 200 դիվանագետների եւ աշխատակիցների մոտ:
Նրանք գանգատվել են ականջներում տհաճ աղմուկից, գլխացավից, գլխապտույտից, հոգնածությունից, ճնշման կտրուկ բարձրանալուց, եւ դա տեւել է ամիսներ: Եվս երկու նման դեպք գրանցվել է հենց ԱՄՆ-ում:
Այդ ախտանշանների հայտնվելու պատճառը մինչեւ այժմ չեն գտել, քննարկվում են անբացատրելի բնության ճառագայթումից մինչեւ հոգեկան երեւույթների վարկածները:
Անցած շաբաթ Հավանայի համախտանիշի դեպքերի մասին հայտնի է դարձել Բեռլինում ԱՄՆ-ի դեսպանությունում: Նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերին հրամանագիր է ստորագրել այդ հիվանդությունից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: