«Թող բոլորն իմանան, որ այդ ամենը մեզ համար անընդունելի է և որևէ ժամանակ մեզ համար ընդունելի չի լինելու». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի բնորոշմամբ, այն, ինչ տեղի ունեցավ Մարտակերտում հոկտեմբերի 9-ին, ոչ այլ ինչ էր, քան ահաբեկչություն։

«Այն ահաբեկչություն էր, ահաբեկչություն, նացիզմի դրսևորում, որովհետև մարդը պարզապես գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։ Նման քայլով Ադրբեջանը փաստորեն ցույց տվեց, որ սա է իր նպատակը՝ ոչնչացնել Արցախը, առավել ևս, որ այդ մարդը շրջապատված է եղել խաղաղապահներով։ Մեկ հարվածով նա դժբախտացրեց մեկ ընտանիքի և այդ մասին ոչ էլ մտածում է, քանի որ նացիզմը, այսպես ասած, կրոն է դարձել նրանց համար։ Հայության դեմ է այդ ատելությունը, և ցանկանում են հարվածել ռուս-հայկական եղբայրությանը, սա իրենց ոճի մեջ լրիվությամբ տեղավորվող քայլ է։ Մենք շատ լավ պետք է պատկերացնենք, թե ում հետ գործ ունենք, պետք է երբեք զգոնությունը չկորցնել, նաև պետք է բացառել որոշ դեմագոգների, քանի որ տեսնում եք, թե որոշ մարդիկ ինչպիսի հայտարարություններով են հանդես գալիս, կարծես թե սպասում են նման մի բան, որպեսզի հարված հասցնեն ռուս-հայկական եղբայրությանը՝ հասկանալով կամ չհասկանալով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ սահմանափակում չկա, սակայն մեկ բան հաստատ է, որ Արցախն այլևս չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը նկատեց՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ սա այն թեզն է, որը Արցախը միշտ պահպանել և առաջ է տանում։ Մենք չենք տեսնում որևէ հնարավորություն Ադրբեջանի կազմում լինելու համար, և դա երբեք չի լինելու, հակառակ դեպքում դա ճանապարհ է մի նոր կոտորածի՝ կա՛մ պատերազմի, կա՛մ էլ Արցախի հայաթափման։ Թող բոլորն իմանան, որ այդ ամենը մեզ համար անընդունելի է, և որևէ ժամանակ մեզ համար ընդունելի չի լինելու»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է օրերս Հադրութում Ալիևի հերթական հայտարարությանը, ըստ որի՝ իբր թե հայերն Իրանից են եկել Հադրութ, Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ առհասարակ Ալիևի հայտարարություններին պատմագիտորեն լուրջ չպետք է վերաբերվել։

«Իհարկե, այդ ամենը կեղծ է, մի մարդու երկիր, որն արհեստականորեն ստեղծվել է 1918 թվականին, որ ադրբեջանցի ազգ պաշտոնապես ի հայտ է եկել 1936 թվականին, չգիտենք, թե բնիկ ինչ ազգ են, բայց իրենք իրենց թուրք են համարում։ Սա պատմության հարց չէ, սա աշխարհաքաղաքականություն է, այսինքն՝ սա նշանակում է, որ իրենք այդպես են մտածում, որ Արցախն էլ հայկական չէ, որ հայերը մարդիկ չեն, որ նրանց պետք է ոչնչացնել։ Երևանն էլ են իրենք համարում իրենցը, իհարկե, մենք չպետք է կենտրոնանանք այդ ցնորամտության վրա, դա մեսիջ է։ Հիտլերը 20-ականներին խոսում էր հրեաների մասին, թե ինչ են անելու, մարդիկ մտածում էին, որ գիժ է։ Երբեք չպետք է իրականությունից կտրվենք, իրականությունից կտրվելը բերելու է կատաստրոֆայի՝ վերջնական»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի Մարտակերտ քաղաքում քաղաքացիական անձ էր զոհվել։ Քաղաքացին Մարտակերտի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց է եղել, երբ դիպուկահարը կրակել է նրա ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս