Բաժիններ՝

«1990-ական թվականներին այդ արխիվներն այրվել են». Ազգային արխիվի նախկին տնօրեն

Քաղաքացիները հաճախ են դժգոհում Ազգային արխիվում իրենց աշխատանքային տվյալների բացակայությունից, որի պատճառով խնդիրների առջև են կանգնում:

Օրինակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից մեկին կենսաթոշակ հատկացնելու համար հարցում է կատարել Ազգային արխիվ, և պարզվել է, որ աշխատավայրից, տվյալ դեպքում՝ պանրագործարանից 1983-88 թթ. հրամանագրքերը և 1983-93թթ. աշխատակիցների անձնական հաշիվները ՀՀ Ազգային արխիվ հանձնված չեն, հետևաբար՝ 1983թ. աշխատանքի ընդունման հրամանը հաստատել և 1992-93թթ. աշխատավարձի վերաբերյալ տեղեկանք տրամադրել չեն կարող:

Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանից փորձեցինք պարզել, թե ո՞րն է փաստաթղթերի «անհետանալու» պատճառը, ինչո՞ւ չեն հասել Ազգային արխիվ։ Ի պատասխան՝ նա ասաց, որ 1990-ական թվականների մութ ու ցուրտ տարիներին մարդիկ իրենց հետ գործարաններից տարել են:

«Մարդիկ կային, որ արխիվները տանում էին գործարաններից, տան վառարաններում վառում: Դա մասսայական էր, և արխիվը ոչինչ չէր կարող անել: Ազգային արխիվը մեկն էր, իսկ կազմակերպությունները՝ հազարավոր: Կազմակերպություններն իրենք չեն պահպանել: 1990-ական թվականներին սեփականաշնորհման, էներգետիկ ճգնաժամի պայմաններում այդ արխիվներն այրվել են»:

Մեր հարցին՝ եթե հիմա մարդիկ խնդրի առջև են կանգնում, հարցն ինչպե՞ս է հնարավոր լուծել, Ազգային արխիվի նախկին տնօրենը պատասխանեց, որ եթե հնարավոր չէ լուծել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ապա դատական կարգով հնարավոր է:

«Եթե աշխատանքային գրքույկը կա՝ խնդիր չի առաջանում, որովհետև Կենսաթոշակի մասին օրենքի համաձայն՝ գլխավոր փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իհարկե, եթե ջնջումներով չէ: Ազգային արխիվի համար խնդիր առաջանում է 1991 թվականից հետո, որովհետև անձը պետք է ապացուցի, որ ոչ միայն գրքույկում է գրված, որ աշխատել է, այլև աշխատավարձ է ստացել, որովհետև հազարավոր մարդիկ կան՝ գրքույկում գրված է այսպես, սակայն գործարանը չէր աշխատում, աշխատավարձ չէին ստանում, սոցվճարները արված չեն, կենսաթոշակային հիմնադրամին համապատասխան գումար չեն մուծել, այսինքն, տանը նստել է, իրականում չի աշխատել: Մինչև 1991թվականն աշխատած մարդու համար աշխատանքային գրքույկը բավական է, 1991 թվից հետո արդեն առաջանում է խնդիր՝ արդյո՞ք նա աշխատավարձ ստացել է, թե՞ ոչ»,- մանրամասնեց Ամատունի Վիրաբյանը:

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի՝ 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս