Կեղտոտ խաղ: Արդյոք ռազմական նախկին և ներկա ղեկավարության դեմ արշավը համաձայնեցվա՞ծ է Ալիևի հետ

Այն, որ արցախյան ազատամարտի հերոս, մասնակից լինելը չպետք է նախկինում կաշկանդեր և չպետք է կաշկանդի այսօր, վաղը, եթե այս կամ այն անձը իրավական պատասխանատվության ենթակա արարք է գործել, միանշանակ է: Այսինքն, միայն պաշտոնից ազատումով չպետք է գործն ավարտվի, եթե կատարվել է չարաշահում, որը հատկապես լուրջ հետևանքների է հանգեցրել:

2016թ. քառօրյայից հետո այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ պաշտոններից ազատվեցին Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։

Իսկ Փաշինյանի իշխանության օրոք ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը, ըստ էության, լուրջ չարաշահումներ չգտավ, և նույնիսկ հերքեցին իրենց իսկ նախկին որոշ պնդումներ՝ կապված սնունդ, վառելիք, փամփուշտ չլինելու հետ: Ավելին, Սերժ Սարգսյանի ազատածներին Նիկոլ Փաշինյանը վերադարձրեց ԶՈւ համակարգ:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը 2018-ի հունիսին «հրահանգեց» խուզարկություններ սկսել լուսահոգի գեներալ Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում, արդյունքում նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը»): Գրիգորյանին դե ֆակտո նաև մեղադրում էին բանակի կարիքների համար տուշոնկա «գողանալու» համար, բայց այդ «օպերացիայի» արդյունքում իրավական ոչ մի լուրջ բանի իշխանությունները չհասան, բացի այն, որ Մանվել Գրիգորյանին հասցրեցին մահվան:

Հետո սկսվեց Արցախի պատերազմի հերոսների վարկաբեկման արշավ, այդ թվում՝ «Մարտի 1»-ի գործի շրջանակում, և մեղադրանքներ առաջադրվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի նկատմամբ՝ Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու համար, բայց իշխանությունները դարձյալ իրավական որևէ հաջողության չհասան, որովհետև շարժիչ ուժը քաղաքական-անձնական վրեժխնդրությունն էր Նիկոլ Փաշինյան անձի, որից տուժում էր երկրի վարկանիշը, անվտանգությունը և սրտի հովանք ստանում Ադրբեջանի նախագահը:

Այս համատեքստում չմոռանանք, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց նաև ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, և նա հետ կանչվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, որը Հայաստանին հեշտ չէր տրվել:

Ի դեպ, վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել էր այս հարցին: 

Ըստ Ալիևի՝ անհասկանալի էր, եթե ոչ՝ զավեշտալի, պատերազմական շրջանում ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ին դիմելը, երբ պատերազմական գործողությունները կազմակերպության պատասխանատվության տակ գտնվող տարածքում չէին, երկրորդ՝ Փաշինյանը և իր թիմը որքան կարողացան, վարկաբեկեցին՝ մեղադրելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

«Համաշխարհային պրակտիկայում, ես կարծում եմ, նման բան չի եղել: Հետո Երևանը մեկ տարի խոչընդոտում էր ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի նշանակման գործընթացին՝ իրեն պահելով ոչ պարկեշտ»,- ասել է Ալիևը:

Փաշինյանը այսօր էլ շարունակում է այս տրամաբանության մեջ վարկաբեկել երկիրը, բանակը, զինված ուժերը:

Վերջերս ԱԱԾ-ն պարզել էր, որ խոշոր չարաշահումներ է թույլ տվել ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետ-վարչության պետ Ավետիք Մուրադյանը:

Նրա պաշտոնավարման օրոք և անմիջական մասնակցությամբ շուկայականից բարձր ինքնարժեքով գնվել են 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ, որոնք 2011-ին ռազմական գերատեսչությունը անորակ էր համարել:

Ավելի ուշ պարզվեց, որ դրանք գնվել են հենց 2018թ. վերջերին՝ հենց Փաշինյանի օրոք, և ԱԱԾ-ն պարզապես մոլորեցնում՝ մանիպուլյացիայի էր ենթարկում հասարակական կարծիքը:

Այս դեպքից օրեր անց կալանավորվեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն՝ ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով: Ավելի ուշ վերևում նշված անորակ հրթիռների գործով, որով անցնում է Ավետիք Մուրադյանը, կալանավորվեց նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Առաջին հայացքից թվում է՝ ամեն ինչ ճիշտ է, անվտանգային ոլորտում չարաշահում են թույլ տվել, պիտի օրենքի առաջ պատասխան տան: Այո՛, սա որևէ մեկը չի վիճարկում: Խնդիրն այն է, որ Փաշինյանի օրոք ռազմական ղեկավարությունը այս կամ այն հարցում մեղավոր է դառնում, երբ քաղաքական առումով հարմար է իրեն, այդ թվում՝ արտաքին քաղաքական:

Պարզաբանենք.

Առաջին. այս երկու գործերը, ըստ էության, տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի օրոք, և նա չէր կարող չիմանալ այդ մասին:

Երկրորդ. Ստեփան Գալստյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակվել 2009թ. հունվարին:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2019 թվականի հայտարարագրերում գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի անունով հայտարարագրված է՝ թվով 11, իսկ նրա կնոջ՝ Նատալյա Գեննադիևնա Գալստյանի անվամբ՝ թվով 20 անշարժ գույք: Դեռևս տարիներ առաջ «Հետքը» օդաչուներից մեկի հետ զրույցի արդյունքում գրել էր, որ «Ռիջ Էյրվեյս»-ը պատկանում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, սակայն գրանցված է նրա կնոջ՝ Նատալյայի անունով:

Ավելին, Գալստյանին պատկանող 2 հատ «Ան-12» և 2 հատ «Իլ-76» ինքնաթիռները թռիչքներ են կատարում Աֆրիկայում:

Արդյոք խմբագիր, լրագրող, պատգամավոր, հետո վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞ր այս ամենից: Տեղյակ էր, բնականաբար, բայց Ստեփան Գալստյանի «ծառայությունները» նրան պետք են եկել, ում մի որոշ ժամանակ անգամ պաշտպանության նախարարի պաշտոնակատար կարգեցին: Ստեփան Գալստյանն էլ թեպետ ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ՀՀ ԶՈւ պահանջի տակ, երբ ԳՇ պետը Օնիկ Գասպարյանն էր, սակայն դա չխանգարեց նրան Օնիկ Գասպարյանի ազատվելու օրերին, ԳՇ-ում դիմավորել Նիկոլ Փաշինյանին` հոտընկայս և խրոխտ զեկուցելով: Գուցե պատճառն այն էր, որ «իրավունքի ուժով» ԳՇ պետ էր դառնալու մտերիմ ընկերը՝ Արտակ Դավթյանը:

Երրորդ. 2019-ի սեպտեմբերին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, երբ մամուլում լուրեր են շրջանառվում իր հնարավոր պաշտոնանկության մասին, դեռ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին, ասել էր.

«Չեն կարող լինել տարաձայնություններ, ամեն ինչ շատ սինխրոնիզացված և որպես կառավարության անդամ՝ աշխատանք է ծավալվում»:

Այս ներդաշնակ համագործակցությունը կարելի՞ է տարածել նաև սպառազինության գնումների, որոշումների վրա: Բնականաբա՛ր: Այլ կերպ չէր կարող լինել, և գուցե մի օր այս մասին նաև Դավիթ Տոնոյանը խոսի: Իսկ մենք հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո, երբ պաշտոնից ազատվեց Տոնոյանը, իր ուղերձում նա նշել էր.

«Պաշտպանության նախարարությունում և գործադիր իշխանությունում տասնամյակների ծառայությունից հետո այսօր դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը պետական համակարգում: Անկեղծորեն կարծում եմ, որ այն բոլոր գաղափարները, որ կյանքի են կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ծառայակից ընկերներիս ազնիվ ու նվիրված աշխատանքի արդյունքում, համեստ ներդրում ունեն մեր երկրի պաշտպանական համակարգի զարգացման ու կատարելագործման գործում: Բայց իմ գործունեության որևէ ամփոփում տեղին չէ այսօր, որովհետև ակամայից այդ ամփոփումը դարձավ Արցախյան երկրորդ պատերազմը: Բավարարվա՞ծ եմ պատերազմի ընթացքում և դրա նախապատրաստական փուլում իմ աշխատանքից: Կարծում եմ՝ որոշ հայեցակարգային ուղղություններ վերանայման կարիք ունեն, որ չհասցրի իրագործել, և այս առումով ես պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը:

Բայց հավաստիացնում եմ, որ Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ամբողջ անձնակազմն առաջնորդվել է հայրենիքի առաջ պատասխանատվության, հանուն հաղթանակի ոչինչ չխնայելու սկզբունքով՝ միշտ անելով առավել, քան պահանջում է ծառայողական ու աշխատանքային պարտքը: Ես առանձնահատուկ շնորհակալության ու մեծարանքի խոսքեր եմ ուզում ուղղել այդ մարդկանց: Մենք միասին անդուլ, հաճախ 24-ժամյա աշխատանքային օրեր ենք անցկացրել ու ոչ միայն այս պատերազմի ժամանակ: Եվ ինձ համար պատիվ եմ համարում, որ հնարավորություն ունեցա երկար տարիներ մի մասնիկը լինելու ֆանատիկ այս թիմի, որը դեռ երկար է ծառայելու հայրենիքին: Համոզմունքս նույնն է՝ Հայոց բանակը ուժեղ է և հզորանալու է ավելի: Այս պահին պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է, քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով խուսափելու բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված: Նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաև 2018 թվականի գարնանը: Բայց ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ:

Խոնարհվում եմ մեր զոհված ընկերների հիշատակի ու նրանց հարազատների առաջ և կուզեի ներողություն խնդրել նաև այն մարդկանցից, ում տածած հույսերը չհաջողվեց ամբողջովին արդարացնել: Բայց ես իմ ծառայությունը ժողովրդին ավարտված չեմ համարում»:

Մի՞թե սա խոսում է Փաշինյան-Տոնոյան լարված հարաբերությունների մասին, որը չսրելու համար Տոնոյանը հեռացավ պաշտոնից, հատկապես, երբ մամուլը գրեց, որ պատերազմից հետո Դավիթ Տոնոյանին պաշտոնանկ անելու որոշումը հասունացել էր դեռևս պատերազմի կեսերին, բայց՝ բոլորովին այլ պատճառներով։ Մասնավորապես, իբր պատերազմի ամենաթեժ պահին զենքի մատակարարման դադարեցումը մեր ռազմավարական գործընկերոջ կողմից ծանր հարված է եղել, և միայն Դավիթ Տոնոյանի անձնական ջանքերի շնորհիվ են վերականգնվել այդ հարաբերությունները։ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել իր պաշտոնակից Շոյգույի հետ, և զենք-զինամթերքի մատակարարումը վերսկսվել է։

Սրանից հետո ռուսական մամուլում հրապարակումներ եղան, որ եթե Փաշինյանը կատարի ՌԴ իշխանությունների պահանջը՝ հրաժարական տա և իշխանությունը փոխանցի Տոնոյանին, պատերազմը կդադարեցվի։ Այդ հրապարակումներից հետո Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին սկսել էր դիտել որպես լուրջ մրցակից և թիմին հրահանգել էր թիրախավորել նրան, ինչը Անդրանիկ Քոչարյանը հաճույքով անում էր, իհարկե, նաև անձնական խնդիրներից ելնելով:

Չմոռանանք նաև, որ «Մեդիամաքսին»տված հարցազրույցում ասել էր, որ իր հետ համաձայնեցված են եղել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի առաջարկները և դիտարկումները:

Թե ինչ կա թաքնված Դավիթ Տոնոյանին կալանավորելու՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգի տակ, ի՞նչ խաղ է, ժամանակը ցույց կտա:

Մի բան պարզ է՝ այստեղ քաղաքական խաղի պահ կա կամ պահի թելադրանքով բեմադրված խաղ, այդ թվում՝ արտաքին դաշտում Նիկոլ Փաշինյանի ինչ-ինչ պայմանավորվածություններից և գործողություններից շեղելու նպատակով՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի տրամաբանության մեջ:

Նման եզրահանգման է ստիպում հանգել նաև այն, որ Տոնոյանին լուրջ չարաշահումների մեջ մեղադրող Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը տեղեկություն է հրապարակել Դավիթ Տոնոյանի ունեցվածքի մասին, որի համաձայն՝ նախկին նախարարը Նոր Նորք թաղամասում ունի 2019 թվականին ձեռք բերված բնակարան: Որպես շարժական գույք՝ 2003 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որը Տոնոյանը ձեռք է բերել 2004 թվականին:

Արժեթղթեր, փոխառություններ, հանձնված ավանդներ, 8 միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք Դավիթ Տոնոյանը չի հայտարարագրել:

Մյուս կողմից, ադրբեջանական կողմը սեփական լրատվամիջոցների միջոցով Նիկոլ Փաշինյանին հորդորում է Դավիթ Տոնոյանին ճանաչել որպես «ռազմական հանցագործ»: Ականջալուր կլինի՞ Փաշինյանը Ադրբեջանի հորդորին այս անգամ ևս, թերևս, պարզ կդառնա ոչ հեռու անցյալում, ինչպես նաև այն, թե որքանով են Տոնոյանն ու Փաշինյանը գործում առանձին կամ սինխրոն:

Մի բան անվիճելի է՝ այս ամենից տուժում է երկրի, բանակի վարկը, ինչն ամեն պատեհ առիթի օգտագործում է Ալիևը: Սա՝ այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարը պատերազմի օրերին ելնելով երկրի շահից՝ բանտից գեներալ է ազատում և հերոսացնում՝ Աֆղան Նագիևին: 

Բացի վերը նշվածից, ինչ արեցինք մենք. տևական ճգնաժամ ստեղծեցինք Գլխավոր շտաբի (ԳՇ)՝ շուրջ այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նիկոլ Փաշինյանը անձնական վրեժխնդրությունից ելնելով՝ հասավ ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանի ազատմանը, որին պատերազմի ընթացքում վստահել էր: Այն դեպքում, երբ Գասպարյանը և զինվորականները, հաշվի առնելով նաև պատերազմական վիճակը, Փաշինյանին չէին մեկուսացրել: Թե որքանո՞վ էին գեներալները ճիշտ կամ սխալ, տվյալ դեպքում խնդրո առարկան դա չէ, այլ այն, որ մինչ հարևան երկրները մեր քթի տակ զորավարժություններ են անում, մենք ռազմական նախկին և ներկա ղեկավարություն ենք բռնում, մինչ Ադրբեջանը թուրքական մոդելի հզոր բանակի հիմքերն էր գցում, մենք ԳՇ պետ էինք ազատում և պարալիզացնում համակարգը: Մինչդեռ պատերազմը չի ավարտվել, իսկ երկրի մասին դատել և դատում են պատերազմի արդյունքով: Պատերազմում է պետությունը: Այն, որ գեներալները պիտի սկսեն խոսել՝ ակնհայտ է: Բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է:

Տեսանյութեր

Լրահոս