Բաժիններ՝

2022 թվականի պետական բյուջեն իրատեսական չէ. Տնտեսագետները հավանության չեն արժանացնում գործադիրում հավանության արժանացած նախագիծը

Կառավարությունն իր հերթական նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է ՝ եկամուտների գծով` 2,005.4 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 2,188.4 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 242.2 մլրդ դրամ, Հայաստանի Հանրապետության համայնքների 2022 թվականի բյուջեները գնահատվում են՝ եկամուտների գծով՝ 183.0 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 183.0 մլրդ դրամ, կապիտալ ծախսերի հանրագումարը կկազմի մոտ 350 միլիարդ դրամ:

Կառավարությունում հավանության արժանացած այս նախագիծը, սակայն, հավանության չի արժանացել մասնագիտական շրջանակներում:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը տարակուսորեն է վերաբերվում նախագծում տեղ գտած թիրախային ցուցանիշներին.

«Նման կառավարմամբ գնաճը խեղդելու է այս հասարակությանը, և այս ամենի պարագայում 7 տոկոս աճի մասին խոսելն անհասկանալի է: Եվ հետո՝ նախորդ 3.5 տարիներին խոստացածներից ի՞նչն է իրականացել: Երկիրը գտնվում է սարսափելի վիճակում. այս անվտանգային խնդիրների պայմաններում մտածել, թե իբրև թե 1000-2000 դրամով կբարձրանա քո բարեկեցությունը, դրանից ոչինչ չի փոխվելու: Իսկ ընդհանուր առմամբ, ես չեմ վստահում այդ թվերին. մի կորոնավիրուս, մի պատերազմ, մի բան կծագի, կասեն՝ էս էր պատճառը, որ չեղավ նախանշածը»:

Վարդան Բոստանջյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից նիստում առանձնացված սոցիալական ծրագրերին՝ նկատելով, որ, թեև առաջին հայացքից դրանք դրական են ընկալվում, բայց լրացուցիչ բեռ են ենթադրում պետական բյուջեի համար, ինչը հետպատերազմական և համավարակային իրավիճակում անտրամաբանական է.

«Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ և, առաջին հերթին՝ անվտանգության խնդիրներ, այս խնդիրները ենթադրում ու պահանջում են հսկայական ծավալի ֆինանսական միջոցներ: Այդ անվտանգության խնդիրները թողել են մի կողմի վրա և նորից ուզում են մարդկանց ապակողմնորոշել սոցիալական ծախսերի մեծացմամբ»:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, անդրադառնալով Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի այն դիտարկմանը, թե բյուջեի նախագիծը ձևավորվել է Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրի առաջնահերթությունների շուրջ, հիշեցրեց՝ կառավարության հնգամյա ծրագիրն ընդգրկում էր նաև 2021 թվականը և ըստ ծրագրի՝ տնտեսական աճը պլանավորվում էր նվազագույնը 7 տոկոս, բարենպաստ պայմանների դեպքում՝ 9 տոկոս, մինչդեռ այս տարվա տնտեսական աճը 6.5 տոկոսի շրջանակներում է:

«Այսինքն՝ իրենք առաջին տարվա՝ 2021 թվականի իրենց տնտեսական պլանը չեն կատարել»,- ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով բյուջեի ծախսային հատվածին՝ նա նկատեց՝ ցուցանիշները հավակնոտ, բայց ոչ իրատեսական են. «Նախորդ տարվա համեմատ՝ նախատեսվում է 18.2 տոկոս աճ, ինչը բավականին հավակնոտ է: Պետք է հասկանալ՝ գործող կառավարությունը նման ծախսային պլան դնելու համար հիմքեր ունի՞ , թե՞ ոչ, իսկ դրա համար պետք է նայել վերջին տարիներին պետական բյուջեի կատարողականները: Նկատենք՝ 2021 թվականի առաջին կիսամյակում գործող կառավարությունը ձախողել է ընդհանուր պետական բյուջեի ծախսերի 13.4 տոկոսը, ընթացիկ ծախսերը 10.2 տոկոսով են ձախողել, իսկ կապիտալ ծախսերը՝ 35.7 տոկոսով: Այսինքն՝ այս տարվա 6 ամիսների ընթացքում գործող կառավարությունը չի կարողացել իր կողմից հաստատված բյուջեն կատարել այդ ցուցանիշներով, մինչդեռ այժմ իրենք բերել են պետական բյուջե, որն այս տարվա նկատմամբ 18.2 տոկոսով էլ դեռ ավել է:

Հարց է առաջանում՝ եթե դու չես կարողանում համեմատաբար փոքր ծախսը կատարել, ինչո՞ւ ես վերցնում նշաձող՝ ավելի բարձր ծախսային պետական բյուջե»:

Ըստ Սուրեն Պարսյանի՝ խնդրահարույց է նաև բյուջեի եկամտային հատվածը, որը ենթադրում է հարկային բեռի ավելացում. «Ինչու են իրենք նախատեսել եկամուտների աճ. իրենք, օրինակ, 2022 թվականին պլանավորել են դեֆիցիտը նվազեցնել 29 տոկոսով: Ինչու են դա անում՝ քանի որ այս տարվա ընթացքում նրանք բավականին արագ տեմպերով ավելացրել են պետական պարտքը՝ 8 ամիսների ընթացքում շուրջ 1 միլիարդ դոլարով, այժմ պետք է փորձեն զսպել պետական պարտքի աճը: Եվ, ըստ էության, պակասորդը նվազեցրել են՝ դրա փոխարեն ավելացնելով հարկային եկամուտները՝ ի հաշիվ բիզնեսի վրա լրացուցիչ հարկային բեռի է լինելու»:

«2022 թվականի պետական բյուջեն իրատեսական չէ՝ հաշվի առնելով վերջին տարիների դինամիկան և առկա ռիսկերը»,- եզրափակեց տնտեսագետը:

Հիշեցնենք՝ Կառավարության նիստում հարցը զեկուցող Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց՝ բյուջեի նախագիծը ձևավորվել է Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրի առաջնահերթությունների շուրջ և ներկայացնում է այն հիմնական ֆինանսական պլանը, որը պետք է երաշխավորի կառավարության ծրագրի իրագործման ուղղությամբ 2022 թվականին նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը. «Կառավարության գործունեության ծրագիրը թիրախավորել է երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն 7 տոկոս տարեկան, հետևաբար՝ բյուջեի նախագծով նախատեսվող տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական և սոցիալական նշանակության միջոցառումներն ընտրվել են այնպես, որ հանրային ֆինանսական ռեսուրսների մասով առկա սահմանափակումների պայմաններում լավագույն միջավայր ստեղծեն 2022 թ. և հետագա տարիներին նշված տնտեսական թիրախին հասնելու համար:

Կառավարության ծրագիրը կարևորել է պետության ֆինանսական կարողությունների ավելացումը և դրա հետ կապված հարկային եկամուտների զգալի ավելացման քաղաքականությունը: 2022 թ. պետական բյուջով սահմանված հարկային եկամուտների նպատակադրումը դրա արտացոլումն է: Նախատեսվում է, որ տարվա ընթացքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է բարելավվի շուրջ 0.9 տոկոսային կետով և 2022 թվականի ավարտին հասնի ՀՆԱ 23.4 տոկոսին: Բյուջեի ծրագիրն ուղղակիորեն արտացոլում է մակրոտնտեսական կայունության և դրա հետ կապված՝ պետական պարտքը կառավարելի մակարդակի երաշխավորելու առաջնահերթությունը: Նախատեսվում է, որ տարվա ընթացքում ծրագրվող ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման կարևոր նշանակության այլ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար փոխառությունների ներգրավման արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի մոտ 3.3 տոկոսը, իսկ պետական պարտքը՝ տարեվերջին ՀՆԱ 60.2 տոկոսը»:

Ի լրումն՝ Նիկոլ Փաշինյանը մի քանի ծրագրեր մատնանշեց, որոնք, ըստ նրա, նշանային նշանակություն ունեն բյուջեի համար. «Ուզում եմ հատկապես կարևորել ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու ծրագիրը, որը պիտի մեկնարկի 2022 թվականի հունվարի 1-ից: Այսինքն՝ 2022 թվականի հունվարի 1-ից ներառյալ՝ ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ նոր ծնվող երեխան ընտանիքում կստանա կառավարության աջակցությունը մինչև վեց տարեկանը՝ ամսական 50 հազար դրամի չափով: Հաջորդ ուղղությունը՝ մենք այս տարի մեկնարկել ենք, և հույս ունեմ, որ 2022 թվականին ծավալները կլինեն արդեն կարգով՝ ավելի դպրոցների և մանկապարտեզների շինարարության, հիմնանորոգման կամ վերակառուցման ծրագրի մասին է, և ես ուզում եմ պայմանավորվենք, որ երբ մենք ընդհանրապես խոսում ենք որևէ կրթական հաստատության ստեղծման, կառուցման մասին, պետք է նկատի ունենանք ոչ միայն շենք-շինությունը, այլև բովանդակությունը: Ենթակառուցվածքների զարգացման առումով պետք է ընդգծեմ ջրամբարաշինության մեկնարկը և, իհարկե, պիտի կարևորեմ Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Ագարակ հատվածի շինարարության մեկնարկը»: Ինչպես պատերազմից հետո պարբերաբար, այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանն իր խոսքն ամփոփեց տարածաշրջանում խաղաղության էջ բացելու գեղեցիկ տեսլականով:

«Կառավարությունն ամենևին էլ չի ուզում շրջանցել այն մարտահրավերները, որոնք առկա են, ընդհակառակը՝ մեր տրամադրվածությունն է՝ առերեսվել այդ մարտահրավերներին, զբաղվել այդ մարտահրավերների լուծմամբ՝ որպես նպատակ ունենալով Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ 168.amանդրադարձել էր 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հարցերին։

ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում նշել էր, որ հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են համավարակի և 44-օրյա պատերազմի բացասական տնտեսական հետևանքները, արձանագրվել է պետական բյուջեի ծախսերի աճ՝ պայմանավորված կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված հակաճգնաժամային միջոցառումների և 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերի իրականացմամբ:

Պետական բյուջեի ծախսերը կազմել են 866.4 մլրդ դրամ: Պետական բյուջեի պակասուրդը 75.5 մլրդ է: Կապիտալ ծախսերի ճշտված ծրագրի կատարողականը կազմել է 64.3%: ՀՀ պետական պարտքը նախորդ տարեվերջի համեմատ աճել է 229.2 մլրդ դրամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս